Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ

Նոյեմբեր 19,2010 00:00

«Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում եւս աջակցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացմանն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, հինգշաբթի օրը Բաքվում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում: Երկու երկրների նախագահների հանդիպումը կայացել է Բաքվում Կասպյան երկրների 3-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկից առաջ: Անդրադառնալով հակամարտության կարգավորման գործընթացին՝ Մեդվեդեւը հայտարարել է, որ դեռ մնում են որոշ հարցեր՝ կապված ղարաբաղյան կարգավորման սկզբունքների հետ, սակայն եթե կողմերն առաջիկա ամսվա ընթացքում ջանքեր գործադրեն, Ղազախստանում դեկտեմբերի 1-2-ը անցկացվելիք ԵԱՀԿ գագաթաժողովին կարելի կլինի հասնել կարգավորման ընդհանուր սկզբունքների համաձայնեցված տարբերակին:

Իր հերթին Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին ակտիվ մասնակցության համար՝ հավելելով, թե հույս ունի, որ կհաջողվի առաջընթաց գրանցել եւ ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը տարածաշրջանում: Ալիեւը նաեւ շեշտել է, որ կարգավորումը հնարավոր է միայն միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին համապատասխան՝ հիմնվելով միջազգային կազմակերպությունների ընդունած բանաձեւերի եւ այն սկզբունքների վրա, որոնք արտացոլված են միջազգային հռչակագրերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել