Երեկ երեկոյան «Եվրոպա» հյուրանոցում առաջին անգամ Հայաստանում նշվեց ֆրանսիական Beaujolais nouveau (Բոժոլե նուվո) գինու փառատոնը, որն արդեն մի քանի տասնամյակ նշվում է աշխարհի տարբեր երկրներում: Բոժոլե նուվոն երիտասարդ գինի է, որի յուրահատկությունը խմորման շատ կարճ ժամանակահատվածն է: Այդ իսկ պատճառով այս գինին ունի ընդամենը 6 ամսվա կյանք, եւ նրան ամեն տարի կյանքի ուղեգիր են տալիս նոյեմբերի երրորդ հինգշաբթի օրը:
Մինչ երեկոյան «գինարբուքը»՝ կեսօրին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կայացավ ասուլիս, որի ժամանակ տեղեկացանք, թե ինչպես Բոժոլեն հայտնվեց Հայաստանում: Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Լուսինե Արզումանյանը, այս տարի, ուսումնական ծրագրի բերումով դառնալով Ֆրանսիայի Լիոն քաղաքի ուսանող-դեսպանը Հայաստանում, հանձն էր առել որեւէ ծրագիր իրականացնել մեր երկրում, որը կներկայացներ Ֆրանսիան: Լուսինեն էլ մտածեց՝ իսկ ինչո՞ւ Բոժոլեի տոնը չնշել նաեւ Հայաստանում: Այս ծրագիրն իրականություն դարձավ երեկ Բոժոլեի առեւտրաարդյունաբերական պալատի, «Սաբերատուր Սեւան Վոյաժի» եւ «Եվրոպա» հյուրանոցի համագործակցության շնորհիվ:
Ինչպես նշեց հյուրանոցի տնօրեն Նուբար Թաթարյանը, հատուկ այդ երեկոյի համար Ֆրանսիայից բերվել է 60 կիլոգրամ ֆրանսիական պանիր, 400 լիտր Բոժոլե նուվո: Իսկ երբ պարոն Թաթարյանը, տեղեկացնելով, որ Բոժոլեի տոնը նշվում է աշխարհի տարբեր ծագերում, մասնավորապես հիշեցրեց, որ Ճապոնիայում այդ օրը ճապոնացիները լողանում են Բոժոլեով, Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրադերիկ Գրապպեն, իր խոսքերով, «սարսափեց». «Ուղղակի սարսափելի է այդպես փչացնելը գինին, բայց ինչ արած՝ մեր ճապոնացի բարեկամները յուրօրինակ են…»:
Հայերը Բոժոլեի լոգանք ընդունելու «սարսափելի» ցանկություն չհայտնեցին «Եվրոպայում», բայց մեծ հաճույքով ըմբոշխնեցին եւ գինին, եւ բազմատեսակ ֆրանսիական խորտիկներն ու պանիրները, եւ գինեփ տանձը: Երեկոն, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող դիվանագիտակյան կորպուսի ներկայացուցիչները, բիզնեսի եւ մշակույթի մարդիկ, ՀՀ-ում գտնվող ֆրանսիացիներ, իսկապես ստացվեց, ինչպես եւ խոստացել էին պարոնայք Թաթարյանը եւ Գրապպպեն: