Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ՀԻՆԳ ՈՒՍՈՒՑԻՉ ԷԼ ԴԺԳՈՀ ՄՆԱ»

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Կրթության ազգային ինստիտուտը ա՞յս սկզբունքով է աշխատում

Դասագրքերի եւ օժանդակ ձեռնարկների մասին դժգոհությունները երբեք չեն դադարում: Դրա պատճառներից մեկն այն է, որ գրքերի մեծամասնությունը գրված է խրթին լեզվով, հաճախ դրանք զուրկ են տրամաբանությունից, չեն համապատասխանում դպրոցական ծրագրին, քանի որ դասագրքերն ընտրվում են «մաֆիայի» սկզբունքներով: Մշտապես մասնագետների նույն խումբն է գրում դասագիրքը, մրցույթին մասնակցում է հիմնականում միայն մեկ հեղինակային խումբ:
Ներկայումս ծնողական եւ ուսուցչական դժգոհության թիրախ է դարձել 5-6-րդ դասարանների համար նախատեսված՝ Ռիտա Խաչատրյանի 90-ականներից գործածվող «Մաթեմատիկայի ստուգողական աշխատանքների եւ թեստերի ժողովածուն»: «Առավոտը» պարբերաբար այս ձեռնարկի մասին դժգոհություններ է ստանում դպրոցների ուսուցիչներից ու ծնողներից: Մանկավարժների դժգոհությունները համընկնում են այն հարցում, որ այստեղ ընդգրկված են մատուցված նյութից դուրս առաջադրանքներ: Ներկայումս ՀՀ դպրոցների 5-6-րդ դասարաններում շրջանառության մեջ է դրված Բ. Նահապետյանի, Ա. Աբրահամյանի «Մաթեմատիկա» դասագիրքը: Օրինակ՝ ստուգողական աշխատանքների նշված ձեռնարկի 127-րդ էջում կա մի առաջադրանք, որտեղ աշակերտից պահանջվում է «ուղղի նկատմամբ կառուցել համաչափության կենտրոնը»: Ըստ ուսուցիչների՝ սա շփոթության մեջ է գցում երեխաներին, քանի որ դասագրքում նմանատիպ խնդիրների օրինակներ չկան, ուստի ուսուցիչը ստիպված է լրացուցիչ բացատրել այդ օրինակը աշակերտներին: Այսպիսի ծրագրային անհամապատասխանությունների պատճառով ծնողներն էլ են կրակն ընկնում:
«Առավոտի» հետ զրույցում թիվ 156 դպրոցի ծնող Նարինե Հակոբյանն ասաց, որ իրենց մաթեմատիկայի ուսուցիչներն այս դեպքերում աշակերտների «բերանով» ծնողներին հասկացնել են տալիս, թե պիտի իրենց մոտ մասնավոր պարապեն, որպեսզի ծրագրից դուրս առաջադրանքները հասկանան, ստուգողական աշխատանքների ժամանակ բարձր միավորներ ստանան: Ըստ ուսուցիչների՝ դասագրքում ընդգրկված չեն նաեւ հավանականությանը վերաբերող մի շարք խճճված խնդիրներ, որոնք կան Ռ. Խաչատրյանի ժողովածուում:
Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի մաթեմատիկայի մասնագետ Ռիտա Խաչատրյանը «Առավոտին» պարզաբանեց. «Սա օժանդակ ձեռնարկ է, որի նպատակն է ուսուցիչներին աջակցել: Ըստ չափորոշչի եւ ծրագրի, ձեռնարկի ստեղծման դեպքում դասագրքի հետ բացարձակ համապատասխանություն սկզբունքորեն չի դրվել: Բայց ես հնարավորինս փորձել եմ պահպանել համապատասխանությունը: Խնդիր է առաջացել այն պատճառով, որ փոխվել են որոշ պահանջներ: Օրինակ՝ այժմ ստուգողական բառը փոխարինվել է կիսամյակային գրավոր աշխատանքով, կրճատվել է նաեւ գրավորների քանակը: Մյուս կողմից էլ, նախընտրելի է, որ միջին դասարաններում հնարավորինս շատ գրավոր աշխատանքներ հանձնարարվեն աշակերտներին»: Դառնալով խնդրահարույց օրինակներին՝ տիկին Խաչատրյանը նշեց. «Կարող են լինել այդպիսի ինքնատիպ, տրամաբանական քայլերով առաջադրանքներ, որոնք սովորաբար գրավոր աշխատանքներում 5-րդ կետի տակ են դրվում եւ պարտադիր չէ, որ բոլոր աշակերտները դրանք լուծեն»: Մեր այն դիտարկմանը՝ ուսուցիչների դժգոհությունների պատճառն այն է, որ նման ձեռնարկներ կազմելիս իրենց կարծիքը հաշվի չի՞ առնվում, Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Թող տասը ուսուցիչ էլ դժգոհ լինի, չէ՞ որ ունենք եւս հինգ հազարը: Մյուս կողմից էլ, եթե ուսուցիչները մեզ դրական աշխատանք են ներկայացնում, ընդունում ենք, մրցակցային դաշտն ազատ է: Ընդհանրապես մեր ժողովուրդը սկսել է ամեն ինչին կասկածել, չգիտեմ ինչն է պատճառը: Ես չեմ կարող հինգ հոգու կարծիքը հիմք ընդունել, եթե հազարավոր ուսուցիչներ գոհ են, ի վերջո՝ ուսուցիչները կարող են իրենք կազմել առաջադրանքներ, եթե դժգոհ են ձեռնարկից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել