Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԱՐՏԻ 1»-Ի ԷՋԸ ՓԱԿՎԱԾ ՉԷ

Նոյեմբեր 19,2010 00:00

Դա փաստել է նաեւ Հայաստանի հարցով համազեկուցողը

\"\"Երեկ ՀՀ ԱԺ-ում Դավիթ Հարությունյանը ներկայացնելով իր գլխավորած պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ 2008թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության՝ ՀՀ խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում ընդգրկված առաջարկությունների կատարման ընթացքի մոնիտորինգի եզրակացությունը՝ հայտարարել է, թե ԱԺ-ն 13 հարցերից բաղկացած փաթեթ է ուղարկել «Մարտի 1»-ի գործի վարույթն իրականացնող Հատուկ քննչական ծառայություն՝ այդ իրադարձությունների արդյունքում զոհվածների մահվան հանգամանքները պարզելու նպատակով: Եվ. «Մեր իրավասությունները մեզ իրավունք չեն տալիս ներթափանցել քննչական գործողությունների մեջ: Մենք 13 հարց ենք հղել ՀՔԾ-ին, որտեղից մեզ պատասխանել են, որ գործի նախաքննությունը շարունակվում է՝ ինչպես քննչական, այնպես էլ օպերատիվ-հետախուզական: Շոշափելի որեւէ արդյունքի չեն հասել»:

Սա շատ կարեւոր մի փաստագրում է, որի մասին մարտիմեկյան իրադարձությունների զոհերի իրավահաջորդներն արդեն ավելի քան երկուսուկես տարի ահազանգում են, հայտարարում, որ «Մարտի 1»-ի սպանդն անմիջականորեն իրականացրած որեւէ ոստիկան կամ պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի կանչվել: Հենց այդ պատճառով է, որ զոհերի հարազատները դիմում էին հայաստանյան դատական ատյաններին՝ վիճարկելով Գլխավոր դատախազության եւ ՀՔԾ-ի անգործությունը: Իսկ ՀՔԾ-ն բոլոր դեպքերում իր դարակներում պատրաստի եւ «շաբլոն» պատասխան ունի՝ գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: Դեռ որքան կշարունակվի այս պրակտիկան՝ դժվար է ասել, առավել եւս նկատի ունենալով նոյեմբերի 16-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում ՀՀ հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի կոշտ հայտարարությունները, որոնք վերաբերել են նաեւ «Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման խնդրին: Իսկ Պրեսկոտը դժգոհություն է հայտնել, որ «Մարտի 1»-ի տասը զոհերի պատասխանատուների հարցը շարունակում է մնալ չպարզաբանված ու չբացահայտված: Հիշեցնենք, որ նման պահանջ կար այդ իրադարձություններին հաջորդած Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բոլոր 4 բանաձեւերում, նաեւ համազեկուցողների հայտարարություններում:

«Մարտի 1»-ի սպանությունների բացահայտման խնդիրն առանցքային էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի կողմից դեռ տարեսկզբին ԵԽԽՎ-ին ներկայացրած եւ 2008թ. նախագահական կեղծված ընտրությունների հետեւանքով առաջացած քաղաքական ճգնաժամը հաղթահարելուն ուղղված ժամանակացույցում: Դրանով պահանջվում էր ստեղծել «Մարտի 1»-ի դեպքերը հետաքննող անկախ հանձնաժողով, «քանի որ այդ դեպքերի՝ վստահություն ներշնչող եւ անկողմնակալ հետաքննությունը երկրում քաղաքական իրավիճակի նորմալացման համար ամենակարեւոր պայմանն է»: «Մենք կարծում ենք, որ մեկ ամիսը ավելի քան բավարար է նման որոշում ընդունելուց հետո անկախ հանձնաժողով ստեղծելու համար: Եթե իշխանություններն ուզում են հետաքննել այդ դեպքերը, նրանք կարող են համաձայնել այդպիսի մարմին ձեւավորել անմիջապես, եւ խումբը իր աշխատանքները կարող է սկսել արդեն ապրիլի վերջին»,- պնդել էր ՀԱԿ-ը:

Միակ բանը, որ արվել է նույնիսկ իշխանությունների կողմից՝ ՀՀ խորհրդարանական եւ Նիկոյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժողովի զեկույցում արված առաջարկները կատարելու ուղղությամբ, դա մարտիմեկյան դեպքերից շուրջ երկու տարի անց ՀՀ ՊՆ պահեստներում ոստիկանության ժամկետանց հատուկ միջոցները վերացնելն է եղել եւ մի քանի օրենսդրական կոսմետիկ փոփոխություններն են եղել: Սա ու նաեւ այն, որ «Մարտի 1»-ի բացահայտման ուղղությամբ ԵԽԽվ բանաձեւերում եւ համազեկուցողների հայտարարություններում եղած պահանջները չեն կատարվել՝ փաստեց մարտյան դեպքերն ուսումնասիրող, արդեն վաղուց լուծարված «Փորձագետների փաստահավաք խմբի» անդամ Անդրանիկ Քոչարյանը: «Իշխանությունները պետք է բացահայտեին «Մարտի 1»-ի մարդասպաններին, բացահայտեին եւ պատժեին անօրինական հրամաններ տվողներին, սպանությունների բոլոր պատասխանատուներին, այդ իրադարձություններին բանակի ներգրավման հրահանգը տվողներին: «Փաստահավաքի» 5 զեկույցները բավարար հիմք էին այդ սպանդը եւ այն իրականացնողներին իրապես բացահայտելու համար, ինչը չի արվել: Հենց դրանով էլ իշխանությունները ցույց տվեցին «Մարտի 1»-ին իրենց մասնակցության եւ պատասխանատվության չափը»,- հայտարարեց «Փաստահավաք խմբի» անդամ Անդրանիկ Քոչարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել