Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուսանողական տոն, պահպանակներ եւ կոռուպցիա

Նոյեմբեր 18,2010 00:00

Ուսխորհուրդները՝ իրենց առօրյայի եւ խնդիրների մասին

Ուսանողների միջազգային օրվա առիթով երեկ պետական ու ոչ պետական գրեթե բոլոր բուհերում տոն էր: Ամեն մի բուհ յուրովի նշեց Ուսանողի օրը. Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը գիտաժողովներ էր կազմակերպել, Թատրոնի ու կինոյի ինստիտուտը՝ համերգաշար, ԵՊՀ-ն՝ գիտական նվաճումների ու հասարակական գործունեության համար 40 ուսանողների առաջին անգամ պարգեւատրել էր ուսխորհրդի մեդալներով, իսկ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն էլ 2010 թ. լավագույն ուսանողին օրվա առիթով նվիրել էր Փարիզի 2-շաբաթյա ուղեգիր: Երեկ չորս բուհերի ուսխորհուրդների նախագահներ, որոնցից երկուսը (Մանկավարժականի եւ Վ. Բրյուսովի անվան համալսարանի)՝ ՀՀԿ նշանները կրծքներին, հանդիպեցին լրագրողների հետ: Օրվա տոնակատարությունից բացի, նրանք անդրադարձան ուսանողների խնդիրներին:
«Ամենամեծ խնդիրը սոցիալականն է, մեր բուհի օրինակով կարող եմ ասել, որ շատ ուսանողներ ընդունվում են վճարովի համակարգ ու լավ ուսանողները զուրկ են մնում սովորելու հնարավորությունից: Խնդիր է նաեւ այն, որ բուհի շրջանավարտների՝ լավ կադրերի արտահոսքը գնալով մեծանում է, որովհետեւ չեն գտնում համապատասխան աշխատանք, ինքնադրսեւորման համապատասխան ոլորտ»,- ասաց Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Գասպարյանը: Նրա ԵՊՀ գործընկերն էլ՝ Ցոլակ Ակոպյանը, խնդիրներից առանձնացրեց կոռուպցիան. «Ամեն անգամ այս հարցը բարձրացնում ենք, բայց սայլը տեղից դեռ չի շարժվում: Մինչեւ տարեվերջ հետազոտություն ենք կատարելու ու համենայնդեպս մայր բուհում տիրող օբյեկտիվ իրավիճակը՝ կոռուպցիոն դաշտում կներկայացնենք»: Ի տարբերություն իր գործընկերների, որոնք հաստատում էին, թե իրենց բուհերում էլ կոռուպցիոն երեւույթներն անպակաս են, Է. Գասպարյանը հավատացնում էր, որ իրենց բուհում կոռուպցիա չի եղել ու չկա: Ց. Ակոպյանն էլ պատմեց, թե ռոտացիայով փոխադրման գործընթացում ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դեկանատներից ինչպիսի խայտառակ փաստաթղթեր են բացահայտել. «Հոկտեմբերին դեկանատների աշխատակիցների ու հենց դեկանների ոչ պատշաճ վերաբերմունքի արդյունքում խայտառակ թղթաբանություններ էինք ստացել, պարզվեց, որ շատ լավ առաջադիմություն ունեցող ուսանողներ ընդհանրապես այդ համակարգում չէին ընդգրկվել, մինչդեռ փաստաթղթերում ներկայացված էին անուններ, որոնք իրականում լուծարքներ ունեին, բայց ներկայացված էր, թե իբր ամեն ինչ ժամանակին հանձնել են»: Նա նաեւ նշեց, որ համալսարանն այսօր ունի 18 000 ուսանող, մինչդեռ կարող է լավագույն դեպքում ընդունել 9000 ուսանողի. «Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում դասերն ընդհատվում են՝ լսարան չլինելու պատճառով: Համալսարանի շենքային պայմանները չեն բավարարում, հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց…»: Ուսխորհրդի նախագահները նաեւ փորձեցին նկարագրել այսօրվա ուսանողի կեցվածքը: Ըստ Ց. Ակոպյանի. «ԵՊՀ ուսանողին վայել է ազատամիտ հայացքներով կեցվածքը, այսինքն՝ զերծ ճնշումներից ու կոմպլեքսներից»: «Առավոտը» նրանից հետաքրքրվեց՝ ազատամիտ հայացքներո՞վ է պայմանավորում վերջերս բուհի ուսխորհրդի հետ կապված աղմկահարույց դեպքը. այնտեղից պահպանակներ եւ կանացի ներքնազգեստ էին գտել: «Ուսանողական խորհուրդը երբ ազատ հայացքներով է հանդես գալիս, շատ դեպքերում համալսարանի ղեկավարության դեմ է արտահայտվում, որոշ մարդիկ ճանապարհ են գտնում ուսխորհրդին վարկաբեկելու համար: 100 տոկոսով ասում եմ, որ նման դեպք տեղի չի ունեցել, դեռ ավելին՝ մենք մոտավոր գիտենք՝ ով է կազմակերպիչը: Նա ԵՊՀ աշխատակից է, եւ անմեղության կանխավարկածը չխախտելու համար՝ ռեկտորին պարտադրել ենք ծառայողական քննություն անցկացնել, որ բացահայտենք ու հրապարակենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել