Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտության ավերումը ազգային դավաճանություն է

Նոյեմբեր 19,2010 00:00

«Համահայկական գիտական խորհուրդ» հ/կ-ի նախագահությունը երեկ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «ՀՀ իշխանությունների կողմից տարվող ապաշնորհ կադրային քաղաքականության պատճառով երկրի գիտավարչական համակարգը դարձել է բարոյալքված եւ ազգային շահից օտարված հակագիտական այնպիսի օղակներից բաղկացած մի համակարգ, ինչպիսիք են ԳԱԱ-ի նախագահությունը, Գիտության պետական կոմիտեն եւ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը: Այդ կառույցների կոռուպցիոն մոլուցքով տարված չինովնիկները, օգտվելով հանրապետությունում բարձրագույն գիտական փորձագիտական մարմնի բացակայությունից, կարողանում են հեշտությամբ ապակողմնորոշել երկրի բարձրագույն իշխանություններին եւ կատարել գիտության համար հատկացված միջոցների մաֆիական բաշխում` ոչնչացման դատապարտելով տարիների ընթացքում ստեղծված միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ գիտական դպրոցներ: Թվում էր, թե ազգային դավաճանության բնույթ ստացած այդ կառույցների քրեական գործունեությունը, որի մասին շարունակ ահազանգվում է մամուլում եւ արձանագրվել է ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության եւ ՀՀ վերահսկողության պալատի ստուգումներում, կստիպեր ՀՀ կառավարությանը հրաժարվել ներկա գիտաավերիչ եւ կոռումպածին գիտավարչական համակարգից եւ երկրում կձեւավորեր ազատ տնտեսական զարգացման ուղի ընտրած, քաղաքակիրթ երկրին հատուկ համակարգ, որը պետական միջոցները կբաշխեր ոչ թե խմբակային, այլ քաղաքակիրթ աշխարհում ընդունված գիտնականների եւ գիտական կոլեկտիվների ակտիվության գնահատման չափորոշիչների համաձայն: Սակայն ՀՀ կառավարությունը նորից հայտնվեց այդ չինովնիկների կամայականությունների ճիրաններում եւ թույլատրեց խորհրդային կանոնակարգերով գործող ԳԱԱ-ին բազմապատկել գիտությանն անհայտ ակադեմիկոսի «շապիկ» կրող չինովնիկների թիվը, իսկ ԳՊԿ-ին, առանց լուրջ փորձագիտության ենթարկելու նախորդ տարիների ընթացքում պետական ֆինանսների բաշխման արդյունքները, նորից հայտարարել թեմատիկ ֆինանսավորման մրցույթ, որի դիլետանտ եւ կոռումպածին բնույթն արդեն բազմիցս քննադատվել է մամուլում:

Արդյունքում ստացվում է, որ «Գիտելիքը պիտի փոխարինի տգիտությանը» կարգախոսն ընտրած ՀՀ կառավարությունը հանդես է գալիս երկրի հարկատուների հաշվին մեր ազգային գիտությունը վարկաբեկող ԳԱԱ-ի ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ներկա կազմի բազմապատկման եւ միայն ինստիտուտի ցուցանակ կրող եւ ԳՊԿ-ի կողմից համարյա դատարկ շենքերի խմբակային ֆինանսավորում իրականացնող գործընթացները հովանավորողի դերում: Գտնում ենք, որ ներկա դարում երկրի գիտության ավերումը համազոր է իրական ազգային դավաճանության, ուստի այն կանխելու նպատակով կոչ ենք անում նախ դադարեցնել վերը նշված գիտաավերիչ մրցույթները եւ ձեռնամուխ լինել գիտավարչական համակարգի բարեփոխումների գործընթացների իրականացմանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել