Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ԱՐԺԵ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանի՝ երջանկությունը ներդաշնակությունն է

– Մոսկվայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կրկնեց Արցախում հնչեցրած իր միտքը, թե հարկ եղած դեպքում մեր հարվածը կլինի շատ ավելի ազդեցիկ, հուժկու եւ կործանարար: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է սա ասվում:
– Ես կարծում եմ, քաղաքական առումով Հայաստանի Հանրապետությունն ակնհայտորեն  միշտ գտնվել է շատ ավելի բարձր եւ ավելի հանդուրժողական դիրքերում: Այսպես կոչված մեր հարեւանները գտնվում են ջղաձգությունների եւ դեգերումների մեջ, եւ այս ամենի արդյունքում մեր հանրապետության ղեկավարը չէր կարող հենց այդպիսի, միանշանակ, դիպուկ ու շատ ծանր պատասխան չտալ: Սա ոչ թե միայն իմ սրտով էր, այլեւ, ինձ թվում է, ՀՀ ցանկացած մտածող բնակչի, քաղաքացու սրտով էր: Բացի նրանից, որ մենք իսկապես պատրաստ ենք կործանարար հարված հասցնել, բացի նրանից, որ մենք տեխնիկապես, ռազմական հագեցվածության առումով ենք պատրաստ, մենք նաեւ հոգեբանական առումով ենք պատրաստ, եւ սա հոգեբանական մեծ լիցք էր մեր ամբողջ ժողովրդի համար:
– Վերջերս ասուլիսներից մեկում Դուք հայտարարեցիք, թե ԲՀԿ-ն կարող է նաեւ 99,99 տոկոս ակնկալել խորհրդարանական ընտրություններում, Ձեզ հակադարձեց ՀՀԿ-ական Ռազմիկ Զոհրաբյանը՝ ասելով, որ դա կլինի բռնապետություն: Արդյոք կոալիցիոն երկու ուժերի միջեւ կա՞ հակասություն, եւ իրո՞ք Դուք հավատում եք Ձեր նշած թվերին;
– Ամենայն հավանականությամբ, ճիշտ ընկալումներ չկան կամ մտածված կերպով են կեղծ ընկալումներ ձեւավորում: Եվ Զոհրաբյանը, եւ Բոստանջյանը իրենց տեսակետների հնչեցման պարագայում որոշակի առումով նաեւ հումորի դաշտից են հանդես գալիս: Բնական չէ՞, որ մեր խմբակցության պատգամավոր Գեւորգյան Ռուբենի վերջին հայտարարությունը նաեւ այն մասին էր, որ բազմաթիվ կուսակցությունների, քաղաքական ուժերի առկայության պարագայում ջլատվում է միասնականությունը: Ինչ վերաբերում է կոալիցիոն ուժեր Հանրապետականին եւ «Բարգավաճ Հայաստանին», ապա գոնե ես չեմ կարողացել տեսնել լուռ-չբացահայտված լարվածություն այս երկու ուժերի միջեւ:
– Ինչպե՞ս եք գնահատում կառավարության ներկայացրած 2011-ի բյուջեն, որո՞նք են այն հիմնական մեխերը, որով կարելի է բնութագրել այս բյուջեն, այն ի՞նչ լավ կամ վատ կողմեր ունի:
– 2011-ի բյուջեն ես որակում եմ որպես հետճգնաժամային բյուջե: Իհարկե, որոշ պարագաներում գնահատվում է, որ մեզ մոտ կարծես ճգնաժամը ամբողջությամբ հաղթահարվել է, բայց դա ամբողջովին այդպես չէ, քանի որ մենք այս բյուջեն անվանում ենք հետճգնաժամային բյուջե: Ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում այդ ճգնաժամը խորը հետքեր թողեց, եւ այսքան բարդ տարուց հետո 2011-ի բյուջեի այս վիճակը ես չեմ կարող դրական չգնահատել: Երբ հայտարարվեց, թե նախատեսվում էր 1,2 տոկոս տնտեսական աճ, ես դեռ այն ժամանակ ասում էի, որ աճը կլինի գրեթե երկուսից ավելի, իսկ այսօր արդեն ակնկալվում է երեք տոկոսանոց աճ: Սա արդեն ցույց է տալիս, որ դրական միտումները նկատելի են, եւ մենք ետընթաց չունենք: Ուրեմն եկեք բյուջեն անվանենք հետճգնաժամային, այսինքն՝ նկատի ունենանք, որ հաղթահարում ենք ճգնաժամի հետեւանքները: Մեկ բան հստակ է՝ գոնե սոցիալական խնդիրներում աշխատում ենք իրականացնել լրջագույն սոցիալական ծրագրեր, եւ այս սկզբունքը դրված է նաեւ 2011-ի բյուջեի հիմքում: Միայն մեկ թիվ ներկայացնեմ՝ 2011-ի բյուջեում արձանագրված է, որ ամբողջ ծախսերի 227 տոկոսը հատկացված է սոցիալական ծախսերին, իսկ դրանք մոտ մեկ տրիլիոն դրամի հասնող ծախսեր են:
– Օրերս Մեծ Բրիտանիայի վարչապետն առաջարկել է, որպեսզի Բրիտանիայում միջոցառումներ անցկացվեն՝ որոշելու համար իրենց քաղաքացիների երջանկության չափը: Ի՞նչ եք կարծում, եթե մեզանում եւս նման չափումներ անցկացվեն, որքա՞ն կլինի մեր քաղաքացիների երջանկության չափը:
– Երջանկության մասին գոնե այս պարագայում կարող եմ խոսել միայն իմ կտրվածքով, որովհետեւ սա շատ բարդ հարց է, բոլոր դեպքերում՝ երջանկության մեծագույն բաղկացուցիչը բարոյահոգեբանական բնույթի է եւ երբեւիցե քանակական մեծությամբ չի չափագրվում: Երջանկությունը ներդաշնակությունն է, իսկ ներդաշնակությունը կապված է զանազան բաների հետ՝ ընտանիքի, ազգի, աշխատանքի, մարդու նպատակների եւ այլնի, եւ եթե ուզում ենք իմանալ երջանկության գոնե մոտավոր գնահատականը, պետք է այդ ոլորտների չափագրումների ինտեգրալը որոշենք: Օրինակ, բոլոր նրանք, ովքեր հիվանդացած են փող կուտակելու մոլուցքով, ինչպե՞ս կարող են երջանիկ լինել: Այս դեպքում երջանկության մասին խոսելը տեղին չէ, որովհետեւ մարդկանց այդ տիպը, որպես կանոն, ե՛ւ տեսականորեն, ե՛ւ գործնականում երբեք չի կարող երջանիկ լինել: Երջանիկ են լինում բոլոր այն մարդիկ, որոնք ներդաշնակ են իրենց ցանկություններում եւ կյանքում: Ամեն անձ ուզում է ունենալ արժանավայել սպառում, արժանավայել աշխատանք, բնականոն եւ ճիշտ, հասանելի նպատակներ, եւ այս բոլորի հանրագումարում մարդն իրեն երջանիկ է զգում: Իսկ ՀՀ-ում զբաղվածության խնդիրը դեռ ամբողջովին լուծված չէ, եւ անձը, որը պետք է եկամուտ ունենա, որի միջոցով կկարողանա կազմակերպել զանազան տիպի սպառումներ, պետք է ունենա գոնե նվազագույն չափի եկամուտ: Այս հարցում էլ մենք ունենք խոցելիություն, որը կարող է երջանկության մեխանիկայի վրա բացասական ազդեցություն ունենալ: Այդուհանդերձ, ԲՀԿ-ն եւ մյուս քաղաքական ուժերը հակված են, որ աշխատատեղերը շատ լինեն, եկամուտները բարձր լինեն, եւ դրա համար բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հարկավոր է ստեղծել այնպիսի բարենպաստ պայմաններ, որը հենց մեր կուսակցությունում միշտ դնում է Գագիկ Ծառուկյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել