ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունից տեղեկանում ենք, որ երեկ ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջեւ կապը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի՝ զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը եւ զանգահարել հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարության եւ VivaCell MTS ընկերության միջեւ ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի՝ զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով կանոնակարգվել են ՀՀ ԶՈՒ հեռավոր եւ սահմանամերձ շրջաններում տեղակայված զորամասերում ծառայող պարտադիր ժամկետային զինծառայողների հարազատների այցելությունները. սահմանվել են այցելությունների երթուղիներն ու ժամանակացույցը: Համաձայն սահմանված կարգի՝ զորամասեր մեկնող հարազատների ցուցակները կազմվում են տարածքային զինկոմիսարիատներում, իսկ մեկնումը նախատեսված է հանրապետական հավաքակայանից: