Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶՆԵՐԸ ԴԱՏՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Նոյեմբեր 18,2010 00:00

Բիշքեկում մեկնարկել է ապրիլին տեղի ունեցած ցույցի մասնակիցների զանգվածային գնդակահարման գործով դատավարությունը: Այդ գործի շրջանակներում մեղադրանքներ են առաջադրվել Ղրղըզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին եւ եւս 27 նախկին բարձրաստիճան պաշտոնյաների: Դատավարությունն անցնում է դռնբաց ռեժիմով: Բացի երկրի նախկին նախագահից, հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա կրտսեր եղբոր՝ Պետական պահպանության ծառայության նախկին պետ Ջանիբեկ Բակիեւի, նախագահի ավագ որդու՝ Մարատ Բակիեւի եւ երկրի հատուկ ծառայության նախկին ղեկավար Մուրատ Սուտալինովի դեմ: Մյուս մեղադրյալները կամ արդեն կալանավորված են, կամ երկրից չհեռանալու մասին ստորագրության դիմաց գտնվում են տնային կալանքի տակ: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները գերազանցելու եւ երկու ու ավելի մարդ սպանելու համար:
Դատական առաջին նիստը առանց միջադեպերի չի անցել: «Ինտերֆաքսի» փոխանցմամբ, Բիշքեկի Սպորտի պալատի շենքում տեղի ունեցող դատավարության ժամանակ գործով տուժող ճանաչված անձինք բռունցքներով հարձակվել են նախկին նախագահի եւ նրա զինակիցների շահերը պաշտպանող փաստաբանների եւ դատարան բերված ամբաստանյալների ու նրանց հարազատների վրա, բանը առանձին դեպքերում հասել է նաեւ ծեծկռտուքի: Տուժողները հայտարարել են, թե մահվան համար վրեժխնդիր կլինեն սպանություններով եւ մարդասպանների տներն այրելով: Տուժողները պահանջել են, որ դատավարությունը հեռարձակվի նաեւ ազգային հեռուստատեսությամբ: Դատական երեկվա նիստը հետաձգվել է այն բանից հետո, երբ նախկին իշխանության ներկայացուցիչների պաշտպանները բացարկ են հայտնել դատավորին: Միջադեպը զսպելու համար դատավարության վայր են ժամանել ռետինե մահակներով զինված ոստիկանական ուժեր:
60 հատորանոց այս քրգործին մասնակցում է 18 փաստաբան, 7 դատախազ, ավելի քան 300 տուժող եւ նրանց ներկայացուցիչներ:
Դատական նիստը որոշվել է անցկացնել Սպորտի պալատում, քանի որ դատարանի որեւէ շենքի նիստերի դահլիճ մասնակիցների այդպիսի քանակ՝ շուրջ 700 մարդ,  չէր կարող տեղավորել:
Հիշեցնենք, որ 2010թ. ապրիլի 6-7-ը Ղրղըզստանում նախագահ Կուրմանբեկ Բակիեւի դեմ բողոքի՝ ոստիկանական ուժերի հետ բախումերով ուղեկցվող, զանգվածային ցույցերի ժամանակ ավելի քան 80 մարդ էր սպանվել, շուրջ 500 մարդ վիրավորվել էր: Ընդդիմությունը երկիրն իր վերահսկողության տակ էր առել, ինչից հետո նախագահ Բակիեւը ստիպված էր եղել լքել երկիրն ու ապաստան գտնել Բելառուսում: Ղրղըզստանի նոր իշխանությունները նախկին նախագահի եւ նրա հարազատների դեմ միջազգային հետախուզում են հայտարարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել