Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ռեժիմը խստացվել է

Նոյեմբեր 19,2010 00:00

Երեկ «Կոշ» ՔԿՀ-ում խոչընդոտել են նաեւ նրա եւ պաշտպանի տեսակցությանը

Պարկեշտության հարց

«Առավոտ», «168 ժամ», «Հրապարակ», «Չորրորդ իշխանություն», «Ժամանակ», «Հայկական Ժամանակ» թերթերի, նաեւ Lragir.am, Hetq.am, Epress.am, 1in.am, ArmeniaToday կայքերի ու «Ա1+» հեռուստաընկերության ղեկավարներն ու գլխավոր խմբագիրները ի հաստատումն նախօրեին «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը «Կոշ» ՔԿՀ-ում ապահովելու եւ նրան ազատ արձակելու պահանջին, երեկ համատեղ ասուլիս էին հրավիրել՝ այս անգամ իշխանություններին մեկ պահանջ առաջադրելու համար՝ ազատ արձակել Փաշինյանին: Ասուլիսին ներկա բոլոր լրատվամիջոցների ղեկավարներն էլ համերաշխ էին այն հարցում, որ Փաշինյանն ազատազրկվել է բացառապես իր մասնագիտական գործունեության համար, որ նրան բանտում պահելն ու լռեցնելու համար հետապնդումների ու ճնշումների ենթարկելը ապարդյուն են, որ այդ մեթոդները, որոնք այսօր կիրառվում են Նիկոլի նկատմամբ, անընդունելի են, եւ վաղը նույնը կարող է տեղի ունենալ մյուսների հետ: Ուստի ԶԼՄ-ների ղեկավարները համակարծիք էին՝ պետք է համատեղ ջանքեր գործադրել Փաշինյանին օր առաջ ազատ արձակելուն նպաստելու համար:

Երեկվա ասուլիսի լեյտմոտիվը, ինչպես ասացինք, Ն. Փաշինյանին ազատ արձակելու պահանջն ու այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու կարեւորությունն ընդգծելն էր: Հենց այդ համատեքստում էր, որ Lragir.am կայքի ղեկավար Հայկազ Ղահրիյանն ասաց, թե այդ պահանջը կա եւ միանշանակ է, բայց հարցն այն է՝ ո՞ւմ դիմել այդ պահանջով. այն իշխանություններին, որոնք փակի տա՞կ են պահում Փաշինյանին եւ շարունակում անազատության մեջ էլ հետապնդումների ենթարկել:

Բոլոր դեպքերում, ինչպես «Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը նկատեց՝ Փաշինյանի պաշտպանությամբ հանդես գալն ու նրա ազատությունը պահանջելը կապ չունի քաղաքական հայացքների կամ անձնական համակրանքների եւ հակակրանքների հետ. «Դա պարզապես մարդկային պարկեշտության հարց է»:

Խոչընդոտվել է Նիկոլի եւ պաշտպանի տեսակցությունը

Երեկ ավելի ուշ Փաշինյանն է իր պաշտպան Վահե Գրիգորյանի միջոցով հերքել նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության ՔՎ խոսնակ Արսեն Բաբայանի տարածած հայտարարությունը, թե, իբր, Նիկոլը երկարատեւ տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի, եւ, իբր, իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտանգության նկատառումներով: Փաշինյանի մատուցմամբ, նոյեմբերի 14-ին երկարատեւ տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդասարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի՝ պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի եւ անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի՝ իրենք որեւէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, եւ իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի՝ ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք՝ անվտանգության ապահովման նկատառումներով: Նիկոլը հրաժարվել է դիմում գրել եւ մերժել է նաեւ իրեն արված մյուս առաջարկը՝ արձանագրություն կազմել, ըստ որի՝ նա խնդրում է իրեն տեղափոխեն: Ավելի ուշ Փաշինյանը դիմելով ՔԿՀ պետին՝ հետաքրքրվել է, թե որն է իրեն մեկուսացնելու պատճառը: Իրեն պատասխանել են, որ իր անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով են իրեն մեկուսացրել: Բայց մեկուսացնելով հանդերձ՝ իր նկատմամբ կիրառել են պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: «Այն, ինչ արդարադատության նախարարությունը հայտարարել է, միանշանակ սուտ է, Նիկոլը որեւէ դիմում չի գրել, ոչ բանավոր եւ ոչ էլ գրավոր որեւէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել»,- փոխանցել է պաշտպան Գրիգորյանը: Նա նաեւ տեղեկացրել է, որ երեկ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը խոչընդոտել է իր եւ Փաշինյանի տեսակցությանը: Տեսակցության թույլտվությունը տրվել է դիմում ներկայացնելուց մոտ 40 րոպե անց, որից հետո այն ընդհատվել է ՔԿՎ աշխատակիցների կողմից՝ այն պատճառաբանությամբ, թե տեսակցության ժամն ավարտվել է: «Այսօրվա առանձնատեսակցությունը դադարեցնելը Նիկոլի պաշտպանական իրավունքի խախտում է: Այդպիսով խոչընդոտել են նաեւ նրա՝ ԵԴ ներկայացվելիք դիմումը պատրաստելու աշխատանքներին: Նա այս պահին չի կարող գրագրություն ունենալ, նա զրկված է ԶԼՄ-ների հետ անմիջական շփվելու հնարավորությունից, եւ այսպիսով անօրինական ձեւով խստացվել է նրա պահման ռեժիմը»,- տեղեկացրել է Վահե Գրիգորյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել