Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք կհանդուրժեի՞ք նման ուսուցիչների»

Նոյեմբեր 20,2010 00:00

Պատասխանում է թիվ 30 դպրոցի տնօրինությունը

«Առավոտի» նոյեմբերի 3-ին տպագրված «Կադրային ջարդ թիվ 30 դպրոցում» հոդվածում նշել էինք, որ հունիսի կեսերից դպրոցում տնօրենի պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանը այս ուսումնական տարվա սկզբին հեռացրել է շուրջ մեկ տասնյակ ուսուցիչների՝ պատճառաբանելով, թե նրանք չունեն բավարար կրթություն: Հավելել էինք, որ ներկայումս Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում ուսուցիչների (դատավոր՝ Արամյան) հայցը՝ ընդդեմ թիվ 30 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Դոնարա Աղաջանյանի: Մանկավարժներ Անահիտ Ռոստոմյանի, Հրանուշ Մանուկյանի եւ փոխտնօրեն Էլզա Բոլյանի շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Արշակ Թովմասյանը: Հոդվածից հետո ստացվել է թիվ 30 դպրոցի պատասխանը: «2010-2011 ուստարում թիվ 30 դպրոցը դարձել է ավագ դպրոց, փոխվել է դպրոցի ռազմավարությունը: Աշխատանքից ազատվել է երեք ուսուցիչ, որոնցից մեկն ավարտել է Ն. Օստրովսկու անվան ուսումնարանը, մյուսը՝ Պոլիտեխնիկ ինստիտուտը՝ ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորմամբ, իսկ երրորդը, մի քանի տարի նույն դասարանում դասավանդելով հայոց լեզու եւ գրականություն, 9-րդ դասարանում, ըստ ԳԹԿ-ի տվյալների, ապահովել է ընդամենը 0% որակ եւ 0% առաջադիմություն: Դուք կհանդուրժեի՞ք ուսուցիչների, որոնք ոտնահարում են աշակերտների ոչ միայն իրավունքները, այլեւ արժանապատվությունը, ուսուցիչների, որոնք տարիներ շարունակ «աշխատելով» դպրոցում, զուրկ են երեխայի հոգեբանությունը հասկանալու ունակությունից, մանկավարժական տարրական գիտելիքներից, անտեղյակ ծնող-ուսուցիչ հարաբերություններից (այդ մասին են վկայում ծնողների դիմում-բողոքները եւ բացատրագրերը, որտեղ կարելի է հանդիպել սարսուռազդու, տհաճ պատմությունների):
Վերոհիշյալ «ուսուցիչները» չեն տիրապետում անգամ մատենավարության տարրական կանոններին: Նրանց դասավանդած առարկայի էջերում աչքի են զարնում բազմաթիվ ջնջումներ, գնահատականների կեղծումներ, որոնց արդյունքում «1»-երը դարձել են «8»-եր, «4»-երը՝ «9»-եր, իսկ ավարտական քննությունների հայոց լեզու եւ գրակություն, ռուսաց լեզու առարկաների թեստերում, չգիտես ինչու, աշակերտների մի խումբ գնահատվել է 3-4 միավորով պակաս, քան իրականում առկա է գրավոր աշխատանքներում: Եվ, վերջապես, ի՞նչ խղճով մանկավարժներ կոչես այն ուսուցիչներին կամ ուսումնական գծով փոխտնօրենին, եթե նրանք ծնողին խորհուրդ են տալիս. «Դպրոց մի բեր տղայիդ, նա անկարգ է, մենք խոստանում ենք վերջում (տարիներ հետո) վկայականը տալ» (հիմք՝ ծնողի դիմում-բացատրագիրը): Կամ ի՞նչ արժանապատվություն կարող է ունենալ ուսուցիչը դպրոցում, եթե նրա դասավանդած դասարաններում (որտեղ դասավանդում է 3-4 տարի), ԳԹԿ-ի կողմից տրված արտաքին ընթացիկ գնահատման գրավոր աշխատանքներից ոչ մի առարկայից ոչ մի աշակերտ դրական գնահատական չի ստացել: Կամ ի՞նչ էր զգում փոխտնօրեն՝ ինքն իրեն մաթեմատիկայի ուսուցչուհի կարգած Էլզա Բոլյանը (ավարտել է Պոլիտեխնիկ ինստիտուտի էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ ֆակուլտետը՝ ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորմամբ), երբ աչք էր փակում մատենավարության կոպիտ խախտումների (դիտողությունները չէր գրանցում), արհեստականորեն բարձրացված կամ իջեցված գնահատականների վրա, եւ այդքանից հետո ուստարվա վերջում հաշվետվություն էր ներկայացնում կրթության վարչություն՝ որակ՝ 0%, առաջադիմություն՝ 100% (հիմք՝ Էլզա Բոլյանի որպես ուսմասվարի հաշվետվությունը)»,- ասված է դպրոցի տնօրինության՝ «Առավոտին» ուղարկած պատասխանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել