Եվ այս ամենը կիրառվում է երեխայի սեռը պարզելու համար
Հայ տղամարդկանց մեծամասնությունը ցանկանում է տղա երեխա ունենալ: Կանայք էլ ձգտում են դիմել ամեն մեթոդի, որ տղա երեխա լույս աշխարհ բերեն ու երջանկացնեն սիրելի ամուսնուն: Գիտությունն ապացուցել է, որ երեխայի սեռը ծրագրավորվում է անմիջապես բեղմնավորման ժամանակ: Յուրաքանչյուր կին, տղամարդ ունի քրոմոսոմների մի զույգ, որը պատասխանատու է ապագա երեխայի սեռի համար: Կնոջ մոտ երկու X քրոմոսոմներ են, իսկ տղամարդու մոտ մեկ X եւ մեկ Y քրոմոսոմ: Սերմաբջիջները տարբեր քրոմոսոմներն են կրում՝ X քրոմոսոմով սերմաբջիջները թույլ են տալիս աղջիկ երեխա բեղմնավորել, Y քրոմոսոմովը՝ տղա: Գիտնականները հայտնաբերել են, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է X եւ Y քրոմոսոմներով սերմաբջիջների հավասար քանակ, հետեւաբար աղջիկ եւ տղա երեխայի բեղմնավորման հավանականությունը հավասար է: Սակայն նշենք, որ շատերը, չհավատալով դրան, դիմում են տարբեր մեթոդների՝ իրենց ապագա երեխայի սեռը պլանավորելու համար: Օրինակ, գոյություն ունի հատուկ դիետա, որին հետեւելով՝ զույգերը կարող են աղջիկ ունենալ: Այս մեթոդի կողմնակիցները համարում են, որ սննդակարգի մեջ անհրաժեշտ է ներառել այնպիսի մթերքներ, ինչպիսիք են՝ շաքարը եւ մեղրը, զանազան համեմունքները, մուրաբաներն ու հոտավետ բույսերը, պետք է զերծ մնալ աղի սննդից ու կոֆեինից: Եթե կինն ավելի շատ աղի եւ թթու է ուտում, ուրեմն ավելի հավանական է, որ նա տղա երեխա կունենա: Ֆրանսիացիները սննդակարգի միջոցով իրենց ապագա երեխայի սեռը պլանավորելու այս մեթոդը շատ են հավանում, անգամ խիստ հետեւում են դրան: Այն սերնդեսերունդ է փոխանցվել ու հիմնված է փաստի վրա, որ երեխայի սեռը կախված է բեղմնավորումից առաջ մայրիկի ընդունած սննդամթերքից: Ֆրանսիացի ծնողները բեղմնավորումից դեռ 2 ամիս առաջ պետք է խստորեն հետեւեն հատուկ սննդակարգին: Տղա ունենալու համար նրանք ուտում են կարտոֆիլ, միս, սունկ, բանան, ծիրան, դեղձ, անպայման բացառում են կաթնամթերքը, կանաչեղենը, կաղամբը, ընկուզեղենը, լոբին, իսկ աղջիկ ունենալու համար ուտում են սմբուկ, ճակնդեղ, գազար, վարունգ, ոլոռ, պղպեղ, սոխ, ընկուզեղեն, կաթնամթերք եւ հրաժարվում սալորից, բանանից, նարինջից, հաղարջից, սեխից, կարտոֆիլից ու էկզոտիկ մրգերից: Պլանավորման այս եղանակը հիմնված է կնոջ օրգանիզմում սննդարար որոշ նյութերի առկայության ու բացակայության վրա: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս հետեւել այս սննդակարգին, քանի որ պարզ չէ, թե որոշ օգտակար նյութերի բացակայությունը օրգանիզմում ինչպես կանդրադառնա ապագա երեխայի առողջության վրա: Ֆրանսիացիների հետազոտությունները ցույց են տվել, որ 80%-ի դեպքում երեխան ծնվել է հենց իրենց ցանկալի սեռի:
Գոյություն ունի նաեւ արյան երիտասարդության թեորիա, որի դեպքում երեխայի սեռի որոշման ամենատարածված մեթոդը հիմնվում է արյան թարմացման թեորիայի վրա, ինչի համաձայն՝ տղամարդկանց արյունը թարմանում է 4 տարին մեկ, կանանցը՝ 3 տարին մեկ անգամ: Բեղնավորման ժամանակ կնոջ տարիքը պետք է բաժանել 3-ի, տղամարդունը՝ 4-ի, ում տարիքից ավելի քիչ մնացորդ մնա, այդ սեռի երեխա էլ կծնվի, այսինքն՝ ում արյունը ավելի «երիտասարդ» է բեղմնավորման պահին, այդ սեռի երեխա էլ ծնվում է: Սակայն կա մեկ նրբություն. եթե եղել են արյան լուրջ կորուստներ՝ ծննդաբերություն, վիժում, աբորտ, արյան հանձնում, արյան փոխներարկում, ապա հաշվել պետք է ոչ թե ծննդյան օրից, այլ արյան կորստի պահից: Մի բան էլ. ասում են, որ եթե մայրիկի արյան ռեզուսը բացասական է, ապա ամեն ինչ հակառակը կլինի:
Երեխայի սեռը հնարավոր է որոշել նաեւ սաղմի սրտի բաբախների տեմպով: Կարծիք կա, որ աղջիկների սիրտը մոր արգանդում ավելի արագ է բաբախում, քան տղաներինը, բայց այս փաստի համար գիտական հաստատում դեռեւս չկա: Երեխայի սեռը որոշելու այս եղանակը շատ հաճախ է կիրառվում Երեւանում: Իսկ հայաստանյան գյուղերում լայնորեն տարածված է, այսպես ասած, «տատիկի մեթոդը»: Այս «թեստն» անելու համար պետք է վերցնել ասեղ, գնդասեղ կամ էլ ամուսնական մատանի, նրա վրա կապել բարակ թել կամ մազ: Ապա, օրինակ, մատանին պահել պառկած հղի կնոջ փորի վրա ու շարժել, եթե այն շրջանաձեւ պտտվի, ըստ այս մեթոդի՝ աղջիկ երեխա կծնվի, իսկ եթե անկանոն այս ու այն կողմ շարժվի՝ տղա կծնվի:
Հատուկ դիետաներից, արյան երիտասարդությունից ու «տատիկի մեթոդից» բացի, որոշ զույգեր նախընտրում են օգտվել չինական եւ ճապոնական օրացույցներից, որոնցով էլ հաշվարկվում է կնոջ տարիքը, ծննդյան ամիսը ու այն, թե որ ամսում հնարավոր կլինի բեղմնավորել աղջիկ կամ տղա երեխա: Օրինակ, եթե դուք 25 տարեկան եք, ծննդյան ամիսը հունիսն է, իսկ բեղմնավորման նախատեսված ամիսը սեպտեմբերը, այս բոլոր թվերը անհրաժեշտ է գումարել՝ (25+6+9 =40): Զույգ թիվ ստանալու դեպքում, այս մեթոդի համաձայն, 9 ամիս անց դուք աղջիկ կունենաք, կենտ թիվ ստանալու դեպքում՝ տղա:
Ռուսական ժողովրդական ավանդույթներից մեկի համաձայն, եթե ապագա մայրիկը գլխով հյուսիս է քնում, ապա տղա երեխա է ծնվում, իսկ եթե հարավ՝ աղջիկ: Ըստ ռուսական «տատիկական մեթոդների», եթե ծննդկանի ոտքերը սառն են դարձել, ապա նա անպայման տղա երեխա է լույս աշխարհ բերելու: Ռուսներն անգամ կարծում են, որ այդ գործում իր դերն է խաղում տղամարդու ամենօրյա ներքնազգեստը. եթե այն կիպ գրկող է, ապա ծնվելու է տղա, իսկ եթե ազատ՝ աղջիկ: Երեխայի սեռը պարզելու առումով ամենահետաքրքիր մեթոդը հորինել են ամերիկացիները: Նրանք համոզված են, որ 16 շաբաթականից սկսած, երեխայի սեռը կարելի է պարզել կոյուղու խողովակները խցանումներից մաքրելու համար նախատեսված նյութի օգնությամբ: Նյութը անվանվում է Drano Crystals: Նրանք այդ նյութը հավասար չափաբաժնով խառնում են կնոջ առավոտյան մեզի հետ, եւ եթե հեղուկը ռեակցիայից հետո թափանցիկ, բաց կապույտ կամ բաց կանաչ երանգավորում ստանա, ապա աղջիկ է ծնվելու, իսկ եթե հեղուկը սեւ, շագանակագույն կամ էլ մուգ կապույտ դառնա, ուրեմն՝ տղա: Ինչքան էլ զարմանալի է, այս մեթոդը նրանց մոտ գործում է:
Իսկ ավելի տարածված այն մեթոդը, ըստ որի, զույգերը պետք է սեռական հարաբերություն ունենան կնոջ ձվազատման որոշակի օրերին, ըստ մասնագետների, ամենաէֆեկտիվն է, պարզապես պետք է ճիշտ հաշվարկ անել գինեկոլոգի հետ:
Նշենք, որ չնայած զանազան մեթոդներին եւ խորհուրդներին, թե ինչպես աղջիկ կամ տղա բեղմնավորել, դրանցից ոչ մեկը 100%-անոց արդյունք չեն տալիս: