Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանը դիմել է դատարան

Նոյեմբեր 19,2010 00:00

Վիրավորված դերասանը բարոյական վնասի փոխհատուցում է պահանջում

\"\"Դերասան Սերգեյ Դանիելյանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությանը դատի է տվել: Երեկ այս մասին «Հայելի» ակումբում լրագրողներին հայտնեց դերասանը: Պարզվում է՝ օգոստոսի 3-ին դերասանը «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությունից ձեռք է բերել Երեւան-Քոբուլեթի երթուղու տոմսեր, մեկնումի օրը պարզվել է, որ իր ընտանիքի անունով տոմսերը վաճառված են մի քանի ուղեւորների:

«Օգոստոսի 3-ին կնոջս հետ պետք է մեկնեի Քոբուլեթի՝ հանգստանալու, տոմսերը նախապես էինք ձեռք բերել: Երբ հասանք կայարան, պարզվեց, որ կնոջս տոմսը վաճառված է եւս մեկ մարդու: Գնացքում իմացա, որ այդպիսի իրավիճակում միայն ես չեմ հայտնվել: Ինձ՝ իբրեւ թե որպես դերասանի, մի ձեւով տեղավորեցին ու տեղ հասա: Վերադարձին կրկին նույն վիճակն էր, դեռ ավելին: Տոմսերս կրկին մեկ այլ մարդու էր վաճառված, բայց ես նույնիսկ չհասցրի գնացք նստել, քանի որ տոմսի վրա մեկնման ժամը նշված էր 1:24, իսկ գնացքը շարժվել էր ժամը 1-ին: Գնացքի ետեւից ձեռքով արեցինք: Գնացքի պետն էլ դեռ ձեռ առավ՝ կարող ա՞ գիտես տաքսի ա, ձեռով ես անում… Ճամպրուկները ձեռքս չգիտեի՝ ինչ անել. շատ ծիծաղելի վիճակ էր: Գնացքին հասնելու համար ստիպված նստեցի տաքսի, մոտ 50 դոլար ծախսեցի, որպեսզի հասնեմ Ուռեկի՝ այնտեղից գնացք նստելու համար»,- ասում է դերասանը: Երեւանում նա դիմել է կայարանապետին, վերջինս ներողություն է խնդրել, նշելով, որ դրանից ավելին չի կարող անել: «Ես բարոյական վնասի հատուցում պահանջեցի կայարանապետից, ի պատասխան նա ինձ ասաց՝ բայց մենք մի ձեւով ձեզ տեղ ենք հասցրել, չէ՞,- վրդովված պատմեց դերասանն ու շարունակեց:- Նույնիսկ գնացքի պայմանները չէին համապատասխանում ընկերության ներկայացրած գովազդին: Վագոնում չէր աշխատում կոնդիցիոները, զուգարաններից մեկը փակ էր, մյուսից էլ շան հոտ էր գալիս»: Ս. Դանիելյանը նախքան դատարանը՝ դիմել է «Հարավ-կովկասյան երկաթուղիներ» ընկերությանը՝ պահանջելով փոխհատուցել իր լրացուցիչ ծախսած 45 000 դրամը, սակայն նրան մերժել են եւ տեղեկացրել, որ որպես հատուցում մի քանի աշխատողի հեռացրել են: «Նամակում ընկերությունը գրել էր, թե՝ գիտե՞ք, մենք ձեզ տեղ ենք հասցրել: Դուք ապացույցներ չունեք, որ այդպես է եղել, յոլա գնացեք»,- ասաց նա:

Բանախոսը, որ արդեն դատի է տվել ընկերությանը, ընդգծում է. «Եթե միայն ինձ հետ լիներ այս դեպքը, ես կկարծեի, թե շփոթմունք է, բայց միայն մեր վագոնում 3-4 մարդ նույն վիճակում էր: Անձնական ոչինչ չունեմ ընկերության դեմ, սակայն կարծում եմ, որ պետք է համակարգը փոխվի… Ինձ էշի տեղ չպիտի դնեն, տոմսս երկու անգամ ծախեն եւ վրես փող աշխատեն… Այս երկրում մարդիկ այնքան են հաբրգած, այնքան թքած ունեն, որ ասում են՝ աղմուկ ա, կբարձրացնես, կանցնի, էլի…։ Մեկ ա՝ պիտի նստեք մեր պոեզդը, որովհետեւ մենակ էդ ա ու էժան ա։ Մեկ ա, այ սենց ստորացնելով՝ պետք ա օգտագործենք ձեզ… Այ, դա է ինձ սպանում, ոչ թե 45 000-ի կռիվն եմ տալիս: Ինձ ասում են՝ ապացույց չունես, բայց տոմսերն ինձ մոտ են, ես վերցրել եմ համընկած տոմսերը»:

Իրավաբան Լեւոն Սահակյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հայցը ներկայացվել է հոկտեմբերի 25-ին, առաջին նիստը կայացել է երեկ: Ներկայացնելով տոմսերը, իրավաբանը նկարագրեց իրավիճակը՝ ցուցադրելով համընկած տոմսերը. «Մի տոմսի վրա գրված է Մարինե Խաչատրյան, օրը՝ 03.08.10, վագոն 4, տեղ 2: Նույն բանը գրված է նաեւ Սերգեյ Դանիելյանի կնոջ՝ Աննա Կիրակոսյանի տոմսում՝ նույն օրը, տեղը, վագոնը: Եվ եւս մեկ խախտում արդեն վերադարձի ժամանակ՝ էլի նույն համընկնումը, ուղղակի մի տեղ գնացքը շարժվում է ժամը 13:00-ին, մյուսում՝ 13:24-ին: Այնինչ՝ իսկական շարժվելու ժամը 13:00-ն էր»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել