Նոյեմբերի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հարութ Բալյանի համերգի տոմսերի համար իջեւանցի բազմաթիվ ուսանողներ զանգել են հեռուստատեսային գովազդային հոլովակում նշված հեռախոսահամարներից մեկով: Ուսանողների պնդմամբ՝ այդ համարին պատասխանած անձը՝ Սաշան, նրանց վստահեցրել է, թե էժան՝ 1500 դրամանոց տոմսերի խնդիր չկա, բավական է միայն համերգի օրը Երեւան գալ: Վարձած միկրոավտոբուսներով Իջեւանից մարզահամերգային համալիր ժամանած ուսանողներին տհաճ անակնկալ է սպասել, 1500 դրամանոց տոմսերը սպառված են եղել, Սաշան էլ՝ անհասանելի: Իջեւանցի ուսանողները շուրջ մեկուկես ժամ մնացել են փողոցում ու հենց տեղում էլ պարզել, որ նման վիճակում են նաեւ Գեղարքունիքի մարզից եւ այլ տեղերից ժամանած երիտասարդները:
Գործին խառնվել է Մարզահամերգային համալիրի տնօրինությունը՝ իջեւանցի ուսանողներին 1500 դրամով առաջարկել տեղեր՝ 4000 դրամանոց տոմսերի համար նախատեսված հատվածներում: Սակայն հիասթափված ուսանողների մեծամասնությունը լքել է համալիրը, վերադարձել Իջեւան:
Ուսանողների բողոքը լսելուց հետո զանգեցինք գովազդային հոլովակում նշված հեռախոսահամարով: Տոմսերի առաքմամբ զբաղվող Սաշայի՝ Սաշա Գարգալոյանի խոսքով, ինքը Մարզահամերգային համալիրի տնօրինության թույլտվությամբ, սակայն ուշացումով, 14 իջեւանցու տարել է համերգային դահլիճ: Սաշան արդարանում էր, թե ինքը, լինելով տոմսերի անվճար առաքող, այդ գործով զբաղվում է միայն Երեւանում, բայց ոչ՝ մարզերում: Իսկ թե ինչու է այդ դեպքում ինքը տոմսեր տրամադրելու խոստումներ տվել իջեւանցի ուսանողներին՝ ոչինչ չասաց: Հարութ Բալյանի համերգի հետ կապված եւս մեկ անհարթություն է եղել: Չնայած նախապես գովազդվել էր, սակայն համերգին չի մասնակցել Նունե Եսայանը: