Շինարարություն՝ մուտքի ներսում
Երեւան քաղաքի Աբովյան 41 հասցեի 4-րդ հարկում արդեն 10 օր շինարարություն է ընթանում: Հեղինակները հարկի երկու բնակիչներն են, որից մեկն էլ համատիրության նախագահն է: Շենքի բնակիչ Լեւոն Գայֆաջյանը նույն հասցեի ու նույն հարկի բնակիչ է, այսպես ասած՝ ընթացող շինաշխատանքներից տուժած կողմը: «Առավոտի» հետ զրույցում նա պատմում էր, որ երկու հարեւանները մեծ թափով ու ապօրինաբար համարյա ավարտին են հասցնում օրեր առաջ սկսած շինարարությունը. «Բանն այն է, որ դռան դիրքն ու տեղը փոխելու անվան տակ մոտ երկու մետր երկարությամբ ու նույնքան էլ լայնությամբ առաջ են եկել: Ես էլի դեմ չեմ իրենց ցանկությանը, թող ինչ ուզում են՝ անեն, բայց ոչ իմ իրավունքները ոտնահարելու գնով: Մեր տան դուռն արդեն կիսատ է բացվում, ու մենք այլեւս տնից ինչ-որ բան հանելու կամ ներս բերելու հնարավորություն չունենք, էդպես ո՞նց կլինի: Էլ չեմ ասում շինաշխատանքների աղմուկ-աղաղակը, որը մեր հանգիստն է խաթարում, ստիպված տնից փախչում ենք՝ առավոտյան գնում, ուշ երեկոյան վերադառնում»: Պարոն Գայֆաջյանի պատմելով, հարեւանների «խաթրին չկպնելու» համար փորձում էր շատ չդժգոհել ու հարմարվել նրանց պատճառած անհարմարություններին, բայց. «Արդեն սկսեցին հիմնական պատերը քանդել, ո՞վ է նման բան թույլ տվել, ո՞ւմ հաշվարկներն են՝ ոչ ոք չգիտի: Միայն անընդհատ պնդում են, թե մենք չենք վախենում ձեր բողոքներից, վերեւներում մարդ ունենք»:
Պարոն Գայֆաջյանի խոսքով, երկու հարեւաններն իրեն առաջարկել են դռան դիրքը փոխել, այնպես, որ ներսի կողմից բացվի, ու երբ լսել են իր բացատրությունը, թե նման բան հնարավոր չէ, բնակիչների ստորագրահավաք են կազմակերպել. «Այն բնակիչներից են հավաքել, ովքեր հարեւան մուտքերում են բնակվում, մեր մուտքի բնակիչներին էլ կոնկրետ չեն բացատրել, թե իրականում ինչի համար են իրենց համաձայնությունը վերցնում: Ավելի ուշ, երբ ներքեւի հարկերի բնակիչներին բացատրեցի, թե ինչի համար են ստորագրություն տվել, նրանք ամեն ինչ հասկացան ու շատ բարկացան, հաջորդ օրն էլ զանգեցին ստորագրահավաք կազմակերպած տիկնոջն ու իրենց ստորագրությունները հետ վերցրին»: Պարոն Գայֆաջյանը վստահեցնում էր, որ էլ գերատեսչություն չի մնացել, որին դիմած չլինի՝ իր իրավունքները պաշտպանելու համար. «Քաղաքաշինության նախարարության աշխատակիցները եկան-տեսան-բարկացան, բայց երբ ներս մտան եւ խոսեցին այդ բնակիչների հետ, սուսուփուս գնացին, թե ինչ խոսեցին, ինչ համաձայնության եկան, չգիտեմ, բայց դրանից հետո շինարարությունն անարգել շարունակվեց»: «Առավոտը» փորձեց զրուցել նաեւ համատիրության նախագահ Աստղիկ Խաչատուրովայի հետ, բայց նրա ազգականի փոխանցմամբ, նա հիվանդ պառկած է անկողնում ու ի վիճակի չէ խոսել: Ինչ վերաբերում է ընթացող շինաշխատանքներին, համատիրության նախագահի ազգականը փոխանցեց. «Ոչ մի բան չենք արել, ընդամենը մեկ մետր առաջ ենք եկել ու դռան տեղն ենք տեղափոխել, թույլտվության փաստաթղթերն էլ ձեզ երկուշաբթի օրը կներկայացնենք: Մենք դա ստացել ենք երեկ (նկատի ունի հինգշաբթի օրը- Ա. Ս.), կադաստրից»: «Առավոտը» պարզաբանում ստանալու համար զրուցեց նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության ու հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանի հետ: Ըստ նրա. «Ծանոթ ենք այս շենքի պատմությանը, բնակիչն ընդամենը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում՝ հին դուռը նորով է փոխարինում: Պարզապես բնակիչների մեջ անհամաձայնություն է առաջացել անցուդարձի հետ կապված: Այս պահին ծանոթանում ենք խնդրին, կուսումնասիրենք, կտեսնենք, եթե խախտումներ արձանագրենք, կտանք համապատասխան լուծումներ՝ վարչարարություն կկատարենք: Հիմա լիարժեք պատասխան չեմ կարող տալ»: