Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողական օրակարգ

Նոյեմբեր 18,2010 00:00

Կամ «Ուսանողական դիետա»՝ անկախ կամքից

Չեն օգնում դիետաներն ու դու օրեցօր գիրանում ես, մի հապաղիր՝ դարձիր ուսանող:
Այսօր մեր քաղաքում գործող մի քանի տասնյակ բուհերի ուսանողներ, անկախ իրենց կամքից, դիետա են պահում, ու այնպես՝ որ ոչ ոք չի կարողանում իմանալ գաղտնիքը: Նիհարում են հոգեկան սթրեսի, զայրույթի, անքուն գիշերների, լարվածության, երկարատեւ զբոսանքների եւ, իհարկե, քաղցի պատճառով։ Շատ քիչ ուսանողներ են սնվում գրաֆիկով, իսկ առողջ սննդի մասին մոռացել են բոլորը։ Չնայած դեռ կան «գուրմաններ»՝ բուֆետային նախաճաշի հարցում, ովքեր հաճույք են ստանում ուտելու պրոցեսից ու նրանց չես կարող խաբել ԵՊՀ-ի դիմացի «հիպերկրպակում» վաճառվող 200 դրամանոց հոթ-դոգով, ի դեպ, որի համար դասամիջոցներին 90-ականների հացի հերթի պես հերթ է գոյանում։ Նրանց համար կան էլիտար բուֆետներ, որտեղ նույն հոթ-դոգն ու սենդվիչը 200-ի փոխարեն վաճառվում է կրկնակի, նույնիսկ եռակի թանկ՝ կախված ֆակուլտետի վարկանիշից։ Եթե պալեոլիթյան դարաշրջանից մարդկանց միջեւ սկսվեց դասակարգումն ու սոցիալական շերտավորումը, ապա այսօր այդ նույն շերտավորումն ավելի խորը հիմքերով «բույն է դրել» հայ երիտասարդների ստամոքսում։ Այս էլիտար բուֆետների կողքին դեռ կան այնպիսիք, որտեղ «աղջիկների մուտքն ու ծխելը խստիվ արգելվում է»։
«Ճիշտ ա, բուֆետից տհաճ հոտեր են գալիս ու ծուխն անպակաս ա, բայց ախր գոնե մեր բուֆետչիկը ավելի բարեհամբույր ա, քան ցանկացած սուպերմարկետի աշխատող»,- ասում է ոչ էլիտար բուֆետի այցելու՝ թատերականի ուսանողուհի Անահիտը։ Իսկ Բժշկական համալսարանում սովորող Սեդայի համար բուֆետում օրական ծախսած գումարը ամենաքիչը կազմում է 300, ամենաշատը՝ 3000 դրամ։ «Հիմա էտ ա, թեկուզ անհայտ ծագման սնունդով ենք հագեցնում մեր քաղցը, բայց գոնե սոված չենք մնում»,- հուսահատ ասաց Մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Խանաղյանը:
Եթե արեւմուտքում ազատատենչ ուսանողները կարող են ապրել առանձին, աշխատել եւ միեւնույն ժամանակ նվիրվել իրենց բուհին, սնվել, դասերը պատրաստել ու հենց այնտեղ էլ գիշերել, ապա մեզ մոտ ուսանողական կյանքը բարդ է. ուսանողը դասի է գնում մի քանի ժամով, դասերն ավարտելուց անմիջապես հետո շտապում հեռանալ այդտեղից։ Իսկ եթե նա տվյալ համալսարանի ուսանողական խորհրդի անդամ չէ, եւ չի հարում որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության, միջոցառումներին էլ չի մասնակցում, ուրեմն ընդհանրապես հեռու է ուսանողական միջավայրից եւ ուսանողի կյանքով ապրելու հաճույքից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել