Նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում անցկացված 3-րդ ամենամյա Ինֆորմացիոն տեխնոլոգիաների տարածաշրջանային միջոցառմանը (GITI) այս տարի մասնակցած հայկական 13 ՏՀՏ ընկերությունները հաջողություններով են վերադարձել Հայաստան: GITI-ն, որը կազմակերպում է Վրաստանի ՏՀՏ գործարար խորհուրդը եւ Վրաստանի էլեկտրոնային կառավարության զարգացման պետական հանձնաժողովը, նպատակ ունի խթանել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Բալթյան երկրների, Կովկասի եւ Միջին Արեւելքի երկրների պետական եւ մասնավոր հատվածների, ասոցիացիաների եւ ՏՀՏ ոլորտի այլ ընկերությունների միջեւ համագործակցությունը: GITI մրցանակաբաշխության 14 անվանակարգերից հայկական ընկերությունները մրցանակներ են ստացել 5-ում: «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» է համարվել X-TECH-ի ներկայացրած «Դիջիտեք Էքսպո 2010» մուլտիմեդիա CD-ն, «Տարվա լավագույն ինտեգրատոր» անվանակարգում՝ LimeTech ընկերությունը, որը ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի համար նախատեսված ինֆորմացիոն տաղավարը, «Լավագույն համալիր բիզնես-լուծում» անվանակարգում՝ iDram-ը, իսկ «Լավագույն ՏՏ-նախագծի առաջարկ» անվանակարգում՝ EKENG ընկերությունը: