ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության երեկվա ասուլիսի ընթացքում «Առավոտը» նկատեց, թե նրանց էլ է հատուկ միջազգային կառույցներում մեր պատվիրակությունների համար ընդհանրական գործելակերպը՝ սպասել, թե ինչ նախաձեռնություն կդնի Ադրբեջանը շրջանառության մեջ եւ հետո հերոսական ջանքերով հաղթահարել աննպաստ ձեւակերպումները: Մեր հարցին՝ իսկ ինչո՞ւ հայկական կողմը չի փորձում հանդես գալ նախաձեռնություններով, որոնք առավել կհամապատասխանեն մեր պատկերացումներին, ասենք, ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ՝ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ-ական Կարեն Ավագյանն այսպես արձագանքեց. «ՆԱՏՕ-ն բազմիցս պատասխանել է Ղարաբաղի հետ կապված հարցերին, եւ բոլոր պատասխաններն ուղղված են եղել Մինսկի խմբի համանախագահներին, այսինքն՝ իրենք խնդրի կարգավորումը տեսնում են միայն այդ ճանապարհով: Միա՛յն»: Եվ հավելեց, թե իրենց պատվիրակությունը խնդիր չունի որեւէ առաջարկություն անելու, ուղղակի պետք է հնարավորինս մոտ լինի այն քաղաքականությանը, որն իրականացնում է ՆԱՏՕ-ն. «Մենք մեզ չպետք է ծիծաղելի վիճակներում դնենք, այսինքն՝ թեմաներ առաջարկենք, որոնք ուղղակի քննարկման նյութ չեն կամ դրա պատասխանը բազմիցս ստացել ենք»:
Իսկ պատվիրակությունում «Ժառանգության» ներկայացուցիչ Ստյոպա Սաֆարյանը նույն հարցին պատասխանեց. «Կարծում եմ, եթե մի փոքր այլ լիներ Հայաստանի վիճակը՝ ներքին եւ արտաքին քաղաքականության առումներով, ապա ճշգրիտ ճանապարհն այն կլիներ, ինչն անում է Ադրբեջանը: Այսինքն՝ մենք փորձեինք Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա քաղաքական, նորմալ, լեգիտիմ ճնշում ապահովել դրսից՝ այլ կառույցների միջոցով: Այս առումով, ասում եմ՝ չլինեին այսօրվա իրողությունները, ինքս երկու ձեռքով կողմ կլինեի, որ տարբեր վեհաժողովներում մենք փորձեինք անել դա: ՆԱՏՕ-ի ԽՎ պարագայում պիտի հստակ հասկանանք, որ եթե անգամ մենք նախաձեռնենք նման բան, ապա շատ զգույշ պետք է լինենք խաղի կանոնների առումով»: Նաեւ առաջարկեց, թե գուցե արժե մտածել գործընկերների միջոցով հրադադարի ամրապնդման վերաբերյալ նման որեւէ նախաձեռնության մասին: