Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է բարկացել վարչապետը

Նոյեմբեր 19,2010 00:00

Մեկնաբանում են քաղաքական գործիչները

Կառավարության վերջին մի քանի նիստերը բավականին հետաքրքիր են անցնում, այն առումով, որ հանգստի սենյակից դահլիճը վերածվել է սպասումների սենյակի: Այժմ պաշտոնյաները կառավարության նիստի են գնում ոչ թե առօրյա հոգսերից կտրվելու եւ մի լավ դինջանալու, այլ պարզելու իրենց հետագա ճակատագիրը: Ճակատագիրը, վարչապետի քմահաճությամբ, բավականին դաժան գտնվեց պետական կառավարման համակարգի ընդամենը եւ միայն միջին օղակի որոշ ներկայացուցիչների նկատմամբ: Թե ինչո՞վ այդ կամակատար-չինովնիկները չէին գոհացրել մեր վարչապետին, որ նրան այդքան շատ եւ խիստ բարկանալու առիթ տվեցին՝ «Առավոտի» հարցին ի պատասխան «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ, տնտեսագետ Հայկ Բալանյանն ասաց. «Թատրոն է: Ներիշխանական գզվռտոց: Որեւէ սկզբունքային եւ կոնցեպտուալ բան չկա: Մի քանի «վինտիկների» փոփոխությունը ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Ուղղակի շոու են սարքում: Քաղաքական ուժերի դիրքորոշումներն են ճշգրտում ու ինչ-որ մարդկանց «ժերտվա» են տալիս: Եթե ուզում են ինչ-որ բան փոխել՝ բոլորին պիտի աշխատանքից ազատեն»:

Նույն թեմայի շուրջ «Առավոտի» հետ զրույցում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց, որ «մանր-մունր» բաներով չի զբաղվում: Գերադասում է գլոբալ խնդիրները: Հարցին գլոբալ տեսանկյունից է մոտենում նաեւ ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը: «Ես դադարել եմ Հայաստանում հետաքրքրվելուց, թե, ասենք, ֆուտբոլի բնագավառում ի՞նչ է լինում, ինչո՞ւ է վարչապետը ջղայնանում կամ ինչո՞ւ մինչ այդ չէր ջղայնանում, հենց այդ պահին սկսեց ջղայնանալ. դա բխում է հայ ազգային շահերի՞ց, պետական անհրաժեշտությունի՞ց, թե՞ վատ քնի կամ վատ լուրի հետեւանք է»,- ասում է Ալբերտ Բաղդասարյանը: Իր հետաքրքրության կորուստը նա այսպես է հիմնավորում. «Կա մի գլոբալ մեխանիզմ, որը եթե փչացած է… Ստալինի ժամանակ էլ պարբերաբար գլուխներ էին թռնում, գուլագներ էին ուղարկվում, դրանից բան փոխվո՞ւմ էր: Պարզվեց, որ՝ ոչ»: Ըստ մեր զրուցակցի, մեր երկրում բացակայում է իշխանություն կրողի առաջ պատասխանատվությունը: Բայց քանի որ մեզ մոտ իշխանություն կրողը ժողովուրդը չէ, հետեւաբար, աշխատանքի քաղաքական գնահատական՝ ընտրություններ, այդպես էլ չեն լինում, ուստի ստացվում է՝ պատասխանատվություն անհատի առաջ: Իսկ այդ սուբյեկտիվ դաշտ մտնել եւ նրբությունները քննարկել, Ալբերտ Բաղդասարյանը չի պատրաստվում: Թե վարչապետի բարկությունը քաղաքական, անձնական կամ հոգեւոր ի՞նչ դրդապատճառներ կարող է ունենալ՝ նա համարում է «Պապլավոկում» մեկ բաժակ սուրճի շուրջ «լավ զբաղվելու» թեմա: Իրեն դեռ մեկ բան է հետաքրքրում՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանը դառնա պետություն, եւ որ յուրաքանչյուր քայլ անելիս իշխանավորը կամ կուսակցությունը մտածեն վաղվա քաղաքական պատասխանատվության մասին: Ու եթե նույնիսկ հավատանք այն PR-ին, որ վարչապետը գիշերուզօր ազգի ու ժողովրդի դարդով է տառապում ու միտված է հայոց պետականություն կերտել, ոչ թե ֆորպոստ, մեր զրուցակիցը չի հասկանում, թե դրա կողքին ինչպե՞ս են գոյատեւում ուրանի եւ Թեղուտի խնդիրները, որոնց ժողովուրդն, ի դեպ, դեմ է: «Մենք կունենա՞նք քաղաքական գործիչներ, գոնե 4-5 հոգի, որոնց կհետաքրքրի գլոբալը, ոչ թե, ասենք, Պզոյին ձերբակալել են ԱՄՆ-ում՝ դա Հայաստանում ո՞նց կլինի, կամ ԲՀԿ-ի եւ ՀՀԿ-ի, Սերժի ու Ռոբերտի հակասություններն ու թշնամությունները եւ այդ արանքում իր օգտին շահելը: Էս մանր-մունր բաներն օբյեկտիվ գործընթացի վրա ազդեցություն չեն ունենա: Եթե Հայաստանում կլինի 4-5 քաղաքական գործիչ, ովքեր գլոբալ կմտածեն, Հայաստանում կառաջանա մի կուսակցություն կամ շարժում, որին ոչ թե կհետաքրքրի սրան-նրան իշխանության բերելը եւ կերակրատաշտից օգտվելը, այլ Հայաստանի անկախ ապագան: Ես չեմ դադարում երազել, որ Հայաստանը կլինի պետություն՝ հայի համար»: Որ Հայաստանում իր պատկերացրած գործիչները կան՝ Ալբերտ Բաղդասարյանը կասկած չունի: Խնդիրը դրսեւորվելու դաշտի մեջ է. «Այժմ առանց աջակցության, միայն ճշմարտություններով առաջնորդվելը հասարակական պահանջարկ չի վայելում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել