Կառավարության առաջարկած կատալոգը ի՞նչ կփոխի
Առաջիկայում կկանոնակարգվի հանրապետական նշանակության ավտոմայրուղիներին հարող տարածքներում իրականացվող առեւտրի ու սպասարկման օբյեկտների անկանոն կառուցապատումը: ՀՀ կառավարությունը հանրապետությունում կանոնավոր կառուցապատում ապահովելու ցանկությամբ երեկվա նիստում քաղաքաշինական, ճարտարապետական լուծումներ էր առաջարկում՝ ներկայացնելով դրանց կատալոգային համակարգը: ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի տեղեկացմամբ, կատալոգում տեղ են գտել նաեւ առեւտրի ու սպասարկման մի շարք օբյեկտների առաջարկությունները: «10 օբյեկտներից առաջարկներ ենք ստացել՝ սկսած տեղական շինանյութերի կիրարկմամբ՝ մինչեւ հատակագծային հնարավոր այլընտրանքային լուծումներ»,- ասաց նախարարը: Նրա խոսքով, կառավարության նոր նախաձեռնությունը չի ենթադրում, որ առաջիկայում կքանդվեն արդեն կառուցված ու գործող անճաշակ ու քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող կառույցները. «Գործողները միանշանակ չեն քանդվելու, խոսքը վերաբերում է, օրինակ, Սեւան-Երեւան մայրուղու կառույցներին: Ինչպես տեսնում ենք, ամեն մեկն իր ճաշակի համեմատ մի շենք է գցել, կամ, այսպես ասած, ում ձեռքն ինչ ընկել է՝ սարքել է»: Պարոն Վարդանյանը նաեւ բացատրեց, որ իրենց առաջարկած կատալոգը կառուցապատողներին չեն պարտադրելու. դրանից կօգտվեն ցանկացողները. «Նրանք, ովքեր չեն ցանկանա կատալոգից օգտվել, այդ դեպքում նախագիծը պատվիրելիս թող հաշվի առնեն, որ այն համապատասխան փորձաքննություն պետք է անցնի»: ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքով էլ, դժվար թե հանրապետությունում գտնվի մի մայրուղի, որը զարդարված չլինի անճաշակ ու քաղաքաշինական ձեւերին ու նորմերին չհամապատասխանող կառույցներով:
«Ո՞ր մեկն ասեմ, օդանավակայանի՞, թե՞ Էջմիածին տանող ճանապարհը, Երեւան-Սեւա՞ն, թե՞ Աշտարակի մայրուղին: Նորմերին չհամապատասխանող էդ կառույցներն ու առեւտրի կետերը, որ, կարելի է ասել, ավտոճանապարհն էլ են գրավել ու ընդարձակվելու տեղ չեն թողել, այլանդակել են երկրի ճարտարապետական տեսքը ու քաղաքաշինական ոչ ճիշտ դրվածքով խանգարում են երթեւեկությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում էր ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքով, իրենք բազմիցս նույն խնդիրները բարձրաձայնում են, բայց սայլը տեղից այդպես էլ չի շարժվում. «Մենք էլ ենք հասկանում, որ ճանապարհներն այդ կառույցներից ազատելը մեծ ֆինանսական ծախսերի հետ է կապված, ու այն, որ մի օր կազատվենք դրանցից՝ մոտ ապագայում հեռանկարային չի թվում: Երեւի նոր ճանապարհներ պետք է մշակենք քաղաքից դուրս տանող մայրուղիներն ազատելու կամ էլ նոր մայրուղիներ ունենալու համար»:
Ըստ ճարտարապետի, անճաշակ ու սխալ քաղաքաշինական ձեւով կառուցված շենքերով, Հայաստանից բացի, աչքի են ընկնում նաեւ խորհրդային այլ պետություններ. «90-ականներից հետո բոլոր երկրներում էլ նույն պատկերն է, երեւի բացի Բելառուսից: Նույնիսկ Մոսկվան այդ խնդիրների լուծումը չգտավ ու տանուլ տվեց»: Պարոն Մինասյանը, անդրադառնալով կառավարության առաջարկած կատալոգին, ասաց, որ այն լավ գաղափար է, եթե օգտագործվի. «Պետք է պահպանեն արագ երթուղիների համար նախատեսվող սահմանափակումները, օրինակ՝ մայրուղուց առնվազն 15 մետր հեռավորության վրա կառուցեն, բայց եթե կատալոգում ներկայացված չէ որոշակի թույլատրելի քաղաքաշինական նորմերի հեռավորությունը, ապա կառույցի ձեւը նշանակություն չունի, եթե այն նույնիսկ չափից ավելի գեղեցիկ լինի: Երեւի ժամանակներն այնպիսին են, որ ով ինչ ուզի՝ սարքում է, նույնիսկ բնակելի շենքերը կառուցվել են թույլատրելի սահմաններից շատ մոտ հեռավորության վրա ու, ընդ որում, արագընթաց ճանապարհներին ընդառաջ»: