Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի գյուղերում պարբերաբար հայտնաբերվում են թուրքերի՝ 100 տարի առաջվա գազանության զոհերի մասունքներ, լուրջ հետազոտություն, սակայն, դեռ չի իրականացվել:
1920 թվականի սեպտեմբերին քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու ներխուժեց Հայաստան եւ սկսեց մասսայական կոտորածներ իրականացնել՝ առանց սեռային ու տարիքային խտրականության: Նոյեմբերին ռազմակալվեց Հայաստանի հյուսիս-արեւմտյան տարածքը՝ Կարս, Ալեքսանդրապոլ, Սուրմալու, մինչեւ Լոռիի չեզոք գոտի: Թուրք հրոսակները նոյեմբերին սրի մատնեցին Ղալթախչի (այժմ Հարթագյուղ) գյուղի բնակչությանը: «Մեր գերդաստանից 19 հոգու սպանել են, միայն մեկն է փրկվել, որն էլ շարունակել է մեր տոհմը»,- պատմում է հարթագյուղցի Վազգեն Հախոյանը:
«Երկու եղբայրներն ու մայրը մտնում են խոտի մեջ, հետո էդ փոքրը սկսում է լաց լինել, ձայնից թուրքերը գտնում են, բոլորին էլ՝ կոտորում»,- արցունքն աչքերին, կրկին հիշելով հոր՝ Գուրգեն Մինասյանի դառը պատմությունները, պատմում է Միշա Մինասյանը: «Սկեսրայրս պատմում է, որ ժողովրդին լցրել են գյուղի մարագն ու վառել, էդ ժամանակ ինքը 14 տարեկան է եղել»,- պատմում է Բուրաստան մայրիկը: «Էստեղ կոտորել են ու բերել լցրել ջրհորը,- ցույց տալով ջրհորը՝ պատմում է Հարթագյուղ համայնքի դպրոցի տնօրեն եւ պատմության ուսուցիչ Սամվել Հունանյանը,- 3 տարի առաջ ուզում էինք մաքրել ջրհորը, ոռոգման նպատակով էինք օգտագործում: Տղաներից մեկը թոկով իջավ ու մեծ քանակությամբ գանգեր ու ոսկորներ էր գտել: 1920 թվականի զոհերի մասին մեր իմացած թվերը ավելանում ու ավելանում են»:
Նման պատմություններ լսում ենք Հարթագյուղի բոլոր բնակիչներից, նրանք ներկայացնում են կոտորածներից մազապուրծ իրենց տատուպապերի, ականատես նախնիների արյունոտ հիշողությունները: Հազարավոր անմեղ զոհեր, որ այդպես էլ չհասկացան, որ իրենց միակ «մեղքը» հայ լինելն էր:
Այժմյան Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Խնկոյան (Ղարաբոյա), Լուսաղբյուր (Ալբուլաղ) գյուղերում դաժանաբար սպանվել է 11 886 մարդ՝ 2100-ը՝ Հարթագյուղում, 1100-ը՝ Խնկոյանում, 1186-ը՝ Լուսաղբյուրում, իսկ 7500-ը փախստական գաղթականներ էին Ալեքսանդրապոլից եւ Կարսից: Սպանվածների 90 տոկոսը կանայք ու երեխաներ էին: Այս թվերը հավաստում են սպանվածների թաղումն իրականացրած հանձնաժողովի ակտերը: Իսկ պատմության լուռ վկաները՝ գանգեր, ոսկորներ, գյուղացիները գտնում են ամեն գարնան հետ՝ հողը վարելիս, քանի որ դիակներն այնքան քայքայված են եղել, որ տեղափոխելն անհնար է դարձել, եւ կոտորվածների թաղման հանձնաժողովը որոշել է հայտնաբերված դիակները թաղել հենց տեղում: Կոտորածների հաջորդ տարում՝ 1921 թվականի մայիսի 4-11-ը 3 գյուղերում մասսայական թաղումներ կազմակերպվեցին, օգնության հասան շրջակա Նալբանդ, Ավդիբեկ, Բեքենդ, Ղարալ գյուղերի բնակիչները, որոնց դիմադրության շնորհիվ թուրք հրոսակները լքել էին Հայաստանի տարածքը:
Հետազոտության համար անհրաժեշտ ֆինանսներ չունենալու պատճառով գտնված մասունքները ժամանակավոր թաղել են Հարթագյուղ համայնքի Սուրբ Նարեկ եկեղեցու խորանում՝ հատուկ մասնատուփի մեջ: Հարթագյուղի դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանը վստահ է, որ մասունքները մասնագիտական լուրջ հետազոտության կարիք ունեն, պետք է ինդեֆիկացիայի ենթարկվեն եւ նոր թաղվեն, բայց մինչ այժմ ոչ մեկին չի դիմել: «Դե, մեզ համար պարզ է, որ դրանք հենց այդ ժամանակաշրջանի կմախքներ են, բայց կարգ է, պետք է կատարվի, որի համար մեծ միջոցներ են հարկավոր, իսկ պետությունը միջոցներ չունի»,- ասում է Սամվել Հունանյանը:
Առայժմ հարթագյուղցիները բավարարվում են Սուրբ Նարեկ եկեղեցում անմեղ նահատակների հիշատակը խնկարկելով ու հոգեհանգստի կարգ մատուցելով: