Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմակայանին զսպո՞ւմ են

Նոյեմբեր 19,2010 00:00

Հայկական ատոմակայանի գործերն այնքան էլ լավ չեն: Օրերս նման տեղեկություն էր հրապարակվել հայկական լրատվամիջոցներից մեկում: Ըստ որոշ լուրերի, ատոմակայանում արտադրված էլէներգիան չի ծածկում ՀԱԷԿ-ի կատարած ծախսերը, քանի որ արտադրված էներգիան վաճառվում է ինքնարժեքից էլ ցածր գնով: Այս հանգամանքը թերթը պայմանավորում է միջուկային վառելիքի թանկացմամբ: Ըստ աղբյուրի, ատոմակայանի ղեկավարությունը արդեն բավական ժամանակ փորձում է ավելի բարձր սակագնի շուրջ համաձայնության գալ իշխանությունների հետ, սակայն վերջիններս ստիպում են ՀԱԷԿ-ին բարձր տոկոսով վարկ վերցնել իշխանությունների տանիքի տակ գործող հայաստանյան բանկերից մեկից եւ դրանով ծածկել վնասները։ Այս առնչությամբ, «Առավոտը» քանի օր փորձում է ՀԱԷԿ-ի տնօրինությունից որոշ պարզաբանումներ ստանալ, սակայն ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանի գործավարը մեր յուրաքանչյուր զանգին ի պատասխան՝ հայտնում էր, որ պարոն Մարկոսյանը խորհրդակցության է: Գործավարի միջոցով պարոն Մարկոսյանին փոխանցել էինք կոորդինատներ, որպեսզի նա պատասխանի մեր հարցերին, սակայն պարոն Մարկոսյանն այդպես էլ չարձագանքեց՝ այդպիսով խուսափելով հարցերին պատասխանելուց: Երեկ մենք փորձեցինք ՀԱԷԿ-ի սպառողներից ճշտել՝ արդյոք նման խոսակցություններ կա՞ն:

Հայաստանի էլեկտրական ցանցերը (ՀԷՑ), որը ՀԱԷԿ-ի խոշոր սպառողներից է, էլեկտրաէներգիան գնում է 4,5 դրամով՝ 1կվ/ժ-ի համար, ինչպես որ գնել է նախկինում: Մեզ հետ զրույցում ՀԷՑ-ից նաեւ հայտնեցին, որ էլեկտրաէներգիա արտադրող փոքր ձեռնարկություններից ՀԷՑ-ը էներգիա է գնում 14,5 դրամով, իսկ Հրազդանի ԳԷՍ-ից՝ 32,6 դրամով: Եվ եթե հաշվի առնենք գների այս աստիճան տարբերությունը, ապա չի բացառվում, որ ատոմակայանն իսկապես վնասով է աշխատում եւ փորձում է սակագինը բարձրացնել: Սակայն քանի որ առջեւում ընտրություններ են, ապա նաեւ չի բացառվում, որ իշխանությունները հասարակության շրջանում ավելորդ լարվածություն չստեղծելու համար՝ ատոմակայանի ղեկավարության ծրագրերը առայժմ զսպում են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել