Կամ՝ ինչու Ագրարային համալսարանը լավ կադրեր չի տալիս
«Նախորդ տարվանից Հայաստանում մեծ ծավալների պանիր էր մնացել, որ մնար՝ կփչանար, դրա համար այս տարեսկզբին անցած տարվա արտադրված պանիրն են շատ արտահանել»,- «Առավոտի» հետ զրույցում պանրի արտահանման այս տարվա ցուցանիշների աճը այս կերպ բացատրեց Պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Վիճակագրական տվյալների համաձայն, այս տարվա հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է 349,4 տոննա պանիր, որի վաճառքից ստացված գումարն էլ հասել է մոտ $1 միլիոնի, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում արտահանվել էր ընդամենը 205,9 տոննա պանիր, վաճառքից ստացված գումարն էլ անհամեմատ ավելի փոքր էր՝ $691,6: Սակայն, ըստ պարոն Գիգոյանի, պանրի դեֆիցիտն ու գնաճն էլ ամենեւին պայմանավորված չեն արտահանման աճի տեմպերով, դրան կաթի դեֆիցիտն է նպաստել. «Բնականաբար, անցած տարվա դառը փորձն էլ պանրագործին ավելի զգուշավոր ու շրջահայաց է դարձրել՝ նրանք վերապահորեն են կաթ ընդունել ու շատ չեն արտադրել, այս մի քանի գործոնները նպաստեցին, որ պանիրն այս տարի ավելի փոքրածավալ լիներ, քան անհրաժեշտ էր»: Նա հիշեցրեց, որ 2005 թվականին հանրապետությունից ռեկորդային ծավալով պանիր է արտահանվել, բայց դա չէր անդրադարձել հանրապետության ներսում պանրի գների վրա. «2005-ին 2000 տոննա պանիր է արտահանվել, բայց գնաճ չի եղել, ասում եմ՝ ամեն ինչ կաթի պակասով է պայմանավորված»: Ինչ վերաբերում է պանրի որակին, որից վերջին շրջանում անընդհատ դժգոհություններ են հնչում, Պանրագործների միության նախագահը պարզաբանեց. «Շատ խիստ եմ նայում որակին, միշտ էլ դժգոհ եմ եղել, բայց օբյեկտիվորեն պատասխանեմ, վերջին տարիներին որակի փոփոխություն չի արձանագրվել, այն թերություններով պանիրը, որ ունեինք, հիմա էլ ունենք: Հայտնի է, որ աղաջրի մեջ շատ են թողնում, ու արդյունքում աղի պանիր ենք ստանում: Փաթեթավորման լավ տարբերակներ կան, բայց դրանք շատ ժամանակ Հայաստանում չեն կիրառվում, որովհետեւ չունենք համապատասխան տեխնիկա»: Պարոն Գիգոյանն անդրադարձավ նաեւ պանրի արտադրման ոլորտում համապատասխան կադրային որակին. «Մեր Գյուղակադեմիան լրիվ չակերտավորված ակադեմիա է, մասնագետներ չեն տալիս, սա շատ լուրջ հարց է, առաջիկայում այս խնդիրն ենք բարձրացնելու: Պարզապես չենք հասկանում՝ ինչո՞վ է զբաղված Գյուղակադեմիան, երբ շրջանավարտները նույնիսկ շարքային գիտելիքներ չունեն՝ կաթի հետ կապված»: Պարոն Գիգոյանի տեղեկացմամբ, արտահանման աշխարհագրությունը տարիների ընթացքում չի փոխվել՝ հայկական պանիր ներկրում են Ռուսաստանն ու շատ քիչ քանակությամբ նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ու մեր պանրի՝ հատկապես «Լոռի» եւ «Չանախ» տեսակն են նախընտրում: Հայաստանն էլ պանիր է ներկրում Եվրամիության երկրներից, թե ինչքան պանիր ենք ներկրել այս տարի, պարոն Գիգոյանը դժվարացավ պատասխանել. «Այս տարվա տվյալներ չկան, բայց, կարծում եմ, անցած տարվանից ավելի շատ ներկրած կլինենք, օրինակ, անցած տարի ընդամենը 800 տոննա պանիր է մեր երկիր եկել»: