Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՉԱԿՐԱՑ ԱՐՇԱՎԱՆՔ՝ ԷՄՈՆԵՐԻ ԴԵՄ

Նոյեմբեր 19,2010 00:00

Ոստիկանները ենթադրյալ էմոներին բաժին են հրավիրել, բայց չեն ասում, թե ո՞ր օրենքի խախտման համար

«Առավոտի» տեղեկություններով, երեկ, ժամը 17-ի սահմաններում, Սարյան փողոցի փոստատան մոտակայքի պուրակից Կենտրոնի ոստիկանություն է տարվել 9 աղջիկ: Ոստիկանները որոշել են, որ նրանք էմոներ են: «Առավոտը» ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Աշոտ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչի՞ հիման վրա են աղջիկներին բերման ենթարկել, ի՞նչ օրենք են խախտել, եւ ոստիկանները ո՞նց են պարզելու՝ նրանք էմոնե՞ր են, թե՞ ոչ: «Ճիշտն ասած, ես իմ աշխատասենյակում չեմ, որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, եթե բերած էլ չեն, ուրեմն հրավիրած կլինեն, էդպիսի տեղեկություններով աշխատանքներ տարվում են: Կոնկրետ իրենց հետ կապված ոչինչ ասել չեմ կարող»,- հեռախոսով ասաց Ա. Կարապետյանը:

Հարցին՝ եթե, օրինակ, ես էմո եմ, օրենքով ի՞նչ վտանգ եմ ներկայացնում հասարակության համար, զրուցակիցս հումորով պատասխանեց. «Դուք ինքներդ էմո չեք կարող լինել… Ոնց որ ասեք՝ ես իրավախախտ եմ, բայց ի՞նչ իրավունք եմ խախտել, պիտի պարզաբանվի, չէ՞ …Դա չի նշանակում, որ իրենք քրեորեն պատժելի արարք են կատարել, կարող ա հարցազրույց ունենան հետները, հետ կանգնեն նման մտքից, եթե, իհարկե, ձեր ասածները իրականություն ա: Մեղք են երեխեքը, ինքնասպանության են գնում…»: Բայց ո՞նց են որոշելու՝ աղջիկները էմո՞ են, թե՞ ոչ, ինչի՞ հիման վրա են բաժին հրավիրվել: «Ձեզ ոնց ա թվում… երիտասարդ երեխաներին միգուցե ճիշտ պրոֆիլակտիկա տանեն, հետ կանգնեն էդ մտքից, որովհետեւ մենք դեպքեր ենք ունեցել, երբ ինքնասպանություն են գործել, դուք համարում եք դա լա՞վ բան ա: Դրա համար, եթե էսօր իրականում էմո են, եկեք միաձուլվենք ու պայքարենք էդ երեւույթի դեմ… Եթե էմո են, ինձ թվում ա՝ ճիշտ են արել, որ հրավիրել են, եթե նման բան կա, ուրեմն խրախուսելի ա: Եթե բաժինը հրավիրում ա, օպերատիվ տեղեկություններ էլ կարող ա ունենա… Մարդկայինով վերցրած՝ մեր ազգին հարիր չի, մենտալիտետի մեջ չկա նման բան, որ մեր երեխեքի թեկուզ 0,001 տոկոսը նման ուղղվածություն ունենա, դուք էլ, հասարակական բոլոր կազմակերպություններն էլ պիտի միաձուլվեն ու պայքարենք այս ահավոր կեղտի դեմ…»,- ասաց նա:

Մեր հաջորդ հարցին՝ կա՞ վիճակագրություն, վերջին մի տարվա ընթացքում քանի՞ էմո է ինքնասպան եղել: «Ես իմ բաժնի գծով կարող եմ պատասխանել, մենակ իմ բաժնի մասով կարող եմ ասել»,- ասաց Կենտրոնի ոստիկանապետը:

Խնդրեցինք այդպես էլ վարվել, պատասխանը հետեւյալն էր. «Էդ առանձին թեմա ա, հո հարցազրույց չի՞ հեռախոսով, հետո սա էն հանցագործությունը չի, որ ուղիղ մեղադրենք ոստիկանությանը… ձեզ էլ եմ խնդրում, ձեր հարազատներին, մոտիկներին, շրջապատին, եթե էս հարցով դուք էլ եք ունենում տեղեկատվություն, որ էմո են, խնդրում եմ օգտակար լինեք, եթե նման դեպքի վայրերում դուք գաք, տեսնեք էդ դաժան իրականությունը, որ ինքնասպան ա եղել, դուք կպատկերացնեք, թե էս ինչ վատ աղանդ ա սերմանված մեր մատաղ սերնդի մեջ… Երբ ծնողները բանից բեխաբար տեսնում են երեխեն ինքնասպան ա եղել, էտի սպանվելուն հավասար սթրես ա, շատ վատ բան ա, համենայնդեպս, եթե բաժին են հրավիրվել, խրախուսելի ա, թող հետները զրուցեն, բաց թողնեն: Եթե մեկ-երկուսին էլ հետ պահենք՝ մեր ազգի օգուտն ա»,- ամփոփեց Ա. Կարապետյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել