Հիշում են ընտրությունից ընտրություն
Երեկ «Առավոտի» խմբագրություն էին եկել տասնյակ կոնդեցիներ: Նրանք մեզ փոխանցեցին 60 կոնդեցիների ստորագրություններով բողոք՝ ուղղված ՀՀ իշխանություններին:
«Բոլորին հայտնի Կոնդ թաղամասում ապրում է կոնդեցիների 4-րդ սերունդը: Որքան էլ անհավատալի լինի, Կոնդ թաղամասը վերջին 100 տարվա ընթացքում չի փոխվել, դեռ մի բան էլ ավելի՝ փլուզվել են թաղամասի առանց այն էլ խարխուլ տները, քանդվել եւ ավերվել են ծուռումուռ փողոցները:
Բակերում, որտեղ մի ընտանիք նույնիսկ չի կարող ապրել, երբեմն 10 ընտանիք է ապրում, օգտվելով նույն զուգարանից, որովհետեւ 21-րդ դարում կոնդեցիների համար մեծ շռայլություն է սեփական կոյուղի ունենալը:
Տարիներ շարունակ Կոնդի գեղեցիկ աղջիկները ջուր կրելով ծերացան, դարձան մայրիկներ, տատիկներ, հիմա էլ իրենց թոռներն են համբերատար ջուր կրում: Ամբողջ աշխարհում կանայք ազատվեցին լվացք անելու մեծ հոգսից, ինչը կոնդեցիներին չի վերաբերում: Ավտոմատ մեքենայի համար պետք է սեփական ջրագիծ ունենալ:
Երբ քաղաքացին պարտք է ունենում պետությանը, պետությունն ամեն կերպ ետ է ստանում պարտքը, նույնիսկ մարդկանց տներից դուրս շպրտելով: Բայց արի ու տես, որ պետությունը մեր կրած ջրով լվացել է իր ձեռքերը եւ մի կողմ քաշվել, Կոնդն ու կոնդեցուն թողնելով բախտի քմահաճույքին:
Ուրախացել էինք, երբ կառավարությունը որոշում ընդունեց սեփականացնել մեր տները: Սակայն մեր պայքարի գնով ձեռք բերած սեփականության վկայականը չարիք դարձավ մեր գլխին, որովհետեւ ցանկացած բանկ, երբ շրջում է եւ տեսնում սեփականության վկայականի հետեւի գրառումը՝ պետության կարիքների համար, հրաժարվում է մեզ հետ գործարք կնքել: Չենք կարողանում վարկ վերցնել, որպեսզի մեր խարխուլ կացարանները վերանորոգենք: Նույնիսկ դժվար է մեր կացարանները տուն համարել: Կոնդեցիներին հիշում են ընտրությունից ընտրություն:
Պարոն Բեգլարյանը, որին ամբողջ Կոնդը տվեց իր ձայնը, խոստացել էր՝ քաղաքապետ ընտրվելուց հետո առաջնահերթ լուծել մեր հարցը: Բայց վերջացավ ընտրությունը, ստացանք ընդամենը 3 ծրար, որտեղ նշվում է, թե Կոնդի իրացման վերջնաժամկետը 2012 թվականն է:
Այսինքն, մինչեւ 2012թ. պետք է նոր պայմանագրեր կապեին տեղաբնակներիս հետ, իրացնեին տարածքը, եւ շենքեր կառուցեին: Արդյունքում, ընդամենը քանդեցին եկեղեցու շրջակայքի մի քանի տներ եւ մեկ շենքի հիմք գցեցին:
Տարածքն իրացնող կազմակերպությունը, որը պարտավոր էր պայմանագրեր կնքել, չի պատասխանում բնակիչների զանգերին կամ էլ լավագույն դեպքում հետաձգում է հստակ պատասխաններ տալ: Հետաքրքիր է, ինչպես են վերջնաժամկետը նշել 2012 թվականը, երբ ընդամենը մի շենքի հիմք են գցել: Մենք այլեւս չենք կարող համբերել, դրա համար ոչ ժամանակ ունենք, ոչ՝ ուժ: Կոնդի բարձունքից քաղաքի որ մասը դիտում ես՝ նորակառույց չբնակեցված շենքեր են, իսկ ինչո՞ւ հնարավոր չէ կոնդեցիներին այդ տներից բնակարաններ տալ: Մենք չենք կարող 100 տարի սպասել:
Մենք դիմում ենք հանրապետության նախագահի միջամտությանը, որպեսզի նա զբաղվի մեր խնդրով, քանի որ դեռ վարչապետ եղած ժամանակ, լինելով Կոնդում, ծանոթացել է մեր բարձրացրած հարցերին»: