Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿԱՐԳ ԵՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ԱՐԴԵՆ ԴԱՀԼԻՃՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 20,2010 00:00

\"\"Համենայնդեպս՝ այդպես է եղել երեկ Կապանի մշակույթի տանը «Ժառանգության» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Երեկ Կապանում բնակչության հետ դահլիճային հանդիպում են ունեցել «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը, եւ կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Զարուհի Փոստանջյանը մեզ հեռախոսով հայտնեց, թե արդեն 2 օր է, ինչ հանդիպումներ են անցկացնում Սյունիքի մարզում: Եվ հարցին, թե արդյոք այս անգամ է՞լ իր առջեւ խոչընդոտներ հարուցվեցին, ինչպես եղավ նոյեմբերի 11-ին՝ Կապանում հակաուրանյան հանրահավաքի ժամանակ, երբ իրեն արգելում էին ելույթ ունենալ՝ պատասխանեց. «Ոչ, միջադեպեր կամ խոչընդոտներ չեն եղել: Այցը պայմանավորված էր նրանով, որ դեռ սեպտեմբերի սկզբին այցելելով այս մարզ եւ հանդիպումներ ունենալով՝ հայտնել էի, որ «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված եմ պատասխանատու Սյունիքում եւ գոնե 2 ամիսը մեկ անգամ այցելելու եմ: Հանդիպումների ընթացքում ինձ ասում էին, թե շատ վատ է, որ ԱԺ պատգամավորները չեն այցելում մարզ, եւ, ըստ էության,  Սյունիքի մուտքն ազդարարող զանգերի մոտից այն կողմ Հայաստանն իրենց համար վերջանում է: Իրենց խնդրանքն ու պահանջն էր, որ իմ այցերը լինեն հաճախ: Եվ փաստացի ստացվեց, որ նոյեմբերին արդեն 2-րդ անգամ եմ այցելում Սյունիք»: Կապանում երեկվա հանդիպման մասին տիկին Փոստանջյանը մի ուշագրավ մանրամասն պատմեց. «Բազմաթիվ ոստիկաններ էին եկել՝ ոստիկանական համազգեստով: Ասացի, թե առաջին անգամ եմ տեսնում, որ նման հանդիպումների մասնակցեն նաեւ ոստիկանները: Պատասխանեցին, թե իրենց հանձնարարել են, որ վերահսկեն հասարակական կարգը, իրենք էլ ապահովում են: Եվ ողջ հանդիպման ընթացքում շա՜տ խելոք լսում էին, թե ինչ ենք խոսում»:
Թերեւս՝ նման ներկայությունն էլի հակաուրանյան հանրահավաքի արձագանքներից է: Դրանից հետո Կապանի տարածաշրջանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Փարսադանյանը հայտարարություն էր տարածել, թե չէին ցանկանում, որ «որոշ քաղաքական ուժեր օգտագործեն այս շարժումն իրենց անձնական, քաղաքական նպատակներով»: Եվ ըստ նրա՝ Զարուհի Փոստանջյանին չէին ցանկացել ձայն տալ, քանի որ «նա Երեւանում հայտարարություններ էր անում իր կողմից Կապանում հանրահավաք կազմակերպելու վերաբերյալ: Մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ է, որ մենք կարողացանք այսքան հասունացնել խնդիրը եւ դեռ ավելի կհասունացնենք, բայց մեզ համար անընդունելի է, որ մեր կատարած աշխատանքը վերագրեին իրենց եւ մեզ գործիք դարձնեին»: Իսկ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Կապանում լրագրողներին ասել էր, թե հակաուրանյան շարժումը սկսել են որոշ քաղաքական ուժեր. «Նրանք իրենց PR-ի համար ամեն ինչ անում են, ազդում են ժողովրդի տրամադրության վրա, խեղաթյուրում առկա տեղեկատվությունը»: Զարուհի Փոստանջյանը չցանկացավ մանրամասն անդրադառնալ վերոհիշյալ հայտարարություններին ու միայն ասաց. «Ես ուղղակի անում եմ այն գործը, որը պարտավոր եմ կատարել: Թե ինչ-որ անձինք կամ խմբեր ինչպես կարող են դա մեկնաբանել՝ իրենց գործն է: Ես իմ պարտավորությունների շրջանակում եմ գործում: Այլ բան է, որ կան մարդիկ, որոնք իրենց պարտավորությունների շրջանակից դուրս են գալիս»: Եվ նախարար Արմեն Մովսիսյանին, որն ԱԺ այս քառօրյայում չպատասխանեց Կապանում ուրանի հարստացման կոմբինատի ճակատագրի վերաբերյալ Զարուհի Փոստանջյանի հարցերին՝ հեռակա խորհուրդ տվեց հաջորդ անգամ գոնե պատրաստված գալ ԱԺ-ի կառավարության հետ հանդիպմանը. «Բավական նյութեր եմ հավաքել այս այցի ընթացքում»:
Ի դեպ, խնդրեցինք նաեւ անդրադառնալ այն հրապարակումներին, թե այս այցի նպատակը «Ժառանգություն» կուսակցության Սյունիքի մարզային կառույց հիմնելն էր, որպեսզի պարզենք՝ իրոք հիմնվե՞լ է կառույց: «Չգիտեմ, թե մամուլում ինչ է հրապարակվել,- պատասխանեց տիկին Փոստանջյանը:- Կարող եմ միայն ասել, որ եթե մենք ամեն անգամ արծարծում ենք մարդկանց խնդիրները՝ նաեւ գործում ենք այդ տարածքում: Իսկ թե ինչեր են տարածում մեր գործունեության մասին՝ այդ տարածողների խնդիրն է: Ափսոսում եմ, որ ԶԼՄ-ները սեւեռվել են միայն Սյունիքի վրա եւ չեն անդրադառնում մեր մարզային այլ այցերին, որոնք մեր ամենօրյա աշխատանքի մաս են կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել