Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՇՈՒՏՈՎ «ՀՈՐԱԿԱՆ» ՏՈ՞ՒՆ ԿՈՒՂԱՐԿԵՆ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Երեկ Գյումրիում այսպես վստահեցրին ՀԱԿ-ի ակտիվիստները

ՀԱԿ կարկառուն ներկայացուցիչները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արամ Մանուկյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ այլք Գյումրի էին եկել հերթական անգամ «հանցագործությունների մեջ թաղված «մաֆիոզ» իշխանությունների դեմքը պատռելու, արտահերթ ընտրությունների մասին նախազգուշացնելու, ու իրենց քաղբանտարկյալ ընկերների համար անհապաղ ազատություն պահանջելու: Գյումրեցիների համար առաջինը խոսեց ՀՀՇ վարչության նորընտիր նախագահ Արամ Մանուկյանը ու ելույթը սկսեց Գյումրու լրատվամիջոցներին «շոյելով»: «Ուրախ եմ, որ ՀԱԿ-ի միջոցառմանը մասնակցում է այսքան լրատվամիջոց: Մշտապես հաճելիորեն արձանագրել եմ, որ Գյումրիում լրատվամիջոցները ավելի ազատ են, քան որեւէ այլ տեղ: Ձեր բախտը բերել է: Լոռիում՝ իմ հայրենիքում, որեւէ ազատ լրատվամիջոց գոյություն չունի, որեւէ մեկը չի կարող ընդդիմությանը եթեր տրամադրել»,- ասաց ՀՀՇ վարչության նախագահը: Արամ Մանուկյանը հիմնականում անդրադարձավ ՀՀ իշխանությունների՝ դրսում ծավալած հանցագործություններին՝ ամերիկացի «Պզոյի», ռուսական մաֆիոզ խմբավորումների հետ ունեցած նրանց սերտ հարաբերությունների աղմկոտ բացահայտումներին եւ վստահեցրեց, որ այսօր միջազգային հանրությունը երկընտրանքի մեջ է՝ դարձյա՞լ աչք փակել, թե՞ այլեւս չհանդուրժել ՀՀ իշխանություններին: ՀՀՇ նախագահը ենթադրում է, որ եթե ռուսները կարող են այդ հանցագործ կապերը նորից օգտագործել Սերժ Սարգսյանին ճնշելու ու իրենց կամքը թելադրելու համար, կամ այլեւս չկարողանալով կոծկել՝ ձեռ պիտի քաշեն ՀՀ իշխանություններից, ապա ԱՄՆ-ի դեպքում սպասվող վերաբերմունքը բոլորովին այլ է: Պարոն Մանուկյանի կարծիքով, քանի որ «Պզոյի» դեպքը Միացյալ Նահանգների համար «ապտակ է», այնքան աղմկոտ, մասսայական ու հրապարակային, որ ԱՄՆ-ն դժվար թե այն օգտագործի ՀՀ իշխանություններին ճնշելու, տարածաշրջանում խնդիրներ լուծելու համար: «Եթե ոստիկանը հանցագործի հետ կապի մեջ է լինում, էնքան է այդ կապը աշխատում, քանի դեռ գաղտնի է, երբ որ բացահայտվում է ոստիկան-հանցագործ կապը, ոստիկանն անմիջապես բռնում է հանցագործին»,- իրավիճակն այսպես պատկերավոր ներկայացրեց ՀՀՇ վարչության նախագահը: Արամ Մանուկյանը խոսեց նաեւ հարստացված ուրանի ներմուծման ու արտահանման հարցից: «Ուրանը լրջագույն, նոր որակ է, որը աշխարհին զարմացրեց. հայաստանյան մաֆիոզ ուժերը, հայաստանյան հանցագործ կազմավորումները անցել են լրիվ նոր մակարդակի, ուրան ներս բերելը, ուրան դուրս տանելը չի կարող լինել այլ կերպ, քան իշխանությունների համաձայնությամբ: Ուրանի մեկ գրամը որեւէ մաքսակետում անցնելու դեպքում պարտադիր զնգում է. կան սարքեր, կան ապարատներ, որոնք ռադիոակտիվ նյութերը գրանցում են առանց որեւէ մաքսավորի կամքի: Բայց պարզվում է՝ մի քանի անգամ Հայաստանում ներս ու դուրս է արվել ռադիոակտիվ, գերհագեցած, գերհարստացված ուրան, որը կարող է դառնալ լրջագույն վտանգ, ահաբեկչության հիմք, ահաբեկչության գործիք, զենք՝ տեռորիստական կազմակերպությունների ձեռքին: Սա լրջագույն մտահոգության հիմք է միջազգային հանրությանը, Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին, Նահանգներին, Ռուսաստանին եւ այլն»,- ասաց բանախոսը՝ վստահեցնելով, որ Հայաստանը մտնում է նոր փուլ, ու միջազգային կառույցներն այլեւս չեն խանգարի համաժողովրդական շարժմանը: Իսկ եթե, ըստ նրա, միջազգային կառույցները չմիջամտեն, իշխանափոխությունը տեղի կունենա շատ հանգիստ, թեթեւ ցնցումներով ու քիչ կորուստներով:
Գագիկ Ջհանգիրյանը գյումրեցիներին հիշեցրեց, որ 12 ընկերներ դեռ ապօրինի անազատության մեջ են: Նա նկատեց, որ իշխանությունները միջազգային հանրությանը քաղբանտարկյալների մասին սուտ ու սխալ տեղեկություններ են տրամադրում եւ համոզմունք հայտնեց, որ մոտեցել է քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահը: Իսկ թե ի՞նչ ձեւով կազատեն քաղբանտարկյալներին՝ համաներմա՞մբ, թե՞ մեկ այլ ձեւով, Ջհանգիրյանն ասաց. «Քանի որ մեր ընկերները անմեղ են ու անազատության մեջ, թող իշխանությունները մտածեն, որ ճանապարհով ազատեն, համաներմամբ կազատեն, թե ներմամբ, ինչով ուզում են՝ թող ազատեն: Դա իշխանությունների գլխացավն է, թող իրենք էլ ազատեն, ես համաձայն եմ, թող ազատեն նաեւ ապօրինի միջոցներով: Էսօր թող Արթիկում մտնեն Ուռուտյանի թեւերը, հանեն դուրս, ասեն՝ գնա, Նիկոլին թող էսօր իրիկուն ուղարկեն իր կնոջ մոտ, բոլորին, ում որ ապօրինի բռնել-տարել են՝ թող ազատեն, մեկ ա, էս իշխանությունները սովոր են ապօրինի գործողություններ կատարել»: Գագիկ Ջհանգիրյանը ասաց, որ աշխարհաքաղաքական կենտրոնները այլեւս հիասթափված են ՀՀ իշխանություններից, առաջին դեմքերի մակարդակով սկսել են համագործակցել ՀԱԿ-ի հետ, «Առավոտը» նրանից հետաքրքրվեց, թե խոսքը ի՞նչ համագործակցության մասին է եւ որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե «Պզոյի» գործի բացահայտման մեջ ՀԱԿ-ի մատը խառն է: «Եթե խոսքը վերաբերում է փողերի լվացմանը, նարկոտիկների վաճառքին, երկրից մեկ այլ երկիր տեղափոխմանը, ապօրինի փողերով սեփականության ձեռքբերմանը, մարդկանց առեւտրին, ուրանի առեւտրի բացահայտմանը, ես շատ ուրախ եմ, ուրեմն ՀԱԿ-ը ռեալ ուժ, ռեալ քաղաքական գործոն է եւ կարողանում է նաեւ էդպիսի հանցագործություններ բացահայտել, այսինքն՝ իշխանության, իրավապահ մարմինների փոխարեն մենք ենք աշխատում, մենք էսօր սկսել ենք փոխարինել պետական կառույցներին, այ, իշխանափոխությունը էդպես էլ լինելու է: Գրեք, որ Ջհանգիրյանը համաձայնեց, որ ՀԱԿ-ը կապ ունի «Պզոյի» գործի բացահայտման հետ»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը՝ վստահեցնելով, որ շուտով իշխանություններին «հորական» տուն են ուղարկելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել