Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՍԻԱՆԸ ԴԵՌ ՔԱՐՈՒՔԱՆԴ Է

Նոյեմբեր 20,2010 00:00

Մինչ քաղաքապետարանն ու «Հայջրմուղկոյուղին» վիճում են, սիսիանցուն սպառնում է քարուքանդ փողոցներով ու բակերով, կասկածելի որակի խմելու
ջրով Ամանոր դիմավորելու հեռանկարը:

\"\"
Սիսիանի ջրամատակարարները վստահ են,
որ այսպիսի մայթերում հետիոտնին խանգարող ոչինչ չկա:

Այս տարվա հուլիսի 2-ին «Սիսիանը՝ հնից եկող խնդիրներով» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ քաղաքի ճանապարհները քարուքանդ են՝ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հարավային մասնաճյուղը «Ասիական զարգացման բանկի» 305 միլիոն դրամով քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցն է նորոգում, սակայն գործը շատ դանդաղ է առաջ գնում: Սիսիանցիները դժգոհում են մի շարք պատճառներով: Նրանց խոսքով, Սիսիանը մինչ այսօր խմելու ջրի որակից որեւէ դժգոհություն չի ունեցել, իսկ այսուհետեւ ստիպված են լինելու ջուր խմել կոյուղու համար նախատեսված ոչ սննդային խողովակներից: Նրանց պնդմամբ, սեւ գույնի խողովակները իշխանավորներից մեկի բիզնեսն է (նշվում է ԱԺ նախագահի անունը- Լ.Խ.) եւ որոշել են դրանք «սաղացնել» սիսիանցիների վրա: «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանը «Առավոտի» հետ զրույցում բնակիչների այս մտահոգությունը կենցաղային համարեց եւ վստահեցրեց. «Շինարարները մրցույթով են խողովակները գնել եւ ստանդարտներով, լիցենզիաներով հիմնավորված է, որ դրանք պիտանի են խմելու ջրի մատակարարման համար»: Չնայած պատկան մարմինների վստահեցումներին՝ մեր այցելության ժամանակ բնակիչները պնդում էին, որ նոր խողովակներից օգտվելուց հետո մարդկանց թունավորման դեպքեր են եղել: Սիսիանցիները ասում են, որ նոր խողովակներից եկած ջուրը երկար ժամանակ պղտոր է լինում, լվացքաջրի նման եւ ստիպված են լինում ժամերով թողնել, որ հոսի, հետո նոր խմել: Քաղաքի Աղայան փողոցի 2-րդ տան բնակիչ Սամվելը նշեց. «Առնվազն 10-15 րոպե պիտի բաց թողնես, որ կարողանաս խմել»: Զարմանալի է, բայց «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղը նման ահազանգ եւս չի ստացել: «Այդպիսի բան չի կարող լինել, որովհետեւ խողովակաշարն ախտահանում ենք, հետո նոր միացնում»,- հավաստեց Ջիվան Մարգարյանը:
Սիսիանցիների համար այսօր լուրջ խնդիր է աշխատանք չունենալը, քաղաքում չկա որեւէ գործարան, եւ շատ սիսիանցիներ հող մշակելով են օրվա հաց վաստակում: Գործազուրկ սիսիանցիներն այժմ ավելի շատ են սկսել մտածել Սիսիանը լքելու մասին, որովհետեւ այսուհետեւ հողագործությամբ զբաղվելն էլ թանկ հաճույք կլինի: Քաղաքում ոռոգման ջուր չի եղել ու չի էլ լինելու, բնակիչներն իրենց փոքր հողակտորները տարիներ շարունակ ոռոգել են խմելու ջրով, իսկ նոր խողովակները, բնակիչների խոսքով՝ չափազանց բարակ են, դրանցով եկած ջրից բույսը կամ ծառը դժվար թե հագենա: «Սիսիան քաղաքը երբեք ջրի կարիք չի ունեցել, Գորիսին, ուրիշ քաղաքներին էր ջուր տալիս: Ջուրն էնքան շատ էր, որ աշնանը պակասեցնում էին, որ մագիստրալը դիմանա, չպայթի: Սիսիանում ամոթ էլ էր, որ ջրաչափ դնեին, կարող էին վարձը մի քիչ ավելացնել: Հիմա բերել, արկղի մեջ ջրաչափ են դրել, կողպեքն էլ վրան, որ բնակիչն իրավունք չունենա բացի եւ տեսնի, թե ինչքան է ծախսել»,- դժգոհեց 52-ամյա սիսիանցի Ռազմիկ Թարվերդյանը: 75-ամյա Միքայելը ջրաչափեր տեղադրելը հանցագործություն է համարում. «Մեր չօգտագործած ջուրը թափվում է Որոտանը, գնում-հասնում թուրքերին, փաստորեն թուրքերին ավելի շատ օգուտ են տալիս, քան մեզ»: Սիսիանցի Սուրիկն էլ նկատեց. «Կասպից ծովի ջուրը պակասում է, Շաքիի ջուրը պիտի հասնի այնտեղ, որ կարողանան Կասպից ծովի ջուրը բավարարեն»: Տարիներ առաջ քաղաքի ջրային ցանցում աշխատած 87-ամյա Մինաս պապն էլ է վստահ՝ նոր խողովակները խմելու ջրի համար չեն: Նրան, ինչպես նաեւ շատ սիսիանցիների, զայրացրել է այն, որ ստիպված են սեփական ուժերով քանդել տնից մինչեւ դիտահոր ընկած 20-30 մետր տարածությունը, գնել համապատասխան նոր խողովակ, քանի որ «Հայջրմուղկոյուղին» դիտահորից մինչեւ բնակարան ընկած տարածության համար պատասխանատվություն չի կրում: «Մարդ կա էսօր չի աշխատում, միայնակ է, թոշակառու, ո՞նց պետք է իր ուժերով ջուր քաշի, 20 մետր տարածքի համար պետք է իր ուժերով խողովակ գնի, հաշվիչ սարք գնի, դնի: Մեզ չհասած ջուրը հոսելու է գետը, գնա թուրքերին»,- ասաց մեր զրուցակիցը:
«Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանին հարցրինք՝ արդյո՞ք բնակիչները պարտավոր են «Հայջրմուղկոյուղու» իրականացրած ծրագրին միանալ սեփական գումարով ու քանդել բակը, գնել նոր խողովակ, կատարել մնացած աշխատանքները եւ վերջում նորից սեփական գումարով ասֆալտապատել բակը: Ջիվան Մարգարյանը պարզաբանեց. «Դիտահորերը մարդկանց բնակարաններից գտնվում են 5-10 մետր հեռավորության վրա: Մենք չենք պարտադրում, որ բնակիչն իր հին խողովակաշարը փոխի, բայց ճիշտ են անում, որ փոխում են»: Ինչ վերաբերում է խողովակներով ջրի թողունակությանը եւ այգիները ոռոգելու խնդրին, պարոն Մարգարյանն ասաց. «Մենք ոռոգող կազմակերպություն չենք: Չնայած ոռոգումը մեր գործը չի, բայց մենք այս տարի 600 բաժանորդի հետ պայմանագիր ենք կնքել՝ ոռոգում կատարելու համար եւ դժվար թե որեւէ մեկը դժգոհ լինի»:
Հիշեցնենք, որ շինարարական աշխատանքների հենց առաջին օրվանից Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի եւ «Հայջրմուղկոյուղու» միջեւ անընդհատ վեճեր են առաջանում: Փողոցների ու բակերի անմխիթար վիճակի համար սիսիանցիները մեղադրում են ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին, ով, ըստ նրանց, Սիսիանը բարգավաճեցնելու փոխարեն կործանման է տանում: Քաղաքի բնակիչները բողոքում էին նաեւ քաղաքապետի՝ փողոցները մանր խանութներից ազատելու որոշման դեմ: Քանդված փողոցներից բնակչության դժգոհությունը քաղաքապետը արդարացի էր համարել եւ մի առիթով հայտարարել. «Մի՞թե վեց եւ ավելի ամիսներ շարունակ ողջ շինարարության ընթացքում հնարավոր չէր գոնե մեկ փողոցի աշխատանք ավարտել եւ այն ասֆալտապատել, ամբողջ քաղաքը բարբարոսաբար քանդված է, ցեխի մեջ կորած»: Ըստ քաղաքապետի, խողովակները փոխելուց հետո 3900 քմ փողոց պետք է վերականգնվեր, այնինչ՝ արդեն ավերված 12 հազար քմ տարածք կա: Ըստ Ջիվան Մարգարյանի, շինարարական աշխատանքների 80%-ն արդեն ավարտված է: Պարոն Մարգարյանը քանդված եւ ասֆալտապատման ենթակա տարածքների այլ մակերես նշեց՝ 400 քմ:
Քաղաքապետը մտադիր է դիմել ՀՀ կառավարություն: Մեր տեղեկություններով, Աղասի Հակոբջանյանին զայրացրել է նաեւ այն, որ դիտահորերը տեղադրվել են մայթերի հենց մեջտեղում՝ գետնից մոտ մեկ մետր բարձր բետոնե խորանարդների տեսքով: Մեզ հետ զրույցում քաղաքապետն ասաց, որ խնդիրը լուծվել է եւ դիտահորերի տեղադրման վայրերը փոխվել են: Այս առնչությամբ էլ Ջիվան Մարգարյանն ասաց. «Դիտահորերի տեղադրման վայրը այսօր չէ, որ ընտրվել եւ նախատեսվել է: Ամբողջ Հայաստանում են դիտահորերը տեղադրում մայթերին, այնպիսի տեղերում, որ չի խանգարում մարդկանց տեղաշարժին»: Սիսիանում, սակայն, տեղադրված դիտահորերը մարդկանց տեղաշարժին էականորեն խանգարում են: Ավելին, «դուրս ցցված» դիտահորերի պատճառով արդեն դժբախտ պատահարներ են եղել՝ մարդիկ կոտրվածքներ են ստացել:
Այսօր Սիսիանը դեռ քարուքանդ է, իսկ Սիսիանի դաժան ձմեռը սարերի ետեւում չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել