Հայաստանի բնապահպանության նախարարությունն արձագանքել է Նոր Նորքի, Գայի պողոտայի թիվ 31 շենքի հարեւանությամբ «Վիշապի կոթողներ» այգու տարածքում իրականացվող շինարարությանը: Ինչպես հայտնում է News.am-ը, բնապահպանության նախարարի կողմից եղել է հանձնարարական Երեւանի տարածքային բաժնին՝ տեղում ուսումնասիրել եւ պարզել խնդիրը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ նշյալ տարածքը սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Ռուբեն Կարախանյանին, որն ունի Երեւանի քաղաքապետարանի կողմից տրված 08.11.2010թ. թիվ 01/50-Կ-2038-652 շինթույլտվություն, ըստ որի՝ նախատեսվում է կառուցել բազմաբնակարան շենք:
Երեւանի տարածքային բաժնի կողմից դադարեցվել են շինարարական աշխատանքները՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 4-րդ եւ 12-րդ հոդվածների պահանջների: Հիմք ընդունելով Երեւանի քաղաքապետի կողմից տրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքը՝ նախատեսվում է 1800քմ հողածածկույթի վրա կառուցապատել մոտ 70-%-ը:
Նշենք, որ օրերս այդ տարածքի բնակիչները բողոքի ակցիա էին կազմակերպել ընդդեմ այգու կառուցապատման: «Վիշապի կոթողներ» այգում հարյուրից ավելի երիտասարդ ծառեր կան, որոնք շինարարության արդյունքում պետք է հատվեն: