Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ՝ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԱԾ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔՈ՞Վ

Նոյեմբեր 19,2010 00:00

\"\"Կարո՞ղ է երկիրն ունենալ բարձր գնաճ, տնտեսական անկում, դեֆիցիտի ու արտաքին պարտքի կտրուկ ավելացում, բայց համարվել մակրոտնտեսական առումով կայուն. այս հարցի պատասխանն էին երեկ փորձում ստանալ ընդդիմադիր պատգամավորները:

Նոյեմբերի 17-ին ելույթ ունենալով ԱԺ-ում Հայաստանի 2011 թ. պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց. «Կառավարությունը տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման տեսանկյունից կարեւորում է ձեռք բերված մակրոտնտեսական կայունության պահպանումը։ Այդ իսկ պատճառով կառավարությունը կշարունակի մակրոտնտեսական կայունությանը եւ տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը»: Քանի որ նրան հարց ուղղելու հնարավորություն չեղավ՝ ՀՅԴ եւ «Ժառանգության» պատգամավորները ֆինանսների նախարարին եւ ԿԲ նախագահին երեկ ուղղված հարցերի եւ ելույթների միջոցով էին նույն շեշտադրումն անում, թե ի՞նչ մակրոտնտեսական կայունության մասին է խոսքը, երբ դրա հիմնական ցուցանիշներից է ցածր գնաճը (2010-ին Հայաստանում գնաճը մոտեցել է 10%-ի), տնտեսական բարձր աճը (որը չենք ունեցել) եւ արտաքին պարտքի նվազ բեռը (այն կրկնակի աճել է): Ընդ որում՝ վերջին ցուցանիշի մասին ֆինանսների նախարարին հարց ուղղեց նաեւ ՀՀԿ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը. «Նախաճգնաժամային ժամանակաշրջանում ունեինք 1 մլրդ 577 մլն արտաքին պարտք, այժմ 3 մլրդ 385 մլն է: Վտանգ չե՞ք տեսնում»: Սակայն ինչպես վարչապետն էր նախօրեին հայտարարել՝ «2011-ի վերջում կանխատեսում ենք ունենալ 4305.1 մլն դոլարի չափով արտաքին պարտք։ Արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ, եւ, մեր գնահատականներով, այն իր մեջ սպասարկման վտանգներ չի պարունակում», այնպես էլ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ու ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պնդեցին, թե արտաքին պարտքի մասով որեւէ վտանգ չկա, չի էլ սպասվում: Մասնավորապես՝ Տիգրան Դավթյանն ասաց. «Ճգնաժամի իրավիճակում աշխարհի շատ երկրների պես Հայաստանը նույնպես իր ընթացիկ եւ կապիտալ ծախսերն ապահովելու նպատակով ներգրավեց լրացուցիչ միջոցներ, որի արդյունքում էականորեն մեծացան երկրի պետական պարտքը եւ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը: Դա, կարծում եմ, արդարացված քայլ էր, որին գնացին շատ երկրներ, այդ թվում նաեւ Հայաստանը: Ի հաշիվ այդ գործողության՝ մեզ հաջողվեց խուսափել մակրոտնտեսական լուրջ վտանգներից ճգնաժամի պարագայում եւ կատարել մեր բոլոր բյուջետային պարտավորությունները՝ այդ թվում նաեւ սոցիալական: Մենք պետք է հստակ հասկանանք, որ սա պայմանավորված էր ճգնաժամային իրավիճակով: Դուք նշեցիք թվերը՝ իրոք, պարտքն էականորեն մեծացավ: Մենք դա արեցինք ելնելով այն հանգամանքից, որ ունեինք բավականին ցածր ՀՆԱ-պետական պարտք հարաբերական ցուցանիշ: Նույնիսկ այսօր այդ հարաբերակցությունը շուրջ 43-44% է, որը չի համարվում ռիսկային՝ միջազգային ցանկացած չափանիշներով: Դա, իհարկե, չի նշանակում, թե մենք չպետք է լինենք զգուշավոր, շրջահայաց»: Ֆինանսների նախարարը, սակայն, էլի ընդգծեց. «Այս պահին գտնվում ենք նորմալ, ոչ ռիսկային գոտում»: ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց, թե ինքն էլ է այդպես կարծում:

Սակայն հիշեցնենք, որ վերջերս ասուլիսում ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը նշել էր. «Հայաստանի ամեն ընտանիքի պարտավորությունը վերջին 2 տարվա ընթացքում ավելացել է 800 դոլարով, որի մասին ինքը տեղյակ չէ՝ իր չծնված երեխան էլ է փող պարտք, որն ինքը վճարելու է միայն հարկերի ավելացման հաշվին»: Եվ ԱԺ ընդդիմադիրներն էլ վերոհիշյալ բացատրություններից հետո էլի շարունակում էին պնդել, թե մեր երկրում չկա մակրոտնտեսական կայունություն: Ուստի ֆինանսների նախարարը հարկադրված էր այս հարցին դարձյալ անդրադառնալ եզրափակիչ ելույթում. «Նույնիսկ 2009-ին՝ ճգնաժամի պարագայում, մենք այդ կայունությունն ապահովեցինք: Եվ ցուցանիշների նվազումը չի նշանակում, թե այդ կայունությունը չկա, ու չկա հավասարակշռվածություն տնտեսության մեջ: Մակրոտնտեսական կայունությունը երեւի կարելի է համեմատել առողջության հետ՝ եթե այն կա, կարող է նույնիսկ չնկատվի: Բայց եթե այն չկա՝ հավատացնում եմ, բոլորս դա անմիջապես կզգայինք, ու դրա հետեւանքները կլինեին անկանխատեսելի»:

Հ. Գ. «Ժառանգությունը» երեկ արդեն իսկ ազդարարեց, թե դեմ է այս բյուջեին, իսկ կոալիցիոն ուժերն արտահայտվեցին կողմ: ՀՅԴ խմբակցությունը դիրքորոշում չհայտնեց, սակայն մինչ այդ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցնելով կառավարության չիրականացած կանխատեսումները եւ ՀՀ նախագահի ու կոալիցիայի չկատարված նախընտրական խոստումները՝ նշեց. «Այս պահին կարող եմ ընդամենն արձանագրել, հարգարժան քաղաքական մեծամասնություն եւ կառավարություն, դուք մեր հասարակությանը տվեցիք ամենամեծ բանը՝ հուսախաբություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել