Փարիզը Իրանի անվտանգության ուժերին մեղադրել է Թեհրանում ֆրանսիացի դիվանագետներին «բռնության անընդունելի հարձակումների» ենթարկելու մեջ: BBC-ի մատուցմամբ, Ֆրանսիայի արտգործնախարարությունը հաղորդել է, թե դիվանագիտական առաքելության աշխատակիցներին թույլ չի տրվել մտնել Թեհրանում դեսպանության շենք: «Դրանից հետո ձերբակալել են Թեհրանում ֆրանսիացի դեսպանի հյուրերին, իսկ դեսպանության աշխատակիցների նկատմամբ կիրառվել է անընդունելի բռնություն»,- հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Միջադեպից հետո ֆրանսիական իշխանությունները կանչել են Փարիզում Իրանի դեսպանին եւ վերջինիս հասկացնել են տվել, որ կատարվածը Վիեննայի կոնվենցիայի ոտնահարում է:
Ավելի վաղ Իրանը լրտեսության մեջ մեղադրել էր ամուսնական անհավատարմության մեղադրանքով մահապատժի դատապարտված Սակինե Մոհամմադի Աշտիանիի որդուց հարցազրույց վերցրած Գերմանիայի երկու քաղաքացիների: Մեղադրյալների անունները չեն հրապարակվում, բայց հայտնի է, որ ձերբակալվածներից մեկը՝ լրագրող, մյուսը լուսանկարիչ է: Գերմանիայի պաշտոնատար անձինք հայտարարել են, թե ամեն ինչ արվում է վերջիններիս ազատ արձակելու ուղղությամբ: