Եվ խորհուրդ տվեց ուսանողներին զգացմունքային չլինել
Երեկ՝ Ուսանողների միջազգային օրը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը «Մշակութային քաղաքականություն» թեմայով դասախոսություն կարդաց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի «Մշակութային հաղորդակցություն, տուրիզմ եւ մենեջմենթ» մասնագիտության մագիստրատուրայի ուսանողների համար: Առանձնացնելով մշակութային քաղաքականության 5 ձեւաչափ եւ ներկայացնելով ԱՄՆ-ի օրինակը՝ նա նշեց, որ այդ երկրում տարանջատված է մասսայական եւ էլիտար մշակույթը. «Առաջինն ինչպես կուզի թող զարգանա, իսկ ահա էլիտարը պետք է զարգացնել, բայց ոչ թե պետությունն է դա անում, այլ՝ մասնավորը, որի համար ստեղծվում են համապատասխան պայմաններ»: Ըստ նախարարի՝ Հայաստանում մշակութային քաղաքականությունը դիտարկվում է որպես պետության մենաշնորհ եւ համարվում է ոլորտի խնդիրների հիմնական կարգավորող: Բերելով Ֆրանսիայի օրինակը, որտեղ մշակույթն առաջին հերթին դիտարկվում է որպես ազգային ինքնության կարեւորագույն տարր, Հ. Պողոսյանը հույս հայտնեց, որ ապագայում հենց այս ձեւաչափով կառաջնորդվի մեր երկիրը:
Դասախոսության ժամանակ նույն ժամին Հայաստանից դուրս՝ Քենիայում քննարկվում էր հայկական խաչքարերի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվել-չընդգրկվելու հարցը: Հանդիպման ընթացքում նախարարին հայտնեցին, որ վերջնական որոշումը հայերի օգտին է, եւ հայկական խաչքարերը այսուհետեւ կլինեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո: Նախարարի կարծիքով. «Ադրբեջանական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի հայկական խաչքարը մնա միայն հայկական ազգային արժեքի դաշտում: Բայց մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական խաչքարը վիճարկեն, դա նույնն է, որ ասեն՝ հայկական տառերը հայկական չեն»: Վերջում նախարարը ուսանողներին, որոնց հույս ուներ ապագայում տեսնել մշակույթի ոլորտի պատասխանատու պաշտոններում, սեփական փորձից ելնելով «խորհուրդ տվեց». «Ազգային մշակութային արժեքների ծագումնաբանության վերաբերյալ մշակույթի նախարարության հասցեին հաճախ հնչեցնում են՝ եթե Թուրքիայում եկեղեցին փլուզվեց, նշանակում է, որ մշակույթի նախարարությունը Հայաստանում վատ է աշխատում, շատ անգամ այդ բոլորը կրում են էմոցիոնալ բնույթ, դուք ապագայում պետք է հստակ կարողանաք տարանջատել էմոցիոնալը ռեալ պրոբլեմից: Ասում են՝ Անիի հուշարձանները վտանգված են, բայց դա այն դեպքը չէ, երբ վերցնում-քանդում են, ժամանակն է քայքայում դրանք, այնպես, ինչպես բազմաթիվ հուշարձաններ քայքայվում են նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում, որովհետեւ մենք չենք հասցնում 24 հազար հուշարձանների վերականգնման աշխատանքները կատարել»:
Ֆրանսիական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ Ռիմա Սողոմոնյանը նախարարից հետաքրքրվեց՝ կո՞ղմ է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը եւ արդյո՞ք մտավախություն չունի, որ դպրոցների X թիվը մի օր էլ կարող է դառնալ Y: Նախարարն ասաց, որ ինքն օրինագծի նկատմամբ բացասական վերաբերմունք չունի. «Մենք ունեցել ենք օտարալեզու դպրոցներ եւ օգտվել ենք դրանցից, ինչպես նաեւ օգտվում ենք այն բուհերից, որոնք օտարալեզու են: Մեր մեջ ավելի շատ վախն է նստած, քան ռեալ վտանգը»: Ուսանողները նախարարին ուղղելու մի շարք հարցեր ունեին, բայց նրան շտապ կանչեցին ԱԺ եւ առանց ուսանողների հարց տալու իրավունքը բավարարելու, տիկին նախարարը հեռացավ: