Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ ԿՄԵԿՆԻ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Նոյեմբեր 18,2010 00:00

2011 թվականին ֆուտբոլի «Համագործակցության գավաթի» ավանդական խաղարկությունը, որն անցկացվելու է տասնիններորդ անգամ, կհյուրընկալվի Սանկտ Պետերբուրգում: Մրցաշարին, կանոնակարգի համաձայն, մասնակցում են ԱՊՀ եւ Բալթյան երկրների ազգային առաջնությունների հաղթող թիմերը: Սակայն, ինչպես լրատվամիջոցներին  տեղեկացրել են կազմակերպիչները, այս տարի նրանց թվում լինելու է նաեւ Ֆինլանդիան: Նման ցանկություն հայտնել է այդ երկրի այս տարվա չեմպիոնը:
Եկող տարի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի «Պետերբուրգսկի» մարզահամալիրում թե ովքեր հանդես կգան՝ առայժմ ճշգրտվում է, քանի որ որոշ ազգային առաջնություններ դեռ չեն ավարտվել: Այդուհանդերձ, որոշ տեղեկություններ արդեն կան, եւ դատողություններ էլ կարելի է անել: Առաջինը, ամենայն հավանականությամբ, Վրաստանի չեմպիոնը չի ժամանի մրցավայր, հավանաբար՝ Ռուսաստանի հետ առկա քաղաքական տարաձայնությունների պատճառով: Հրաժարվել է նաեւ Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆը», ինչի մասին պաշտոնապես հայտարարել է ակումբի մամուլի քարտուղար Ալեքսանդր Բաբակը: Ըստ նրա, մրցաշրջան 2010-ը «Շերիֆի» համար բավականին ծանրաբեռնված է եղել, եւ «Ֆուտբոլիստներին հանգստանալու հնարավորություն պետք է ընձեռել:
Ինչ վերաբերում է մեր «Փյունիկի» մասնակցությանը, Հայաստանի առաջնությունն ընդամենը մի քանի օր առաջ է ավարտվել, եւ ակումբի ղեկավարությունը Սանկտ Պետերբուրգ մեկնել-չմեկնելու մասին պաշտոնական որեւէ հայտարարություն դեռ չի հասցրել անել: Սակայն Հայաստանի չեմպիոնի ցանկացած որոշման դեպքում մենք մրցաշարում մեր ներկայացուցիչն ունենալու հնարավորություն ունենք, քանի որ, ըստ կանոնակարգի, չեմպիոնի հրաժարվելու դեպքում հրավերը փոխանցվում է տվյալ ազգային առաջնության երկրորդ մրցանակակրին: Մեր պարագայում դա «Բանանցն» է:
Ֆուտբոլասերները հիշում են 2006 թվականը, երբ «Փյունիկը» Մոսկվայում հրաժարվեց Ադրբեջանի չեմպիոն Բաքվի «Նեֆթչիի» հետ քառորդ եզրափակչում հանդիպել եւ լքեց մրցաշարը, ինչը հետագայում կազմակերպիչների համար տարաբնույթ կարծիքների եւ մեկնաբանությունների հարուստ թեմա դարձավ: Դրան հաջորդած երկու տարիներին խաղարկությանը մասնակցել է «Բանանցը», 2009-ին՝ «Արարատը»: Հայաստանի չեմպիոնը «Համագործակցության գավաթ» վերադարձավ անցած տարի, սակայն թիմը համալրված էր ակումբում բացառապես փորձաշրջան անցնելու հրավիրված լեգեոներականներով, ինչի համար մասնակցությունն անհաջող ստացվեց:
Հիշեցնենք, որ «Համագործակցության գավաթի» խաղարկությանը մասնակցում է 16 թիմ: Նրանք բաժանվում են չորսական թիմից բաղկացած չորս խմբի եւ մեկ շրջանով հանդիպումներում որոշում երկու լավագույններին, որոնք պայքարը շարունակում են հաջորդ փուլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել