Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՐՍՎԱԾ ԵՐԱԶԸ

Նոյեմբեր 19,2010 00:00

ԵՄ-ն Հարավային Կովկասը կդիտի՞ մեկ միավոր

«Վրաստանը պետք է պաշտոնական հայտ ներկայացնի Եվրամիությանը անդամակցելու համար». Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտնել է ԵՄ նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։ «Դա կնպաստի Վրաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների խորացմանը եւ ձեր երկիրը կդարձնի ավելի գրավիչ՝ էներգետիկ ոլորտում ներդրումների առումով»,- ընդգծել է Բարոզուն եւ հավելել, որ ԵՄ-ն երբեք չի համակերպվի Վրաստանի որեւէ տարածքի օկուպացիայի հետ՝ բոլոր երկրներին կոչ անելով ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Բարոզուն Վրաստանն անվանել է ԵՄ-ի գլխավոր գործընկերներից մեկը՝ ընդգծելով, որ ընթացիկ տարվա հունիսին ԵՄ-ին Վրաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնությունը ենթադրում է ազատ առեւտրի ռեժիմի ներմուծում, ինչպես նաեւ վիզային ռեժիմի թեթեւացում։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ վերջնականապես հօդս են ցնդում Հայաստանի՝ տարածաշրջանում առաջատար լինելու բոլոր հավակնությունները, որոնք, ի դեպ, 1990-ականներին՝ հետպատերազմյան շրջանում, միանգամայն իրատեսական էին:

Եվրոպական հանձնաժողովի նախագահի կողմից Վրաստանի նախագահին արված այդ առաջարկությունն «Առավոտի» զրուցակից՝ Եվրոպական ինտեգրման եւ իրավունքի կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի համար անսպասելի, բայց միեւնույն ժամանակ բավականին հուսադրող է. «Ինչպես բազմիցս արդեն նշվել է տարբեր առիթներով, Վրաստանը ստանձնում է մեր տարածաշրջանի գաղափարական առաջնորդի դերը, եւ կարելի է հուսալ, որ այն իր դրական ազդեցությունը կթողնի Հարավային Կովկասի մնացած պետությունների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի վրա: Մեկ առիթով արդեն նշել եմ, որ ԵՄ-ն Հարավային Կովկասի նկատմամբ որդեգրել է ինտեգրալ մոտեցում, եւ այն, ինչ առաջարկվում է պետություններից մեկին, շատ կարճ ժամանակ անց առաջարկվում է նաեւ մյուսներին: Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ ԵՄ-ի զսպված քաղաքականության միակ պատճառը Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունն է, որի կարգավորման պարագայում մենք, հուսով եմ, նույնպես կարժանանանք այդ պատվին եւ ի վիճակի կլինենք ԵՄ-ի հետ մտնել համագործակցության որակապես այլ մակարդակ»:

ՀՀ ԳԽ «Հանրապետություն» միավորման նախկին պատգամավոր Շահեն Պետրոսյանը համամիտ է, որ եթե հարավկովկասյան երկրների միջեւ սահմանները բաց լինեին, մեր տարածաշրջանը վաղուց արդեն ավելի արտոնյալ վիճակում կլիներ. «Եթե սահմանները բաց լինեին՝ ի՞նչ կապ ունի՝ տարածքն ումն է. նրանն է՝ ով ապրում է այդտեղ: Ցավոք, ոչ այն ժամանակ, ոչ էլ այժմ ՀՀ-ն ու Ադրբեջանը ուժ չեն գտնում իրենց մեջ հարցն այդ մակարդակում կարգավորելու եւ առաջ ընթանալու համար»: Պարոն Պետրոսյանը, սակայն, այնքան լավատես չէ, որ Վրաստանը, միայնակ դուրս գալով տարածաշրջանից, իր ետեւից կտանի մյուս երկրներին էլ. «Վրաստանը վաղուց դուրս է եկել ռուսական ազդեցությունից: Զարգանում են այն երկրները, որոնք այդպես են վարվում: Հակառակ դեպքում դառնում են իզգոյ: Սա Վրաստանի համար շատ շահեկան կլինի, մանավանդ որ՝ կարելի է ասել, որ Վրաստանը ԵՄ-ի հետ ընդհանուր սահման ունի՝ ծովը: Ուստի Վրաստանի համար նաեւ հեշտ է այդ ճանապարհով գնալ»: Վրաստանի տարածքային ամբողջականության մասով էլ վստահ է, որ Աբխազիան այլեւս կորսված է, քանի որ նաեւ բնակչության փոխհարաբերություններն այն չեն, լարված են: Հարավային Օսեթիան ետ բերելու հույս դեռ կա, քանի որ բնակչությունն ավելի ինտեգրված է Վրաստանին, քան Ռուսաստանին: Նաեւ՝ Ռուսաստանի տված խոստումները սուտ դուրս եկան: «Իհարկե, մենք այլեւս հույս չունենք տարածաշրջանում առաջատար լինելու»,- եզրակացնում է Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ համանման իրավիճակում էլ Ադրբեջանն է: Համենայնդեպս, նրա կարծիքով, վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի ավանդական-կլանային համակարգը փոխելու հույս դեռ չկա:

Մինչդեռ Արթուր Ղազինյանը հատկանշական է համարում Բարոզուի այն հայտարարությունը, որ նախաանդամակցման գործընթացը կբարելավի Վրաստանում էներգետիկ ոլորտում ներդրումներ կատարելու միջավայրը: Դա համադրելով ԱՄՆ-ի՝ Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման աշխատանքներին մասնակցելու հարցում բարձրացած հետաքրքրվածության հետ՝ մեր զրուցակիցը եզրակացնում է, որ Արեւմուտքը վճռական է տրամադրված «Հարավային միջանցք» անունը կրող ծրագիրը իրագործելու հարցում: «Եվրոպական միությունը դանդաղ, բայց հաստատ քայլերով մեր տարածաշրջանը տանում է դեպի խաղաղություն եւ կայունություն՝ հիմքում դնելով իր էներգետիկ անվտանգությունն ու տարածաշրջանի պետությունների էներգետիկ կարողությունները: Ուզում եմ կրկնել իմ այն կանխատեսումը, որ առաջիկայում բարենպաստ պայմաններ կստեղծվեն էներգետիկայի ոլորտում Հարավային Կովկասի պետությունների ռեսուրսների եւ կարողությունների կոնսոլիդացման համար, որում իր առանձնահատուկ տեղը կունենա նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Այս առումով առաջիկայում մենք ականատեսը կլինենք մեր տարածաշրջանում նշանակալի աշխարհաքաղաքական վերաձեւումների, որի համար որպես մեկնարկ կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ձեռք բերված համաձայնությունը»,- լավատեսական հայտարարություն արեց փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել