Լրահոս
Օրվա լրահոսը

«ՊԵՐԵԿԻՍՈՎ» ՀԱՑ ԵՆՔ ՈՒՏՈՒՄ

Նոյեմբեր 19,2010 00:00

Մասնագետն ահազանգում է, որ հայկական հացերը սելիտրա, օճառ ու գենափոխված սոյա են պարունակում

Հացն այն սննդամթերքն է, որ յուրաքանչյուրս ամեն օր օգտագործում ենք, սակայն հայաստանյան շուկայում եղած հացը, պարզվում է, բավականին վտանգավոր է մեր առողջության համար, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ քիմիական նյութեր, այսպես ասած՝ բարելավիչներ: Այսպիսի հացի պարբերաբար օգտագործումն առաջացնում է դիսբակտերիոզ, աղիների բորբոքում, ստամոքսի գործունեության խանգարում, խոցեր, հորմոնալ խանգարումներ, ալերգիաներ եւ այլն: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում հայտնեց մասնագիտությամբ կենսատեխնոլոգ Ալեքսանդր Սելիմյանը: Նա արդեն մեկ ամիս է, որ ստեղծել է գիտաարտադրական «Կռուփ» ընկերությունը եւ թխում է իր մշակած մեթոդով ու բնական բարելավիչով հացեր, որը ոչ միայն առողջությունը չի վնասում, այլեւ առողջարար է:

Պարոն Սելիմյանը համոզված է, որ քիմիական մեթոդով թխված հացերը նույնիսկ կարող են կոնցերոգեն (քաղցկեղի բջիջներ) ունենալ. «Այդ բարելավիչները E-երով են՝ E-132 կամ E-60, մտնում Հայաստան, դրա համար էլ շատերը պատկերացում չունեն, թե դրանք ինչ են, ուստի շատ հանգիստ օգտագործվում են հացի խմորի մեջ: Ասեմ, որ այդ անուններով ներկրված ապրանքների մեջ կա գենափոխված սոյա, այսինքն՝ գենոտիպը փոխած սոյա: Որեւէ մեկը չգիտի, թե դա ինչ հետեւանքներ կարող է ունենալ մարդու օրգանիզմի վրա: Քիմիական հացի մեջ կան նաեւ օրգանական թթուներ, պերօքսիդներ (nպՐպՍՌր), ամոնիումի աղեր՝ կարելի է ասել, որ դա պարարտանյութի՝ սելիտրայի ինչ-որ տեսակ է: Դրանք ամենքն իրենց դերն ունեն: Կան նաեւ էմուլգատորներ՝ օճառներ, կոնսերվանտներ: Նշեմ նաեւ, որ այդ բարելավիչներն էլ են քիմիայով պահվում, որ մեկ տարի մնան եւ չփչանան: Ես ինտերնետում կարդացի, որ այդ նյութերը հանգեցնում են նաեւ չբերության: Առաջացնում են ուժեղ հորմոնալ խախտումներ: Շատ ժամանակ ինձ ասում են, որ եվրոպացիներն էլ են այս հացն ուտում, այդ ինչո՞ւ մենք չպետք է ուտենք, ես կես կատակ, կես լուրջ պատասխանում եմ, որ հենց այդ պատճառով էլ այնտեղ միասեռականները շատ են: Եթե ուզում ենք դրանով նմանվել եվրոպացիներին, ուրեմն շարունակենք ուտել բարելավիչով հացերը»:

Մեր այն դիտարկմանը, թե խանութներում վաճառվող հացի բաղադրության մասին վկայող մակնշման մեջ չի նշվում, որ ինչ-որ բարելավիչով են, մասնագետը պատասխանեց. «Երբ մենք դիմում ենք պետական մարմիններին եւ ահազանգում այդ մասին, նրանք մեզ պատասխանում են, որ ոչինչ չեն կարող անել, մեր երկրում ազատ շուկա է: Բայց նշեմ, որ մեր երկրում կան օրենքներ, ըստ որոնց՝ արտադրողը պարտավոր է բարելավիչների անունները գրել պիտակի վրա, որպեսզի սպառողի իրավունքները հարգի: Չնայած ինչի՞ մասին ենք խոսում, եթե մտնում ես ցանկացած խանութ, հակասանիտարական վիճակով են հացերը վաճառվում, էլ չեմ ասում՝ դրանք ինչ պայմաններում եւ ինչ մեքենաներով են տեղափոխվում այդ խանութներ: Շատերը նույնիսկ արտադրման եւ պիտանելիության ժամկետ չեն նշում, եթե անգամ փաթեթավորում են: Դրա համար էլ այսօր հացն առնում ես, վաղը դեն ես գցում, որովհետեւ ուտելու բան չէ: Այսօր բացակայում է վերահսկողությունն այս շուկայում: Կան բազմաթիվ վերահսկիչ մարմիններ, բայց ոչինչ էլ չեն անում»: Խոսելով գորշ եւ սեւ հացի մասին, նա ասաց. «Մաքսատուն մտնես եւ նայես, թե Հայաստան ինչքան սեւ ալյուր է մտել, կտեսնես, որ 0-ներ են, չի մտել, սակայն բոլոր խանութներում լիքն են սեւ հացերը, դրանք գույն են տված՝ վառած շաքարով: Գորշ հացն էլ է այդպես, քանի որ այն թխելու համար սպիտակ ալյուրն ավելի շատ են օգտագործում, որովհետեւ միայն սեւ ալյուրով թխված հացը չի ուռչում: Բայց այդպիսի հացեր ուտում են հիմնականում դիաբետիկները, որոնք մեր երկրում 100 հազարի են հասնում: Նրանք խանութում տեսնում են սեւ հաց, գիտեն, որ դա ավելի օգտակար է, բայց խաբվում են: Մենք մեր գիտաարտադրական «Կռուփ» ընկերությունում գորշ հացը թեփով ենք անում եւ հացաթանով՝ բնական բարելավիչով»:

Պարոն Սելիմյանի ներկայացմամբ, վտանգավոր է ոչ միայն վաճառվող հացը, այլեւ լավաշը. «Մի քիչ լավաշի դրությունն ավելի լավ է, քան հացինը: Բայց մեծ ընկերությունները, որոնք լավաշ են արտադրում, որպես գովազդ նշում են, որ իրենց լավաշն առանց խմորիչի է՝ դրոժի: Սա անգրագիտության չափանիշներից վեր է: Ոնց որ գնաս խանութ եւ ասես՝ առանց կաթի սարքած մածուն տվեք: Այդպիսի բան գոյություն չունի: Հայկական լավաշը երբեւէ առանց խմորիչի չի եղել: Դա եփած կրախմալ է, որն ավելի վտանգավոր է, քանի որ եթե այն ուտում ես, ստամոքսդ պետք է աղաթթու արտադրի, որ դա մարսես, բայց նման բան չի լինում, ուստի մարդը սկսում է ճարպակալել: Ես չեմ պատկերացնում, որ աֆրիկյան ամենահետամնաց երկրում այս կարգի անգրագիտություն լինի, որ պետությունը որեւէ բան չանի իր երկրի քաղաքացիների առողջության համար: Մի գրագետ մարդ չկա՝ ստուգի եւ ասի, որ նման բան անել չի կարելի: Մենք հացի թխման պետական ստանդարտներ էլ ունենք, որով լավաշի խմորին պետք է անպայման դրոժ ավելացնել: Բացի այդ, 50 կգ ալյուրին 800 գրամ աղ պետք է անել, շատ չի կարելի, որովհետեւ վնաս է, իսկ այդ առանց դրոժի լավաշ թխողները 1200 գրամ աղ են անում, որ խմոր ստացվի: Ախր, պատահական չեն այդ նորմաները, չէ՞»:

Նշենք, որ այսպիսի հաց եւ բուլկեղեն է մատակարարվում մանկապարտեզներում եւ հայկական բանակում, ինչպես նաեւ դպրոցներում: «Ինչ է, մենք չե՞նք ուզում, որ մեր երեխաներն ու երիտասարդներն առողջ լինեն: Բանակում միայն առաջին սորտի ալյուրով սարքած հաց են տալիս, այն էլ՝ մեծ քանակությամբ դրոժով: Մեզ 2 տարի որտեղ ասացին՝ գնացինք բանակի ծառայողների համար հաց թխեցինք մեր մեթոդով: Տանում էինք մեր հացաթանը, ընտիր հաց էինք թխում: Մենք համաձայն ենք տեխնոլոգիան տայինք, բարելավիչն էլ իր ինքնարժեքով տայինք, բայց չհամաձայնեցին: Ես երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչու վերեւներում այդպես էլ չհամաձայնեցին այդպիսի գործարքի, մի խելացի մարդ ինձ բացատրեց, որ երբ հացաթանը տալիս ենք, որոշակի քանակով, արդեն տեղեկանում ենք, թե դրանից ինչքան հաց կարող են նրանք թխել, այսինքն՝ մտնում ենք իրենց խոհանոց»,- ասաց տեխնոլոգը: Նա դժգոհում է, որ արդեն 5 տարի այս մասին բարձրաձայնում է եւ պայքարում, սակայն ոչ մի տեղից արձագանք չի եղել: Անգամ սպառողների շահերը պաշտպանող կազմակերպություններից արձագանք չի եղել: Մենք նրանից հետաքրքրվեցինք, թե մինչեւ «Կռուփի» ստեղծումը, երբ նա որպես տեխնոլոգ աշխատել է այլ ընկերություններում, որտեղ քիմիական հացեր են թխվել, այդ ժամանա՞կ էլ է պայքար մղել, որին նա պատասխանեց. «Ես 4 տարի այնքան էլ ակտիվ չէի: Վերջին 1 տարում եմ ավելի ակտիվացել: Այնտեղ, որտեղ ես աշխատել եմ՝ կապանքների մեջ էի, քանի որ իրենց արտադրանքի 99%-ն այդ քիմիական հացն էր, ես էլ գիտաժողովներին, հեռուստատեսությամբ ասում էի, որ այդ հացը վտանգավոր է, նրանք էլ ինձնից նեղանում էին: Մեր ստեղծած գիտաարտադրական ընկերությունն ազատ է, սակայն ուժ չունի: Այս ընկերությունը ստեղծելիս, մեր նպատակը չի եղել այն, որ մենք հաց թխենք եւ մտնենք այդ շուկա, դա մեծ գումարներ է պահանջում, մենք ցանկանում էինք հանրության ուշադրությունը գրավել եւ կամաց-կամաց մարդկանց հասցնել մեր հացի տեխնոլոգիան: Առաջիկա 1 տարում պայքարն ավելի ենք ուժեղացնելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել