Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ն պատրաստ է օգնել Իռլանդիային

Նոյեմբեր 18,2010 00:00

Ֆինանսական հարցերով եվրոպական հանձնակատար Օլլի Ռենը հայտարարել է, թե Եվրամիությունը Իռլանդիայի տնտեսությանն ուղղված օգնության ծրագիր է պատրաստում այն դեպքի համար, եթե այդ երկրի կառավարությունը որոշի այդպիսի խնդրանքով դիմել ԵՄ-ին: Ռենի ասելով, այդ ծրագրում հատկապես ուշադրություն է հրավիրվելու երկրի բանկային հատվածի վերակազմավորման վրա: Հանձնակատարն ավելի վաղ հայտարարել էր Իռլանդիային օգնություն տրամադրելու հնարավորության հարցը քննարկել նոյեմբերի 16-ին, Բրյուսելում սկսված եվրագոտու ֆինանսական գերատեսչությունների ղեկավարների արտակարգ հանդիպման ընթացքում: Նիստի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով ողջունվել են տնտեսական հիմնախնդիրները հաղթահարելու ուղղությամբ Իռլանդիայի գործադրած ջանքերը: Փաստաթղթում նաեւ ասված է, թե իռլանդական կառավարությունը, Եվրահանձնաժողովը, Եվրոպական կենտրոնական բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը «կարճաժամկետ, բայց նպատակային խորհրդակցություններ կվարեն Իռլանդիային օգնություն տրամադրելու լավագույն տարբերակ առաջարկելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի»:
Մոտ ժամանակներս Եվրամիության անդամ 27 երկրների ֆինանսների նախարարները այդ հարցի շուրջ մտադիր են շարունակել խորհրդակցությունները: Բանակցությունները, BBC-ի փոխանցմամբ, ընթանում են եվրոյի գոտու մի շարք երկրներում, մասնավորապես՝ Իռլանդիայում,  ֆինանսական լուրջ խնդիրների առկայության ֆոնին: Մտահոգություններ կան, որ իռլանդական կառավարությունը ի վիճակի չի լինի կատարել պարտքերի հետ կապված իր պարտավորությունները:
Ռենը շեշտել է, թե իռլանդական իշխանությունները պատրաստ են դժվարությունները հաղթահարելու համար աշխատել ԵՄ-ի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի հետ:
Ներկայումս Իռլանդիայի բյուջեի դեֆիցիտը կազմում է 12 տոկոս:
Հիշեցնենք, որ Իռլանդիան բազմիցս է հայտարարել, թե «դրսից» ֆինանսական օգնություն չեն ակնկալում: Բացի Իռլանդիայից, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն ԵՄ անդամ Պորտուգալիան եւ Իսպանիան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել