Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անձնագիրը՝ դատարանով

Նոյեմբեր 19,2010 00:00

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Արտակ Ոսկանյանը վերջապես կդառնա ՀՀ լիարժեք քաղաքացի

\"\"2009 թ. մայիսի 20-ին «Մարդը կյանքի լուսանցքում» հրապարակմամբ անդրադարձել ենք Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի 34-ամյա բնակիչ Արտակ Ոսկանյանին: Պետական կառույցների անտարբերության արդյունքում նրա անձը հաստատող միակ փաստաթուղթը գոյություն չունեցող պետության՝ ԽՍՀՍ անձնագիրն է: Արտակը գյուղում ավարտել է 7-րդ դասարանը, հետո մեկնել Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Բրատսկ քաղաքում բնակվող ծնողների մոտ: 1991 թվականին վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 23-ին Իջեւանի ՆԳ բաժնից ստացել է խորհրդային նմուշի XII-CL սերիայի թիվ 604479 անձնագիրը: Նույն թվի դեկտեմբերի 23-ից մինչ օրս հաշվառված է Խաշթառակ գյուղում: 1992թ. նոյեմբերի 11-ին սրտի հիվանդությունից 35 տարեկան հասակում մահացել է Արտակի մայրը՝ Սեդա Սարհատյանը: 2000 թվականին մահացել է Արտակի հայրը՝ Դմիտրի Ոսկանյանը: 25 տարեկանում Արտակն առանց ծնողների է մնացել: Արտակը 19 տարեկանում կամավոր ներկայացել է Իջեւանի զինկոմիսարիատ, որպեսզի իրեն զինվորական հաշվառման վերցնեն: Սակայն, չգիտես ինչու, չեն հաշվառել: Երբ հանրապետությունում սկսել են նոր՝ ՀՀ քաղաքացու անձնագրեր հանձնել, նա կրկին գնացել է Իջեւանի զինկոմիսարիատ եւ ՆԳ Իջեւանի բաժին՝ հայկական անձնագիր ստանալու համար: Սակայն այն պատճառաբանությամբ, որ Արտակը Իջեւանի զինկոմիսարիատում հաշվառում չունի, մերժել են նրան հայկական անձնագիր տրամադրել: Արտակ Ոսկանյանն ասում է, որ Խաշթառակ համայնքի բոլոր ղեկավարներն էլ տեղյակ էին իր խնդրին: Անցած 18 տարում նա Իջեւանի տարածաշրջանից չի բացակայել, ժամկետային զինվորական ծառայությունից չի խուսափել, այդ պատճառով հետախուզման մեջ չի գտնվել: Արտակ Ոսկանյանը բազմաթիվ դիմումներ է գրել տարբեր պաշտոնյաների (այդ թվում՝ ՀՀ նախագահին եւ վարչապետին): Նրան պատասխանել են, որ իր զինվորական հաշվառման հարցը պետք է լուծվի «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի շրջանակներում, այսինքն՝ Արտակ Ոսկանյանը ժամկետային ծառայությունից խուսափողների պես պետք է իր գործերը ներկայացներ միջգերատեսչական հանձնաժողով եւ բավական մեծ գումար մուծեր՝ կախված խուսափած զորակոչների քանակից: Արտակի դեպքում այդ գումարը կազմում է 1 միլիոն 800 հազար դրամ: Սակայն նա զորակոչից չի խուսափել: Այդ օրենքը վերաբերում է մինչեւ 35 տարեկաններին: Իսկ 2010թ. ապրիլի 13-ին նա դարձել է 35 տարեկան: Սակայն 35 տարեկան դառնալուց հետո էլ նրան ՀՀ քաղաքացու անձնագիր չեն տվել:

Անձնագիր ստանալու գործում աջակցության համար նա դիմել է Տավուշի՝ Շահերի պաշտպանության եւ աջակցության կենտրոն: Կենտրոնի փաստաբան Արփինե Եղիկյանը ձեւակերպել է Արտակ Ոսկանյանի հայցը, ՀՀ վարչական դատարանում եղել հայցվորի ներկայացուցիչը: Նոյեմբերի 5-ին ՀՀ վարչական դատարանը Սեւանի նստավայրում, դռնբաց դատական նիստում քննել է Արտակ Ոսկանյանի հայցը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի ու անձնագրերի եւ վիզաների վարչության: Հայցի պահանջն էր՝ պարտավորեցնել ՀՀ քաղաքացու անձնագիր տալ Արտակ Ոսկանյանին: Նոյեմբերի 10-ին ՀՀ վարչական դատարանը (նախագահող դատավոր՝ Հ. Թորոսյան) վճռել է բավարարել Արտակ Ոսկանյանի հայցը: Դատարանը նաեւ վճռել է Իջեւանի անձնագրային բաժանմունքից, հօգուտ Արտակ Ոսկանյանի, բռնագանձել վերջինիս մուծած 4000 դրամ պետական տուրքը:

Հուսանք՝ Արտակ Ոսկանյանը հնարավորիս կարճ ժամկետում անձնագիր կստանա, քանզի, նրա լեղապարկում քարեր կան, ցավից սուր նոպաներ է ունենում: Արտակը ցանկանում է Երեւանի հիվանդանոցներից մեկում ազատվել քարերից, սակայն անձնագիր չունեցող մարդուն ոչ մի բուժհիմնարկ չի ընդունի: Բժիշկները երկու մանկահասակ երեխաների հորը զգուշացրել են, որ ցանկացած պահի կարող է հիվանդության սրացում լինել: Բացի սրանից, վերջապես կլուծվի Արտակի երեխաների հարցը: Արտակ Ոսկանյանի անձնագրի բացակայության արդյունքում նրա ավագ երեխան մոր ազգանունն է կրում՝ Եգանյան, իսկ կրտսերը հոր՝ Ոսկանյան:

Արտակ Ոսկանյանի անձնագրի հարցով հանդիպեցինք Իջեւանի անձնագրային բաժանմունքի պետ Մեդորա Չապուխյանին: Տիկին Չապուխյանն ասաց, որ պատրաստակամ է օգնելու, թող Արտակը հին՝ խորհրդային կարմիր անձնագրով եւ լուսանկարներով իրեն ներկայանա: Արտակն արդեն ներկայացել է Մեդորա Չապուխյանին: Կարծես թե անձնագիր ստանալու՝ Արտակ Ոսկանյանի «ոդիսականը» մոտենում է երջանիկ ավարտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել