Լրահոս
Օրվա լրահոսը

56. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"
Մեծ միմոս Լեոնիդ Ենգիբարովի արձանը:

\"\"
Հազար ու մի մանրուք վաճառող Գրիշա Մկրտչյանը:

\"\"
Կոմայգին:

Կրկեսի բակում բանվորները լյուկի ներսն էին մաքրում, որպեսզի վերացնեն կոյուղու խցանումը։ Դռնապանը հայտնեց, որ շենքի ներսում ոչ ոք չկա։ Զարմանալի էր։ Պարզվեց, որ տնօրենը՝ Սոս Պետրոսյանը, երկար ժամանակով արտասահման՝ տղայի մոտ է մեկնել։ Ոչ ոք ոչինչ չի կարող ասել։ Միայն տնօրենը կարող է պատասխանել լրագրողի հարցերին։ Մի սխալ խոսք, ու տնօրենի առաջ պետք է պատասխան տան։ Երբեմնի աշխույժով լեցուն ու երեխաների սիրելի վայրերից մեկը հանդիսացող վայրը քար լռության մեջ է հայտնվել։ Ի՞նչ մարդկանց ձեռքերում է հայտնվել կրկեսը, որ չեն կարողացել պահպանել այս մշակույթը կամ վերակենդանացնել այն։

– Դերասաններ չկա՞ն, որոնց հետ կարող եմ զրուցել։

– Ոչ ոք չկա։

– Իսկ հին արտիստնե՞րը։

– Բոլորը հեռացել են տարբեր երկրներ։ Մի քանի երիտասարդներ կան, մի երկու շարժում են անում, իրենց աստղ են համարում։ Մնում է ԱԼՄ- ից էլ մի- մի աստղ կամ բրիլիանտ ստանան։

Եթե «վաուչերային» սեփականաշնորհման ժամանակ պայման դրվեր, որ մեկ տարում տվյալ ձեռնարկը չգործարկելու դեպքում չեղյալ է հայտարարվում գործարքը, ապա հանրապետությունը այս վիճակում չէր լինի։ Բայց ես գիտեմ դեպքեր, երբ նորաթուխ «կապիտալիստ» սեփականատերերին հանձնարարվում էր ամեն ինչ վաճառել ու փլուզել։ Այդպես փլուզվեց երկրի ողջ արդյունաբերական համակարգը։ Ու ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց դրա համար։ Ու կապ չունի, պատասխանատուն երկրի նախագա՞հ է, վարչապե՞տ, թե՞ օլիգարխ։

Ես դուրս եկա կրկեսի տարածքից, նորից վերադառնալու եւ պատասխանատու կամ գոնե տեղեկություն հաղորդող, սրտացավ մարդկանց հանդիպելու հույսով։

Կրկեսին մոտ հաջորդ հիմնարկը Երեւանի հեծանվահրապարակն էր։ Մինչ տնօրենը՝ Աշոտ Խաչատրյանը, կավարտեր խորհրդակցությունը, հեծանվասպորտի մարզիչ Աբգար Պետրոսյանն ինձ ուղեկցեց հեծանվահրապարակի տարածք։ Եթե վազքուղին ասֆալտապատ էր ու պիտանի՝ հեծանվորդների մարզումների համար, ապա նստելատեղերը ավերված վիճակում են, ասես հսկայական դեւեր են հայտնվել ու կերել, ոչնչացրել դրանք։ Հետո տեղեկացա, որ ոչ մի դեւ էլ չի հայտնվել այստեղ, պարզապես շրջակայքում ապրող բնակիչները էներգետիկ ճգնաժամի տարիներին տարել, վառարաններում այրել են փայտե նստարանները։ Իսկ վազքուղին, չնայած իսպառ զրկված է հանդիսատես ունենալու հնարավորությունից, հեծանվասպորտի ֆեդերացիայի ուժերով նորոգվել է տարեսկզբին ու իր որակական հատկանիշներով ամենաարագն է Հարավային Կովկասում։ Շատերը առարկում էին՝ ինչո՞ւ եք նորոգում, չէ՞ որ նորն է կառուցվելու»։ Սակայն մինչ նորը ունենալը մարզիկներին ու մարզաձեւը պահել էր պետք։ Այս հարցում վճռականություն հանդես բերեց ֆեդերացիայի նախագահը՝ հայկական սպորտի ու մասնավորապես հեծանվասպորտի նվիրյալ Ալեքսանդր Բերեզովսկին։

Տնօրենը զրույցը սկսեց հայ հեծանվորդների միջազգային վարկանիշով գրաված տեղի մասին հաղորդումով։ «Հայաստան» մարզական միության մարզադպրոցի սան, 18- ամյա Սուրեն Պետրոսյանը միջազգային մրցումներում 147- ի մեջ գրավել է 19- րդ տեղը։ Իսկ սպորտի նախարարության դպրոցի սան Մհեր Մկրտչյանը Եվրոպայի մրցումներում գրավել է 10- րդ տեղը, ու այս տարվա վարկանիշային աղյուսակում 59- րդն է 70- ի մեջ։ Այսինքն, մարզումների համար բոլոր առումներով անբարենպաստ պայմաններում հայ մարզիկները մասնակցում են միջազգային մրցումների, որոշակի հաջողությունների հասնում։ Պարզվում է, որ հեծանվահրապարակին կից գործում է հեծանվային մարզադպրոցը, որն ունի 150 սան։

Հեծանվահրապարակի տնօրեն Ա. Խաչատրյանը հպարտությամբ հայտնեց, որ այժմ Իսակովի պողոտային մերձակա տարածքում կառուցվում է նոր հեծանվահրապարակ, որը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին։

– Եթե զարգացած երկրների բուհերը ունեն իրենց հեծանվահրապարակները, ապա մեր ոչ մի բուհ նման կառույց չունի,- ասաց տնօրենը,- սակայն նոր հեծանվահրապարակի շահագործումով հեծանվային սպորտը ավելի մասսայական կդառնա։

Ես թողեցի հեծանվասպորտն իր ապագայի հույսերի մեջ եւ քայլեցի դեպի Անգլիական այգի՝ հիշելով 60- ականների այգին՝ բաց բիլիարդանոցով, աշխույժ եռուզեռով։ Այն երեւանցիների հանգստի սիրելի վայրերից էր։ Այգու մի մասում էին հավաքվում ֆուտբոլասերները, որոնք ֆուտբոլային տեղեկություններ էին հաղորդում իրար, խոսում ֆուտբոլի վարպետներ Սարգիս Հովիվյանի, Արկադի Անդրեասյանի, Խորեն Հովհաննիսյանի, Իշտոյանի խաղային յուրահատկությունների մասին։ Սրանք հասարակական կյանքի ժամանակաշրջանն ընդգծող երեւույթներ են, որոնք, սակայն, փոփոխվում են՝ կախված իրադարձություններից։ Ղարաբաղյան շարժման ժամանակահատվածում այստեղ արդեն ֆուտբոլից ոչ ոք չէր խոսում, քանի որ հասարակությունն արդեն քաղաքականացվել էր։ Խոսում էին քաղաքական նորություններից։ Հավանաբար, Պետանվտանգության ծառայության համար ժողովրդի տրամադրությունը գնահատելու առումով այն լավ միջավայր էր։ Ես մոտեցա այգու նույն անկյունում, արդեն սունդուկյանական Պեպոյի արձանի մոտ հավաքված մարդկանց խմբին։ Այստեղ միայն թոշակառուներ էին։

– Բարեւ ձեզ,- դիմեցի ես,- երեւի ամեն օր գալիս եք այստեղ զրուցելու, ամեն ժամ Սունդուկյանի թատրոնը ձեր հայացքի առջեւ է, ու Պեպոն էլ ասում է՝ էստի համեցեք։ Երբեւէ հաճախե՞լ եք թատրոն։

– Ի՞նչ թատրոն, ինչի՞ց ես խոսում,- պատասխանեց ոչ բարձրահասակ, դեմքին ճերմակ մազերով մի մարդ,- թանկացումը քեզ չի՞ հուզում, ի՞նչ է մտածում կառավարությունը, ժողովրդի բարեկեցության մասին ո՞վ պետք է մտածի։ Երկու սենյականոցում յոթ հոգի ենք ապրում, ոչ մի կերպ չկարողացա նորմալ բնակարան ստանալ։ 30 հազար դրամ թոշակով ինչպե՞ս պահեմ ընտանիքիս գոյությունը։ Ստիպված պահակություն եմ անում…

– Գուցե ասես անուն ազգանունդ։

– Ասեմ որ ի՞նչ, ասենք թերթում տպեցին, հարցս կլուծվի՞։ Ոչ մի անուն էլ պետք չի գրես, որովհետեւ չեմ հավատում։ 30 հարկանի շենքեր են ծլում, իսկ մե՞նք։ Դիմել եմ վարչապետին, բայց դիմումս տեղ չի հասել։ Թատրոն ես ասում, ի՞նչ սրտով գնամ։ Ինֆարկտ եմ տարել, կինս մի քանի հիվանդություն ունի, բժշկի նշանակած դեղերը չեմ կարող գնել։ «Փարոս» ես ասում, անդամ եմ, բայց ոչ մի օգնություն չեմ ստացել։ Սոցնախարարությունում հանդիպել եմ Ավանի մեր տեսուչին՝ Անդրեասյանին, ճանաչում է, դե թող օգներ։ Թատրոն… նյարդերս կծկվել են, տես, քեզ հետ էլ հանգիստ չեմ կարող խոսել, իսկ 40 տարվա աշխատանքիս դիմաց պետք է հանգիստ ու անհոգ ապրեի։ Ծայրահեղ աղքատության մեջ եմ։ «Օրինացի» անդամ էի գրանցվել, դիմեցի՝ ոչնչով չօգնեցին։ Ասում են՝ եհովականները օգնում են, բայց ես հայ եմ… Ես իմ հայրենիքի համար եմ աշխատել, նույնիսկ խոպան չեմ ուզեցել գնալ։

– Լավ, գոնե հանրային տրանսպորտի մշտական տվե՞լ են։

– Հա, միակ օգնությունը, խնդրեմ։

Ցույց տվեց լուսանկարով «մշտական» տոմսը։

– Հիմա գիտեմ անուն- ազգանունդ,- ասացի ես,- Լեւոն Ներսիսյան, հայտնի անուն-ազգանուն է, գիտեի՞ր Լեւոն Ներսիսյանին՝ մեծ դերասան Հրաչյա Ներսիսյանի որդուն։

– Հա, որ գիտե՞մ ինչ, հո չեմ վազելու թատրոն։ Երեք օր ցամաք հաց չենք ունեցել ուտելու։ Բայց մեկ է, ես «բոմժ» չեմ դառնալու, չնայած դրա եզրին եմ արդեն։ Իսկ եթե ուզում ես անտեր մարդկանց տեսնել, կայարանի մոտ կիսակառույց հյուրատունը գնա, ամեն ինչ պարզ կլինի քեզ համար։ Տեսնեմ կարո՞ղ ես գրել նրանց մասին, եթե գրես էլ՝ կտպի՞ թերթը։

– «Առավոտ» թերթը ամենաազատ թերթն է, այ տղա,- մեջ ընկավ տարեց ու ցամաք դեմքով, խոր ընկած աչքերով մի մարդ,- եթե չես կարդում, ապա անպայման կարդա ու նոր կարծիք հայտնիր։

Իհարկե, ես ծրագրել էի թատրոնի շենք մտնել, հանդիպել դերասանների, ռեժիսորների, դրամատուրգների, գեղարվեստական ղեկավարների, վերջապես՝ թատրոնի տնօրենին, սակայն Լեւոն Ներսիսյան անուն- ազգանունով մարդու առաջարկությունը ինձ գայթակղիչ թվաց, չնայած այդպես ես շեղվում եմ թերթի խմբագրի հետ քարտեզով նշած ուղեծրից (արդեն ինձ քաղաքի արբանյակ եմ զգում, որը քաղաքի մի ծայրից՝ Նուբարաշենից, մյուս ծայրը՝ Վահագնի թաղամաս հասնելու համար երկու տարի է պահանջվում, մի տարօրինակ արբանյակ, որը, չնայած սահմանված ուղեծիր ունի, սակայն հաճախ շեղվում է, հայտնվում Լեռնային Ղարաբաղում, Լոռիում կամ այլուր, բայց, ի վերջո, կրկին հայտնվում է ուղեծրում, շարունակում դանդաղ ընթացքն ու հոդվածաշարը)։ Սունդուկյանի թատրոնի մուտքի մոտ հանդիպեցի վաղեմի ընկերոջս՝ Դրամատիկական թատրոնի դերասաններից մեկին, որն ասաց, որ կայարան է շտապում։ Անխոս նստեցի ավտոմեքենան, ու տասը րոպեից արդեն Սասունցի Դավթի արձանի մոտ էի։ Իսկ թե ազգային էպոսի հերոսն այժմ ում վրա է Թուր կեծակին ճոճում, մտածել ու գտնել է պետք։

Երթուղային տաքսիների կայանատեղից տարօրինակ մուտքով կիսակառույցի բակում հայտնվեցի։ Կամարակապ երկարավուն սրահները քրջի շուկայի էին վերածվել։ Ներքեւի հարկ տանող աստիճանները ավարտվում են մի անվերջանալի աղբանոցով։ Այն հիվանդությունների բույն է ու լուրջ վտանգ կարող է հանդիսանալ քաղաքի բնակիչների համար։ Բակում մեքենաների մասեր, գործիքներ վաճառող տարեց մարդը ուշադրությամբ ինձ էր նայում։

– Ես ճանաչում եմ քեզ,- ասաց նա,- Սերգեյ Մկրտումյանն եմ, ես Մարտակերտի շրջանի Դաստակերտ գյուղից եմ։

– Այսինքն, վստահ եք, որ գիտեմ այդ գյուղը, որը 60 տարի է, ինչ գոյություն չունի,- ասացի ես,- բայց աշխարհի ամենաչքնաղ գյուղն է, ու հայկական բնակավայրերից երեւի հնագույններից մեկը։ 482 թվականին Արցախաց աշխարհի Վաչագան բարեպաշտ թագավորը այն նվիրել էր իր դստերը՝ Խոնչիկին։

– Ես այդ գյուղում եմ ծնվել ու մեծացել։

– Երեւի կարոտում ես։

– Այո, շատ, բայց այն 1950- ից անմարդաբնակ է։ Մինգեչեւուրի հիդրոէլեկտրակայանը կլանեց, տարավ բնակիչներին։ Հիսուն տարի է՝ Երեւանում եմ բնակվում։

– Իսկ կարողանո՞ւմ ես մի բան վաճառել։

– Մի կերպ… Մեքենաշինական տեխնիկումն եմ ավարտել, որպես վարպետ երկար տարիներ աշխատել «Հաստոցնորմալ» գործարանում։ Թոշակառու եմ, իսկ լրացուցիչ վաստակը չի խանգարում։

Զրույցին խառնվեց աշխույժ ու ժիր մի մարդ։

– Ես էլ Գրիշա Մկրտչյանն եմ, հազար ու մի մանրուք եմ վաճառում։ Այսօր 500 դրամի առեւտուր եմ արել։ 300 դրամի հաց կգնեմ ու այսօրվա պարտքս կատարած կլինեմ։ Երկու տղաներս հոգեւորական են, երրորդը երաժիշտ է, բայց աշխատանք չունի։

Աղբանոցից հավաքած հին սառնարանների, լվացքի մեքենաների, կենցաղային այլ իրերի կույտերի արանքում կովբոյի գլխարկով եռանդուն մարդ տեսա։

– Ես, որ ժամանակին Հայաստանի լավագույն նորարարներից էի, իմ նորարարական առաջարկությունը գողացավ մինիստրի որդին, յուրացրեց ու ինձ դուրս քշեց, զրկեց ամեն ինչից, դրանից հետո հատակում եմ հայտնվել, բայց ես էլի կարողանում եմ այս ոչնչից սառնարան, սարքեր հավաքել եւ օգնել մարդկանց։ Ես էլի հարգում, սիրում եմ իմ հայրենիքը, պետությունը, չնայած նա չգիտի իմ գոյության մասին։ Ափսոս, ես շատ բան կարող եմ անել… Այդքանը կասեմ, իսկ անունս պետք չի գրեք։

Առանձին մուտքով վեր բարձրացա։ Այն խցերը, որոնք պետք է առաջնակարգ հյուրանոցի համարներ լինեին, տնանկ մարդկանց համար կացարանի են վերածվել։ Սենյակները լեցուն են քրջերի մեջ փաթաթված մարդկանցով։ Ապրելու որեւէ պայմանի մասին խոսք լինել չի կարող։ Նրանք օրն ի բուն քչփորում են քաղաքի աղբարկղերը, ուտելիք, հագուստ գտնում ու բերում որջի վերածված «հյուրանոցային» կացարանները։ Այստեղից ամեն օր մի դիակ են դուրս բերում։ Իսկ ձմռանը դրանք կավելանան։ Բայց եւ դրսում շատերը կան, որոնք իսկույն գրավում են հավերժ հեռացողների տեղերը։ Հաճախ մարդիկ ասում են, թե հասարակության հատակին հայտնված տնանկները նրանք են, որոնք ծույլ ու անբան են ու չեն ուզում աշխատել։ Ուղղակի հասարակական կյանքի համակարգը, ելնելով իր ներսի պայմաններից, մարդկանց մի շերտի դուրս է մղում իր ներսից։ Հիշում եմ, գերմանական Լայպցիգ քաղաքում 3 կմ երկարության մի ամբողջ փողոցի երկու կողմերում շարված տասը հարկանի շենքերում միայն ծերունիներ, տնանկներ էին ապրում, որոնք ապահովված էին սննդով, բժիշկներով, ունեին կենցաղային բոլոր պայմանները։ Չգիտեմ, հասարակություն կազմող տարբեր քաղաք-օրգանիզմները արժե՞ համեմատել իրար հետ։ Թե, ինչպես միշտ, պիտի ասենք՝ դե, Եվրոպա է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել