Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դիրելը նախապատվությունը տալիս է Արթուր Աբրահամին

Նոյեմբեր 19,2010 00:00

Նոյեմբերի 27-ին Հելսինկիի «Hartwall Areea» սրահում գերմիջին քաշային կարգում կայանալիք «Super Six World Boxing Classic» մրցաշարի երրորդ շրջանի Արթուր Աբրահամ-Կարլ Ֆրոչ մենամարտից երկու շաբաթ առաջ մթնոլորտն աստիճանաբար սկսում է թեժանալ: Մարտի առիթով Նյու Յորքում հրավիրված ԶԼՄ-ների միջազգային ասուլիսին ներկա են եղել նաեւ իրենք՝ մասնակիցները, որոնք խոսել են մարտին իրենց պատրաստականության աստիճանի եւ միմյանց մասին:

Լրատվամիջոցների հրապարակած տեղեկատվության համաձայն, բռնցքամարտիկները թեեւ հայտարարություններում «առատաձեռն» չեն եղել, սակայն երկուսն էլ վստահ են, որ հաղթելու են: Թե ինչո՞վ է պայմանավորված եղել այդ ասուլիսում նրանց քչախոսությունը, դժվար է ասել: Բայց փաստ է, որ դրանից առաջ իր ակտիվությամբ աչքի է ընկել հատկապես անգլիացին: Մասնավորապես, նա վերջին հարցազրույցներից մեկում համոզմունք է հայտնել, թե առաջիկա մրցակիցն իրենից, անկասկած, վախենում է: «Աբրահամը վախենում է ինձնից, քանի որ նա «Super Six»-ում առաջին անգամ է իսկական նոկաուտ անող մրցակցի հետ ռինգ մտնելու: Նա շարքից դուրս բերեց Ջերմեն Թեյլորին, որից արդեն ոչինչ չէր մնացել: Եվ մի մոռացեք, որ Թեյլորին «կոտրողը» հենց ես եմ եղել: Այնուհետեւ, Արթուրը հանդիպեց Անդրե Դիրելի հետ, որին պարտվում էր մարտի բոլոր ռաունդներում: Եվ թույլատրելիի սահմանն անցնելուց հետո որակազրկվեց»,- ասել է Կարլ Ֆրոչը:

Արթուր Աբրահամն առայժմ կամ լռում է, կամ իրեն անհամեմատ զուսպ է պահում: Բայց Աբրահամ-Ֆրոչ հակամարտության հավանական ելքի մասին խոսել է Անդրե Դիրելը, որը միակ բռնցքամարտիկն է, ում մրցավարների որոշմամբ պարտվել է Արթուր Աբրահամը: Նրա համոզմամբ, հաղթանակն Արթուրինը կլինի, այն էլ՝ ժամանակից շուտ: «Ո՞վ կհաղթի: Աբրահամը՝ նոկաուտով: Կարծում եմ, այս անգամ նա կփորձի նախաձեռնողի դերում լինել, ինչպեսեւ Ֆրոչը: Բայց Աբրահամն ավելի ուժեղ է եւ ավելի ամուր ու դժվար խոցելի պաշտպանություն ունի: Այնպես որ, կհաղթի Աբրահամը»:

Հիշեցնենք, որ այդ օրը Հելսինկիում խաղարկվելու է նաեւ երկրորդ միջին քաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոնի թափուր տիտղոսը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել