Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն դեռ չի՞ զգացել ճգնաժամը

Նոյեմբեր 20,2010 00:00

Նոյեմբերի 18-ին ելույթ ունենալով 2011 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրել էր, թե չեն իրականացել սոցիալ-տնտեսական այն խոստումները, որոնք տրվել են կոալիցիոն ուժերի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերում: Եվ մասնավորապես՝ «Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակների ամենամյա բարձրացում այն հաշվով, որ 2012թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափը համապատասխան լինի կենսաապահովման նվազագույն բյուջեի 100%-ին: Նախագահի նախընտրական ծրագրի համաձայն՝ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը 2012թ. պետք է համապատասխաներ նվազագույն սպառողական զամբյուղի 100%-ին, աղքատության ընդհանուր գծի 151%-ին եւ չպետք է պակաս լիներ 39 498 դրամից: Սակայն 2011թ. միջին աշխատանքային կենսաթոշակի չափը կազմելու է ընդամենը 28 396 դրամ»: Երեկ ճեպազրույցում «Առավոտը» հիշեցնելով այս ելույթը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ընդունո՞ւմ են, որ այս պահին ձախողել են իրենց նախընտրական ծրագրերի իրականացումը: «Կարծում եմ՝ մենք եւ մեր հասարակությունը զգացել ենք, որ ճգնաժամ է՝ Դաշնակցությունը դեռեւս չի զգացել:- պատասխանեց նաե: Նաեւ հավելեց.- Այսպես կռվի տոնով խոսում են, թե ինչու աշխատավարձերի բարձրացում չի լինում կամ թոշակներն ինչու այդքան քիչ բարձրացան՝ կարծես թե պատասխանատու թիմն առավել հանգիստ չէր լինի, եթե հնարավորություններ լինեին այդ աշխատավարձերը, թոշակները բարձրացնեին»:
Նշենք, որ ՀՀԿ խմբակցության անունից ելույթ ունենալով՝ համանման պնդում արել էր նաեւ Հերմինե Նաղդալյանը. «Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն իմացել, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է եղել»: Եվ հավելել էր. «Մենք 2007-ի եւ 2008-ի մեր նախընտրական ծրագրերը կազմելիս ուրիշ խնդիրներ էինք դրել մեր առջեւ՝ զարգացման խնդիրներ: Բայց իրականությունը պարտադրեց թողնել մեր կառուցողական ծրագրերը եւ զբաղվել ճգնաժամին դիմակայելով եւ ճգնաժամը հաղթահարելով»:
Արծվիկ Մինասյանն «Առավոտի» հարցին, թե ինչպես է վերաբերվում այս հակափաստարկին՝ ասաց. «Նախ, ես կարծում եմ, որ ՀՀԿ խմբակցության անունից բյուջեի վերաբերյալ ողջ ելույթը կառուցված էր ոչ իրական փաստերի վրա՝ մասնավորապես, թե բյուջեն ամբողջությամբ ծրագրայի՜ն է, հաշվելի՜ է, չափելի՜: Սակայն հանձնաժողովների քննարկման ժամանակ որեւէ նախարար այդպես էլ չկարողացավ կոնկրետ որակական ցուցանիշների վերաբերյալ պատկեր ներկայացնել: Ուստի մի բանի մասին խոսելուց առաջ անհրաժեշտ է խորությամբ ուսումնասիրել այն: Վստահ եմ՝ ԱԺ-ում շատերը կան, որոնք չեն ուսումնասիրել բյուջեն ու մակրոտնտեսական քաղաքականության ուղղությունները»: Նաեւ կրկնեց այն, ինչ ասել էր նաեւ ԱԺ-ում, թե կառավարությունն այս ամենից հետո պետք է երկու քայլ կատարեր. «Կա՛մ պետք է ներկայացներ իր ամբողջական հրաժարականը, կա՛մ էլ կատարելով ճշգրտումներ կառավարության գործունեության ծրագրով ու նախագահի նախընտրական ծրագրով հաստատված ցուցանիշներում՝ վստահության քվե ակնկալեր հանրությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել