ՀՀ կառավարությունը երեկ փոփոխություններ կատարեց ՀԴՄ կտրոնների պարգեւավճարների բոնուսների վճարման կարգերում: Եթե նախկինում քաղաքացին շահում էր 4 եւ ավելի թվերի համընկնելու դեպքում, ապա այժմ առաջարկվում է շահող թիվ համարել 2-րդ թվից սկսած հաջորդական համարները՝ մինչեւ 8 թիվը:
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ գործող կարգի փոփոխությունները նպատակ ունեն խրախուսել ու կատարելագործել ոչ թե բոնուսների տրամադրման կարգը, այլ բուն վիճակահանությունը: Պարոն Ալավերդյանի տեղեկացմամբ, առաջին անգամ վիճակահանության ժամանակ, բացի փողից, կխաղարկվի նաեւ 10-ական ավտոմեքենա. «Երկու տարի շարունակ խաղարկություն է լինում, բայց դեռեւս հանրապետությունում որեւէ մեկը խաղարկվող 5 միլիոնը չի ստացել, որովհետեւ 8 թվերի համընկնելու հավանականությունը, ըստ էության, այնքան փոքր է եղել, որ տարբեր պատճառներով չեն շահել: Որոշել ենք՝ 8 թվերի համընկնելու դեպքում շահողը կստանա ավտոմեքենա ու 1 միլիոն դրամ, 7 թիվ համընկնելու դեպքում կհանձնենք ավտոմեքենա ու 100 000 դրամ, իսկ եթե այս թվերը այդպես էլ չհամընկնեն ու շահող չլինի, մեքենաները կխաղարկվեն 6 ու դրանից ցածր թվերի միջեւ, այնքան ժամանակ, մինչեւ մեքենաները գտնեն իրենց հասցեատերերին»: Նա նաեւ տեղեկացրեց, որ կառավարության որոշմամբ, կդադարեցվի բոնուսները դրամի տեսքով քաղաքացիներին տրամադրելու գործընթացը. «Այս տարվա 4-րդ եռամսյակի ու 2011 թվականի հավաքված կտրոնների համար կխաղարկվի 10-ական մեքենա: Մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ բոնուսների դրամական տարբերակը, որը կիրառում ենք, մասամբ իր նպատակին չի ծառայում: Շատ են եղել դեպքեր, երբ քաղաքացին ներկայացրել է ՀԴՄ-ներ ու ստացել այնքան բոնուս, որ եռամսյակային կտրվածքով 2,5 միլիոն դրամի առեւտուր է գրանցվել: Բայց մեր քաղաքացիները, թոշակառուները եռամսյակի ընթացքում այդքան առեւտուր պարզապես իրենց թույլ չէին կարող տալ»:
Պարոն Ալավերդյանը նաեւ ասաց, որ ավտոմեքենաների մակնիշները կորոշվեն առաջիկայում: