«Առավոտի» տեղեկություններով, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնից մի քանի նախապատրաստված նյութեր ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի՝ ճանապարհատրանսպորտային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով հարուցված գործերից են՝ Երեւանի Մյասնիկյան պողոտայում «Արքայաձոր» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած 3 մահով ավտովթարը, որի զոհերից 1-ը ոստիկանության աշխատակից էր: Մյուսը Աջափնյակ վարչական շրջանում ոստիկանության Մաշտոցի բաժնի տեղամասային տեսուչ, ավագ լեյտենանտ Դավիթ Հունանյանի կողմից քաղաքացուն վրաերթի ենթարկելն էր, քաղաքացին մահացել էր իրենց շենքի բակում:
Պռոշյան փողոցում ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ աշխատակից, կապիտան Տիգրան Քալանթարյանն իր ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել կանգառում կանգնած 4 քաղաքացիների, որոնցից 2-ը մի քանի ժամ անց մահացել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկ այլ վթար էլ տեղի էր ունեցել Դ. Անհաղթի փողոցում՝ անցյալ շաբաթ օրը: Վթարված «Նիսան» մակնիշի 022 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենան սպասարկում էր ԱԱԾ աշխատակազմին: Վարորդը՝ Կարեն Գրիգորյանն էր:
ՊՆ ռազմական ոստիկանություն է ուղարկվել Արշակունյաց-Բագրատունյաց խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի գործը: Վթարված «Ջիպի» վրա առկա էր ՊՆ0061Մ համարանիշը: