ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշեց չմեկնել Լիսաբոն եւ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում կայանալիք հանդիպմանը:
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատճառաբանելով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման ընդհանրական ձեւակերպումը, հրաժարվել է մասնակցել այսօր Լիսաբոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում անցկացվող «Աֆղանստանում ՄԱԿ-ի մանդատով ՆԱՏՕ-ի ղեկավարած Միջազգային անվտանգության աջակցման ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպմանը»:
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանն այդ առնչությամբ արած իր պարզաբանման մեջ շեշտել է, թե Հայաստանը կարեւորում է ՆԱՏՕ-ի հետ իր համագործակցությունը, որը նաեւ մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի անվտանգության մակարդակի բարձրացման բաղադրիչներից է, բայց Հայաստանը նաեւ կարեւորում է իր համար կենսական խնդիրների շուրջ ընդունվող փաստաթղթերի բովանդակությունն ու դրանցում տեղ գտնող ձեւակերպումները, որոնք պետք է ուղղված լինեն տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը: «Հայկական կողմը բազմիցս ընդգծել է հակամարտությունների լուծման ընդհանրական ձեւակերպումների անընդունելիությունը: ՆԱՏՕ-ի լիսաբոնյան համաժողովի հռչակագրի նախագծում հարավկովկասյան կոնֆլիկտների լուծման նախկին ընդհանրացված ձեւակերպման պահպանումը, որում հղում է կատարվում ԵԱՀԿ կողմից հռչակված սկզբունքներից միայն մեկին, վատ ազդակ կարող է դառնալ եւ լրացուցիչ բարդություններ ստեղծել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում, հատկապես վերջին շրջանում Ադրբեջանի ռազմական ծախսերի աննախադեպ աճի եւ նրա ղեկավարության հայատյաց հռետորաբանության ֆոնի վրա»,- ասել է Ա. Արզումանյանը: Ուստի, նրա փոխանցմամբ, «հաշվի առնելով այս մտահոգությունը՝ Հայաստանի նախագահը որոշում է կայացրել չմեկնել Լիսաբոն: Լիսաբոնյան հանդիպմանը մասնակցելու են Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները»:
Ասել է թե՝ ՀՀ նախագահը թերեւս առաջին անգամ դեմարշ է արել՝ հրաժարվելով մասնակցել միջազգային հեղինակավոր այդ կառույցի աշխատանքներին այն պատճառով, որ գագաթաժողովի հռչակագրի նախագծում, չնայած Հայաստանի հորդորներին, Հարավային Կովկասում հակամարտությունների լուծման միակ սկզբունք նշվում է տարածքային ամբողջականությունը, որտեղ խոսք չկա ազգերի ինքնորոշման իրավունքի մասին: Մենք հիշեցնենք, որ մայիսին, երբ ՀՀ գործող նախագահ Ս. Սարգսյանը Բրյուսելում հանդիպել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ եւ փորձել էր ԼՂ խնդրում նոր սրացումների եւ պատերազմի վերսկսման դեպքում ՆԱՏՕ-ի միջամտությունը խնդրել, ՆԱՏՕ-ի նույն այդ ղեկավարը հայտարարել էր, թե Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում միջամտել այդ խնդրին, եւ ինքը՝ Ռասմուսենը, չի տեսնում «հակամարտությանը ՆԱՏՕ-ի ռազմական միջամտության հնարավորություն», նաեւ հասկացրել էր, որ ԵԱՀԿ ՄԽ-ն մնում է ԼՂ հակամարտությունը կարգավորելու ամենաարդյունավետ ձեւաչափը: Թե ինչու է հիմա ՆԱՏՕ-ն որոշել, այնուամենայնիվ, զբաղվել ղարաբաղյան խնդրով՝ առանձին վերլուծության թեմա է: Իսկ մինչ այդ, «Առավոտը» երեկ փորձեց Սերժ Սարգսյանի ընդունած որոշման վերաբերյալ ստանալ կոմպետենտ փորձագետների գնահատականը:
Որքանո՞վ է դիվանագիտական քաղաքականության տեսանկյունից արդարացված Ս. Սարգսյանի դեմարշը: ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը Սերժ Սարգսյանի քայլը գնահատեց որպես նորմալ ու տրամաբանական. «ԼՂ հակամարտության խնդիրը ՆԱՏՕ-ի գործը չէ: Ասվել է՝ բանաձեւեր մի ընդունեք եւ քիթներդ մի խոթեք դրա մեջ: Եթե ԵԱՀԿ-ն է զբաղվում ԼՂ խնդրով՝ թող զբաղվի ԵԱՀԿ-ն, առավել եւս, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրներն էլ ԵԱՀԿ-ում ներկայացված են: Այնպես որ, եթե օբյեկտիվորեն դատենք, առանց որեւէ մեկի անձը, լեգիտիմության աստիճանը հաշվի առնելու, ապա Սերժ Սարգսյանի Լիսաբոն չգնալու որոշումը նորմալ է»:
ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի մատուցմամբ՝ «այն պարագայում, երբ Ալիեւն ու Սահակաշվիլին գտնվում են Լիսաբոնում, եւ այն պարագայում, երբ Ալիեւը կարողանում է տարիներ շարունակ իր հոր եւ իր կողմից ապարդյուն ջանքերն այսօր իրագործել՝ մասնավորապես ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում ամրագրել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, վկայում է Սերժ Սարգսյանի կատարյալ ձախողման մասին»: Վլ. Կարապետյանը որեւէ կերպ չմեկնաբանեց եւ չգնահատեց ՀՀ նախագահի քայլը: Նա միայն ասաց, թե դա առաջին փաստաթուղթն է, որտեղ որպես հակամարտության կարգավորման միակ սկզբունք նշվում է ադրբեջանանպաստ՝ տարածքային ամբողջականությունը: «Եվ դա ընդունվելու է ամենահեղինակավոր կազմակերպության անդամ երկրների նախագահների կողմից: Դա իր արտացոլումը կունենա հետագայում նաեւ այլ փաստաթղթերում, ԼՂ հարցը այս տրամաբանության շրջանակներում կարգավորելու ուղղությամբ ճնշումներն էլ կավելանան»,- կանխատեսեց Կարապետյանը՝ հավելելով, թե Ս. Սարգսյանի դեմարշը կարող է Հայաստանի հերթական մեկուսացման պատճառ դառնալ:
Հիշեցնենք, որ փաստաթուղթը, որը նախատեսվում է ընդունել ՆԱՏՕ-ի գագաթաժողովում, շատ ծավալուն է, եւ դրա հիմնական դրույթները բանակցվել են դեռ 2009թ. ապրիլին եւ տեղադրվել ՆԱՏՕ-ի կայքում: Բայց բանն էլ հենց այն է, որ ավելի քան մեկ տարվա ընթացքում Հայաստանը չի կարողացել դրա դեմ իր փաստարկներն ընկալելի դարձնել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին եւ իր դիրքորոշումն առաջ տանել: «Հիմա պարզ է դառնում, թե ինչու Ադրբեջանը շրջանառությունից հանեց ԼՂ-ին վերաբերող նույնատիպ իր նախաձեռնությունը՝ Ադրեյչուկի հայտնի փաստաթուղթը, ՆԱՏՕ-ի ԽՎ օրակարգից. որովհետեւ այնտեղ ձեւակերպումներն ավելի թույլ են, քան այս ավելի հեղինակավոր եւ միանշանակ հնչող փաստաթղթում: Չեմ բացառում, որ Ադրբեջանը կարող է շատ ավելի հեշտությամբ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հաջորդ անգամ ներկայացնել մի այլ փաստաթուղթ, որի դրույթները հիմնված կլինեն հենց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի հռչակագրի վրա»,- հայտարարեց Վլ. Կարապետյանը:
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքը միանշանակ էր՝ «Սերժ Սարգսյանի որոշումը ճիշտ է»: «Մեզ մոտ շատ ավելի ընդունված է արեւելյան քծնողականությունը գնահատել որպես ճկունություն, բայց քաղաքականության մեջ պետք է հստակ ասել՝ ինչը քեզ ձեռնտու չէ եւ ինչն է ձեռնտու: Եվ եթե լիսաբոնյան գագաթաժողովում ընդունվելու է հռչակագիր, որտեղ Հարավային Կովկասի հակամարտությունների մասին խոսելու են տարածքային ամբողջականության դիտանկյունից, ապա կարծում եմ, այո՛, ՀՀ նախագահը՝ ով էլ որ նա լինի, չպետք է գնար Լիսաբոն»: Սաֆարյանի մատուցմամբ, մինչեւ հիմա Հայաստանն այնքան անատամ քաղաքականություն է վարել, որ միջազգային կառույցներն այդ «ատամները հաշվել» են, եւ իրենց թվում է, որ ամեն ինչ կարելի է անցկացնել, ամեն ինչ կարելի է ասել եւ դրա դիմաց ժպիտների արժանանալ: «Բայց կարծում եմ՝ ՀՀ-ին ոչ ոք իրավունք չունի մեղադրելու իր ազգային անվտանգության շահերից ելնելով, իսկ եթե դրանք նաեւ ԼՂ շահերն են պահանջում, մերժել նույնիսկ ամենամոտ ռազմավարական դաշնակցի մոտեցումները: Ցավում եմ, որ ՆԱՏՕ-ն, որի իմիջը, գոնե Հայաստանում, այնքան էլ բարձր չէ նաեւ իր դաշնակից Թուրքիայի պատճառով, էլ ավելի է տուժելու նման ձեւակերպման պատճառով: Այսպիսի՝ Հայաստանի ազգային շահերն անտեսող ու ոտնահարող մոտեցումները իրականում ազդելու են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների վրա եւ դրանց խորացման համար խոչընդոտ են հանդիսանալու: Հետեւաբար՝ մտածելու բան ոչ միայն Հայաստանը, այլեւ ՆԱՏՕ-ն ունի, որը Հարավային Կովկասը դիտարկում է որպես մեկ ամբողջություն եւ իր համար ռազմավարական նշանակություն ունեցող»,- հայտարարեց Ստ. Սաֆարյանը: