Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԱՐԵՆՑՈՎ ԶԲԱՂՎԵՆՔ, ՈՉ ԹԵ ԵՆԹԱԴՐՅԱԼ ՏՆՈՎ»

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"Կոչ են անում մասնագետները

«Հերթական թուրքական խորամանկ քաղաքականություն: Մարդիկ, առանց ճշմարտությունն իմանալու, աղմուկ են բարձրացնում եւ ում ասես՝ մեղադրում են: Համոզված եմ, որ տան վաճառքն էլ է մեր դեմ ուղղված: Հայերը պետք է այնքան ուժեղ լինեին, որ այդքան մեծ ռեակցիա չտային»,- Եղիշե Չարենցի՝ Կարսում գտնվող տան՝ 250 հազար լիրայով վաճառքի հանվելու հետ կապված վերջերս բարձրացած աղմուկն «Առավոտի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Ներկայացնելով Չարենցի քրոջ՝ Աշխեն Սողոմոնյանի, նրա մանկության ընկեր Արտաշես Ալեքսանդրյանի ու այլ մտերիմների հուշերն ու նկարագրությունները, Լ. Հակոբյանը նշեց, որ Կարսում գտնվող տունը եղել է Ալեքսանդրովյան 8 հասցեում, որն այսօր վերանվանված է Էրզրումի 100: Տուն-թանգարանի տնօրենը համոզված է, որ բանաստեղծի ընտանիքը Կարսում սեփական տուն չի ունեցել, ինչի մասին, նրա փոխանցմամբ, վկայում են նաեւ չարենցագետները. «Նրանք համեստ են ապրել, Չարենցը դպրոցից դուրս է մնացել, որովհետեւ հայրը չի կարողացել վճարել ուսման վարձը, ի՞նչ սեփական տան մասին կարող է խոսք լինել»: Լ. Հակոբյանի խոսքով, 2005թ. մտավորականների խմբով Կարս այցելության ժամանակ իրենց գտած շինությունն է այն տունը, որտեղ Էրզրումից հեռանալուց հետո ապրել է Սողոմոնյանների ընտանիքը, ծնվել է Ե. Չարենցը ու ապրել մինչեւ 12-13 տարեկան: Տեղն էլ ազգությամբ քուրդ քաղաքապետն է ցույց տվել: Ըստ տիկին Հակոբյանի, Սողոմոնյանների ընտանիքը Կարսում 3-4 տուն է փոխել: Տնօրենը տեղյակ չէ՝ վաճառքի հանված շենքն ինչ շենք է. «Ինքս վերջերս Թուրքիայում չեմ եղել, ի՞նչ իմանամ, ո՞ր տան մասին է խոսքը, ինչ-որ անհատներ ուղղակի սենսացիա են անում»: Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծիք էր հայտնել, թե Կարսում 2 տուն կա, որը պայմանականորեն են համարում Չարենցինը: Նա նաեւ նշել էր, թե հայկական կողմից հստակ քայլեր չեն արվում, որպեսզի պարզեն, թե որն է Չարենցի իսկական տունը: Գրականագետի կարծիքով, այդ հարցով պետք է զբաղվի ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որին պետք է դիմի Ե. Չարենցի տուն-թանգարանը կամ ՀՀ մշակույթի նախարարությունը: Լ. Հակոբյանը նշեց, որ Կարսի քաղաքապետարանում իրենց ցույց են տվել Ալեքսանդրովյան 8 հասցեի տունը. «Պարոն Գասպարյանը սխալ է ասել՝ մյուս տունը, որտեղ քրդեր էին ապրում՝ Ալեքսանդրովյան 8-ը չէր: Կարսի քաղաքապետարանը սխալվել չէր կարող: Կարսում հայկական տները ճարտարապետությամբ տարբերվում են, փողոցներ կային, որ մտնում էիր, թվում էր, թե Գյումրիում ես: Այդ տները թափուր էին, մեզ ուղեկցող թուրք լրագրողներից մեկին հարցրինք, թե կենտրոնական փողոցներում ի՞նչ արժեն այդ տները, ասաց՝ մինչեւ 25-30 հազար ԱՄՆ դոլար: Ուզեց հասկացնել, որ դրանք հայերի տներ են, որտեղ թուրքերը բնակվել չեն ցանկանում»: Չարենցի տուն-թանգարանի տնօրենը կարծում է, որ վաճառքի հանված տունը հայերի կողմից գնվելու մասին խոսք լինել չի կարող. «Ինչքան էլ պատրաստ լինես վճարել, Թուրքիան իր օրենքներն ունի, պետք է լինես այդ երկրի քաղաքացի»: Մեր զրուցակիցը գտնում է, որ այս հարցում ԱԳՆ-ն անելիք չունի, եւ միայն թրքահայ համայնքը, մեծահարուստները կարող են զբաղվել այդ հարցով:

Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, թե քիչ թե շատ վստահում է հրապարակախոս Հովիկ Չարխչյանի հետազոտություններին, բայց գտնում է. «Ճշգրտորեն կամ նույնիսկ մոտավոր ճշգրտությամբ եղած տվյալների հիման վրա հնարավոր չէ գտնել Չարենցի ապրած հայրական տունը, չեմ էլ կարծում, որ դա այդքան կարեւոր է: Ավելի կարեւոր է Չարենցի արխիվը համալրել, նրա թողած ժառանգությունը ուսումնասիրել»: Հ. Բախչինյանը գտնում է, որ հայերը հերթական անգամ թուրքական քաղաքականության եւ դավերի զոհ են դառնում. «Համարելով այն Չարենցի հայրական տունը, այդ տան գինը բարձրացնում են եւ ինչ-որ թուրք չինովնիկ կարող է այդ տան վրա գումար աշխատել: Մեզ մնում է անտեսել այս փաստը, քանի որ դրանով կարող ենք մի թուրք բիզնեսմենի ջրաղացին ջուր լցնել: Եկեք Չարենցով զբաղվենք, ոչ թե Չարենցի ենթադրյալ տնով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել