Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մերն ուրի՞շ է

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"«Աշխարհում աբսուրդները ծնվում են լավ ապրելակերպից եւ իրենց բնույթով զավեշտական են, իսկ մեզ մոտ հակառակն է»

«Ուր ուզում ես՝ գնա, որ ոլորտն էլ տնտղես՝ աբսուրդի թագավորություն է, ամենափոքր մարզից մինչեւ քաղաքամայր Երեւան, Ազգային ժողովից սկսած՝ Ազգային ակադեմիական թատրոնով վերջացրած»: Այսպես հակիրճ իր նոր՝ «Աշխարհի կենտրոն Հայաստանս» ծավալուն աշխատությունն է ներկայացնում մեր գործընկերը՝ լրագրող, հրապարակախոս Վահե Մովսիսյան-Մելիքյանը: Նրա նախորդ՝ «Կրկնակի ղողանջ» եւ «Մարդը քո կողքին» գրքերում էլ հեղինակը ներկայացրել է անկախության տարիների ձեռքբերումներն ու բացթողումները այնպես, ինչպես կան:

«Աշխարհի կենտրոն Հայաստանս» բաղկացած է «Աբսուրդի երկիր Հայաստանս», «Քաղաքական անձեռոցիկներ», «Հաշվենկատ խճանկարչություն» եւ այլ բաժիններից: Ընդ որում, առաջին անգամ նրա գրքի հերոսներ են դարձել տարբեր ոլորտների պաշտոնյաները:

«Առավոտը» խնդրեց լրագրող-հրապարակախոսին՝ համառոտ ներկայացնել գրքի բաժիններից, օրինակ՝ «Աբսուրդի երկիր Հայաստանս»:

«Աբսուրդը, իհարկե, մենք չենք հորինել, այն հայրենիք չունի, բայց հանգամանքների բերումով սեփականատերը մենք ենք: Եթե աշխարհում աբսուրդները ծնվում են լավ ապրելակերպից եւ իրենց բնույթով զավեշտական են, մեզ մոտ հակառակն է»,- ասաց Վ. Մովսիսյան-Մելիքյանը: Բացելով փակագծերը, ներկայացրեց հետեւյալ փաստերը, նշելով, որ պետություններ կան, որտեղ աբսուրդի հետեւանքով կարող են կիրառվել պատժամիջոցներ՝ օրենքով սահմանված կարգով. «Օրինակ, Նյու Ջերսիի ոստիկանությունը քաղաքային գրադարանի անփույթ ընթերցողներին արթնացնում է կեսգիշերին եւ տանում մոտակա ոստիկանատուն, ուր մինչեւ առավոտ նրանց պահում են հատուկ խցերում, ապա պիտակավորում որպես գողեր: Մինչդեռ մեր երկրում, գրադարանային համակարգի համատարած ոչնչացումը, ալան-թալանը, գրախանութներն ու ընթերցասրահները վաճառելը, մեղմ ասած՝ խրախուսվում են: Ստացվում է, որ գրադարան-գրախանութ պահելը պետության համար ավելորդ հոգս է, իսկ դրանց փոխարինած բար-սրճարանները «կթու կովեր» են: Աբսուրդներից որն է լավը՝ գրքի պատճառով մարդուն պատժե՞լը, թե՞ բյուջեն ամեն գնով լցնելը…»: Տեղական եւ արտերկրյա աբսուրդների տարբերությունից մի երկուսն էլ նշեց. «1974թ.-ից մինչ օրս շվեդական ընտանիքներում նորածնի լույսաշխարհ գալուն պես, երեխային խնամելու նպատակով, 6-ամսյա ֆիզարձակուրդ (ամուսինների ցանկությամբ) ստանում է նաեւ հայրը: Շվեդական այս աբսուրդը հայերիս համար դատապարտելի է, հայ տղամարդուն անվայել»: Մեր զրուցակիցը վստահեցնում է, որ ինչքան շատ ես խորանում, այնքան ավելի ես համոզվում, որ մեր ու աշխարհի աբսուրդների միջեւ սարուձոր կա. մերն ուրիշ է: «Մեքսիկայում պահանջվում է հատուկ իրավունք՝ էշ հեծնելու համար: Նախ՝ անձը հստակ պետք է իմանա երթեւեկության կանոններն ու ճանապարհային տարբերանշանները եւ որպեսզի ստանա իրավունք, պարտավոր է ոստիկանություն ներկայացնել 8 լուսանկար, որից 6-ը՝ հեծյալինը, 2-ը՝ էշինը: Իմիջիայլոց, մենք էլ ունենք էշային աբսուրդ. մոտ 100 հազար դրամ տալիս ես եւ առանց պրոբլեմի 5-6 օրվա ընթացքում իրավունք ձեռք բերում, որից հետո նոր մեքենա վարել սովորում»,- պատմեց մեր զրուցակիցը: Հավելեց նաեւ, որ մեր աբսուրդները օրիգինալ են եւ չունեն նախատիպեր: Հիշեցրեց նաեւ 2009թ. Երեւանի կենտրոնական հրապարակում ինքնահրկիզման դիմած մարդուն փրկելու նպատակով անցորդներից մեկը՝ դեսպանատան աշխատող, հագից հանել էր պիջակը եւ փորձել հանգցնել կրակը: Արդյունքում զրկվել էր ոչ միայն հագուստից, այլեւ այրվել էր վարորդական իրավունքը: Իսկ նորը ձեռք բերելու համար նրանից պահանջել էին վճարել 31 հազար դրամ, ներկայացնել համապատասխան ակտ՝ հրշեջ ծառայությունից եւ այլն: Դրանից հետո միայն թույլատրել էին նոր հիմունքներով քննություն հանձնել: Վ. Մովսիսյան-Մելիքյանը հարցնում է. «Հայկական այս «զտարյուն» աբսուրդից հետո էլ ո՞վ կփորձի օգնության ձեռք մեկնել»: Գրքի հեղինակը կոչ է անում գիրքը ոչ թե դիտել «ընդդեմ այսինչի կամ այնինչի, այլ՝ հանունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել