Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔՍ ՀՈՍ Է՝ ՄՏՔԻՍ ՄԵՋ»

Նոյեմբեր 18,2010 00:00

Վահան Զանոյեանն իրեն միջազգային հայ է համարում

Այսօր Հայաստանի գրողների միությունում կկայանա Վահան Զանոյեանի հայերեն առաջին՝ «Վերադարձ»  բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:  Նա բանաստեղծ է, գործարար եւ որսորդ: Նրա խոսքով, «Վերադարձը» յուրօրինակ փորձառություն  է՝ հիացումների, հուզումների, ինչու չէ՝ նաեւ հիասթափության ու մտահոգության արդյունք: Հեղինակը հայտնում է, որ գրքում լեզվական եւ ոճային միտումնավոր ձուլումներ կան՝ մեսրոպյան եւ ներկայիս Հայաստանի որդեգրած ուղղագրությունների:
«Առավոտի» հետ զրույցում բանաստեղծն ասում է, որ մի  20 տարի առաջ այլ կերպ կարելի էր խոսել Սփյուռք-Հայաստան կապի մասին, հիմա՝ մեկ ուրիշ: Նա, դեմ լինելով  կղզիացմանն ու ինքնապարփակվելուն, կողմնակից է աշխարհահարաբերվելուն: Փաստում է. «Համաշխարհային հայկական իրականություն կա, Հայաստանը ատոր մի մասն է, Լիբանանը մի ուրիշ մասն է, Լոս Անջելեսը՝ այլ, համաշխարհային հայ իրականությունը տակավին իրարանցումին մեջ է… Ամեն անձին համար հայրենիքը մի քիչ տարբեր է՝ դա կախում ունի տնից, ո՞վ է  հայրդ ու մայրդ, երեխան ի՞նչ դպրոց գացած է, ի՞նչ տեսակ միջավայրի մեջ ապրած: Ատկե կախյալ է, թե ինչ տեսակ հայրենիք  կպատկերացնի: Ատ մտքով մեծցած անձը, երբ նույնիսկ առաջին անգամ Հայաստան կուգա, պիտի հիանա եւ հիասթափվի»: Բանաստեղծի համոզմամբ, Հայաստանից դուրս ապրող ամեն հայ, երբ այն տեսնում է սեփական աչքերով, անպայման համեմատում է իր մտքում եղածն ու ռեալ իրականությունը: Ասում է՝ ինքն էլ  առանց կաշկանդումի փորձել է թե սերը, թե գոհացումի պահերը եւ թե հիասթափումը արտացոլել «Վերադարձում»: Նա կարծում է, որ այդ առումով գիրքն ավելի հոգեհարազատ է սփյուռքահայերին, քան հայաստանցիներին:
Իսկ ինչո՞ւ  են իր մտածումները ժայթքել հենց բանաստեղծությունների ձեւով: Այս հարցին ի պատասխան, զրուցակիցս նշում է, որ  ուզում էր իր գլխում եւ սրտում եղած հուզումներից ու տպավորություններից ինչ-որ կերպ ձերբազատվել, ու ավելի հարազատ էր  բանաստեղծությամբ այդ «բեռից» պրծնելը. նախ բանաստեղծության մեջ չես կարող սուտ խոսել, երկրորդ՝ «արձակի դեպքում ասելիքը կմոտենա հրապարակախոսությանը»: Հեղինակը յուրովի է մեկնաբանում իր գիրքն ու վերնագիրը. «Վերադարձի թեման բարդ է: Նախ պիտի վերադառնաս հոն, ուր ասկե առաջ չես եղել, որ անկարելիություն է՝ եթե խորը մտածես, երկրորդ՝ պիտի վերադառնաս հոն, ուր էապես եղել ես, բայց ֆիզիկապես չես եղել, երրորդ՝ միշտ կամա թե ակամա պիտի փորձես քո էապես եղած տեղդ չափել, կշռել եւ նայել, թե ինչպես է հարմարում: Այս ամենը, բնականաբար, լաբիրինթոսի կվերածվի մտքիդ մեջ եւ հոգիիդ մեջ եւ աս բոլորը պիտի ինչ-որ ձեւով մը դուրս գա»:
Մեր դիտարկմանը, թե ինքն էությամբ հայ է, կերպարով՝ աշխարհաքաղաքացի, տարվա կեսը Հայաստանում է ապրում, մյուս մասը՝ Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Բահրեյնում եւ այլուր, Վ. Զանոյեանը պատասխանում է. «Ես ինքզինքս լրիվ կհամարեմ միջազգային հայ: Եթե ինձ հիմա հարցնեն՝ քո տունդ ո՞ւր է, հայրենքիդ ո՞ւր է, կասեմ՝ չգիտեմ: Հալեպ ծնել եմ, 6 ամիս չեղած տեղափոխվել ենք Լիբանան, մեծացել եմ Այնճար ըսված մի գյուղում, հետո տեղափոխվել ենք Բեյրութ, Ամերիկա ապրել եմ 30 տարի, հետո Շվեյցարիա ու Բահրեյն, նաեւ հոյակապ տուն ունեմ Վայոց ձոր: Այնպես որ, տունս հոս է՝ գլխիս ու մտքիս մեջ: Սա էլ համաշխարհային կամ թափառական հայ լինելու «վնասներից» մինն է, թեեւ շատ օգուտներ էլ կան…»:
Բացի բանաստեղծ, գործարար եւ գիտնական լինելուց, Վահան Զանոյեանը նաեւ որսորդ է, հիշում է՝ ինքը իրենց ազգի միակ տղան էր՝ մոտ մեկ տասնյակ քույրերի մեջ, եւ բանը հասել էր նրան, որ սկսել էր «պուպրիկ» (տիկնիկ) խաղալ: Նեղսրտած հայրն էլ որոշելով այդ ամենին վերջ դնել, հրացան էր գնել ու 8-9 տարեկան տղային որսորդությամբ հրապուրել: Հետագայում այն վերաճել էր լուրջ հոբիի, ինչպես ժամանակ առ ժամանակ գլուխ բարձրացնող պոեզիան: Պարոն Զանոյեանը վստահ է, որ իսկական որսորդը նա է, ով հարգում է բնությունն   ու որսը, ասում է՝ հաճախ որսի գնալիս մեջն արթնանում է բանաստեղծը, հրացանը վայր է դնում ու լուսանկարչական սարքը ձեռքն առնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել