Ինքնամաքրում՝ ըստ քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանի
Առաջիկայում սպասվում են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների եւ թղթակից անդամների ընտրություններ: Ուստի «Առավոտը» ակադեմիական ընտրությունների եւ բնագիտության զարգացման հիմնախնդիրների մասին զրուցեց քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ օրգանական եւ դեղագործական քիմիայի գիտատեխնիկական կենտրոնի լաբորատորիայի վարիչ Առնոս Հովհաննիսյանի հետ: Զրույցի սկզբում պարոն Հովհաննիսյանն անդրադարձավ գիտությամբ զբաղվող մարդ եւ գիտնական հասկացություններին. «Դրանք տարբեր են: Գիտնականները եզակի են լինում, նրանց համար միեւնույն է՝ ո՞ր պետության մեջ եւ ի՞նչ հասարակարգում են ապրում ու աշխատում: Ինչ վերաբերում է գիտաշխատողներին, նրանք հարմարվող են եւ քաղաքական ուժերի հետեւից գնացող: Ցավոք, մեզանում այդպիսիք մեծ թիվ են կազմում: Այսօր երբեմն պետական գործիչներն ասում են՝ գիտությունը պիտի ծառայի տնտեսության զարգացմանը. սա լուրջ չէ: Այսօր ամբողջ տնտեսությունը եւ դրա զարգացումը մասնավոր ձեռքերում է, իսկ արտադրության տերերը գիտության զարգացման համար կոպեկ չեն ծախսում, քանի որ այդ պայմանը նրանց վրա պետության կողմից դրված չէ: Նման պայման դրված չէ նաեւ բուհերի առջեւ: Այնինչ՝ գիտությունը պիտի ֆինանսավորվի հիմնականում կրթական օջախներում: Ինչ վերաբերում է ակադեմիային, ապա հիմնականում նրան պիտի վերապահված լիներ գիտության ուղղությունների զարգացման եւ վերահսկողության դերը: Բուհերը պետական շենքերում պետության միջոցներով կազմակերպում են վճարովի ուսուցում, լսարանները խեղդված են ուսանողներով, բուհերը միլիոնավոր դոլաներ են ստանում ու փոխանակ դրանք գնան պետբյուջե, հատկացվեն գիտությանը եւ կրթությանը, մնում են բուհերի ռեկտորների հայեցողությանը: Պետությունը պարտավոր է լիցենզավորման միջոցով պարտադրել բուհերին ոչ պակաս, քան մուտքերի 40 տոկոսը հատկացնել գիտության զարգացմանը, ինչպես դա արվում է արտասահմանում»: Պրոֆեսորը նաեւ կարծում է. «Պետությունը կրակն է ընկել խորհրդային հասարակարգից հետո մնացած մեծաթիվ գիտաշխատողների ձեռքը: Հարցի լուծումը գտել է՝ այդ մարդկանց հավաքարարի աշխատավարձ վճարելով ու սպասելով նրանց կյանքի ավարտին: Այս ամենի հետեւանքով գիտության մեջ արդեն որոշակի մաս են կազմում կեղծ գիտությամբ զբաղվողները: Ավելի վտանգավորն այն է, որ գիտության մեջ հայտնվել են մարդիկ, որոնց կոչումներ են պետք՝ զարդարվելու եւ պաշտոններ գրավելու համար»:
Ա. Հովհաննիսյանից հարցրինք՝ նրան գոհացնո՞ւմ է՝ ինչպես է ՀՀ-ում գնահատվում գիտնականի աշխատանքը: Նա պատասխանեց. «Մեզ մոտ գիտնականին ընդհանրապես չեն գնահատում: Մի առիթով գործարարներից մեկն ուզեցավ իմանալ աշխատավարձիս չափը: Երբ ասացի՝ 50000 դրամ, նշեց, թե մեզ այդպիսի աղքատ գիտնականներ պետք չեն… Ի դեպ, գիտնականին շատ փող պետք էլ չէ: Այն պիտի լինի այնքան, որ բավարարի տան հոգսերին եւ նորմալ հագնվելուն»: Սակայն Ա. Հովհաննիսյանը կարծում է. «Գիտության շարքերում տեղ ենք տվել միջակություններին: Այս սխալը ժամանակին կատարել է Վիկտոր Համբարձումյանը, որ ակադեմիայի շարքեր թույլ տվեց սողոսկել 2-3 պատահական մարդու, որոնք այնուհետեւ որակ կազմեցին եւ ինքնավերարտադրվեցին… Կան ակադեմիկոսներ, որոնք այլեւս չունեն ընտրություն կատարելու ունակություն, նույնիսկ կան սեքսուալ շեղումներ ունեցողներ, որոնք ակադեմիայի անդամ են ուզում դարձնել իրենց սիրեցյալներին: Առաջիկայում էլ են սպասվում ակադեմիայի ընտրություններ եւ կրկին կանգնելու ենք այդ փաստի առաջ: Նույնիսկ հանցագործ աշխարհում ընտրությունն ավելի արդար է կատարվում: Եթե օրենքով գողն իրեն չի արդարացնում, դառնում է «պռաշլյակ»: Եթե մեր ակադեմիկոսների մեջ էլ լինեին «պռաշլյակներ», ակադեմիան իր տեղը կընկներ: Եթե ակադեմիկոսը դադարում է գիտությամբ զբաղվել եւ ոչինչ չի անում, պիտի դադարի ակադեմիկոս լինելուց, դառնա «պռաշլյակ»: Շատ ակադեմիկոսներ վերակենդանանում են միայն ԳԱԱ ընտրությունների ժամանակ. նրանց անկողնուց բերում են քվեարկելու»,- «փակագծերը բացում է» պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանը: