Հայաստանի բանակում զինծառայողի մահվան նոր դեպք է արձանագրվել: Ինչպես պաշտպանության նախարարության քննչական վարչությունից փոխանցել են «Ազատություն» ռ/կ-ին, նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը:
Նախնական տեղեկություններով, հրազենային վնասվածք ստանալուց հետո Ռոբերտ Ավետիսյանի մահը վրա է հասել անմիջապես: Նրա դին տեղափոխվել էր Երեւան՝ դիահերձման ու փորձաքննության նպատակով:
23-ամյա Ռոբերտ Ավետիսյանը զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից:
ՊՆ քննչական վարչությունից փոխանցել են, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 104 հոդվածի առաջին մասի հատկանիշներով՝ «Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», որի համար նախատեսված պատիժը 6-12 տարվա ազատազրկումն է:
Քննչական վարչության հաղորդմամբ, ձերբակալվածներ դեռ չկան, կատարվում է նախաքննություն:
Ռ/կ-ի հետ զրույցում Արմավիրի տարածքային զինկոմի տեղակալ Սարիբեկ Սարիբեկյանն ասել է, թե Ռոբերտ Ավետիսյանը կրտսեր սերժանտ էր, ժամկետային զինծառայության էր զորակոչվել անցած տարվա աշնանը՝ բուհը ավարտելուց հետո: Նա Երեւանի ագրարային համալսարանի շրջանավարտ էր: Արմավիրում տարածված լուրերի համաձայն, դեպքից առաջ զորամասում վիճաբանություն է եղել: Ռոբերտ Ավետիսյանին ճանաչողները ցնցված են կատարվածից եւ «Ազատության» հետ զրույցներում զոհված զինծառայողին բնութագրել են որպես հավասարակշռված երիտասարդ, որը չէր կարող որեւէ վիճաբանություն հրահրել կամ վիճաբանության մեջ ներգրավվել: Զոհվածի ընտանիքն առայժմ հրաժարվում է մեկնաբանություններից: