Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈ՞Ղ ԵՆՔ ՄԵՆՔ, ԱՐԴՅՈՔ

Նոյեմբեր 18,2010 00:00

\"\"Ըստ մի խումբ քաղաքական գործիչների, հանդուրժողականությունը մարդու իրավունքներին եւ օրենքներին հավատարիմ լինելն է

Նախօրեին օր առաջ Հանդուրժողականության օրն էր, այդպես է որոշվել 1996-ից ի վեր: Մենք չենք որոշել, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն է որոշել: Դե, եթե հարկ են համարել հանդուրժողականության հատուկ օր սահմանել, ուրեմն դրա կարիքը ոչ միայն մենք ունենք, այլեւ աշխարհի այլ երկրներ։ Որոշեցինք հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ զրույցներից պարզել՝ հանդուրժո՞ղ ենք, արդյոք, մենք, ի զորո՞ւ ենք միմյանց ներել, ընկալել, սիրել, կողք կողքի ապրել, թե՞ մեր մեջ չհասկացվածության պատն այնքան է խորացել, որ այլեւս ետդարձի տեղ չկա: Ի դեպ, մեր կարճ հարցումների արդյունքում բոլոր զրուցակիցներիս վերջում մեկ ընդհանուր հարց էի ուղղում՝ ո՞րն է հանդուրժողականության իրենց տարբերակը, սահմանումը: Ի զարմանս՝ պարզեցի, որ եւ իշխանության, եւ ընդդիմության ներկայացուցիչների համար հանդուրժողականությունը գրեթե նույն ձեւակերպումն ունի՝ հարգել օրենքները եւ այնպես ապրել, որ այդ օրենքները հավասար լինեն բոլորի համար։ ՀԱԿ արտաքին հարցերի համակարգող Վլադիմիր Կարապետյանի համոզմամբ, հանդուրժողականության հաստատման համար. «Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարումից ի վեր ոչինչ չի արել, իր իսկ ձեւակերպմամբ՝ չհասկացվածության պատը քանդելու: Տասներկու քաղբանտարկյալների առկայությունը վառ վկայությունն է նրա, որ խոսքերը պարզապես մնացին օդում: Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա առաջնորդը իր ելույթներում բազմիցս համապատասխան ուղերձներ է հղել թե հասարակությանը, թե իշխանություններին, որ դիմակայությունները շարունակող քաղաքական դրդապատճառները կարող են կործանարար լինել: Ցավոք, այդ ուղերձները նույնպես չընդունվեցին, չընկալվեցին, եւ այսօր շարունակվող հարձակումները դատապարտված մեր գործընկերոջ՝ Նիկոլ Փաշինյանի վրա, վկայությունն է նրա, որ իշխանությունների համար այդ հասկացությունը (հանդուրժողականությունը- Մ. Ե.) որեւէ իմաստ չունի»։ Ի պատասխան մեր հարցին՝ արդյոք հասարակության մեջ հանդուրժողականության տարածման մեջ անելիք ունի միայն իշխանությո՞ւնը, իսկ ընդդիմության անելիքը ո՞րը պետք է լինի, պարոն Կարապետյանը ասաց. «Ընդդիմության անելիքը պետք է լինի իրականության բացահայտումը, որը, իհարկե, իր նպաստը կբերի երկրի խնդիրների լուծմանը, ինչը մենք շարունակ անում ենք, իսկ իշխանությունը պետք է համապատասխան քայլեր առաջարկի հասարակությանը՝ ներքաղաքական լարվածությունը թեթեւացնելու համար»: Ըստ մեր զրուցակցի, բացի նրանից, որ խախտվում են մարդու իրավունքները, բացի նրանից, որ քաղբանտարկյալները շարունակում են պահվել բանտերում, հանդուրժողականության հաստատման համար իշխանությունը որեւէ բան չի անում: Հանդուրժողականության սահմանումը, ըստ մեր զրուցակցի, հետեւյալն է՝ «Թերեւս քաղաքական սահմանումը կլինի օրենքի տառին հավատարիմ մնալը, եթե յուրաքանչյուրս հավատարիմ լինենք օրենքին, գործենք օրենքի շրջանակներում, դա լրջագույն նախադրյալ է եւ կնպաստի հանդուրժողականության զարգացմանը»: ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը եւս մտածում է, որ հանդուրժողականությունը հենց օրենքների կատարումն է եւ մարդու իրավունքների հարգումը. «Մենք ձգտում ենք կառուցել բաց հասարակություն, որտեղ բոլոր անդամները պետք է տեղյակ լինեն, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում, սոցիալական դաշտում, բոլոր ոլորտներում: Բնականաբար, շատ կարեւոր է այստեղ հանդուրժողականության խնդիրը, այսինքն՝ եթե մեկը քեզ նման չի եւ քո նման չի մտածում, ապա նրան պետք է հանդուրժել, որովհետեւ այդպես է ընդունված ժողովրդավարության պայմաններում: Բնականաբար, խորհրդային բռնատիրությունից հետո մեզ մոտ չէր կարող միանգամից ձեւավորվել այդ բաց հասարակությունը, եւ մենք այժմ այդ ճանապարհին ենք»: Ըստ պարոն Զոհրաբյանի, ուժեղը պետք է հանդուրժի թույլին: Ի պատասխան մեր հարցի՝ արդյոք մեր հասարակության մեջ հանդուրժողականությունն ավելի շա՞տ կլիներ, եթե մարտի 1-ի մեղավորները, մարդասպանները արժանի պատիժ կրեին, եթե մարդկանց քաղաքական հայացքների համար չազատազրկեին, Ռազմիկ Զոհրաբյանն ասաց, թե մեղավորությունը միակողմանի չէ, բազմակողմանի է, եւ իրենց մեղքի բաժինն ունեն եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը. «Սակայն մի մոռացեք, որ դրանից հետո եղավ համաներում, հետո էլի մի քանի մարդ ազատ արձակվեց, հիմա էլ գործընթաց է գնում, քրեակատարողական հիմնարկներում հանձնաժողովներ են կազմվում, եւ շատերը եւս ազատ կարձակվեն, բայց այս պահին դա ես հաստատ չեմ կարող ասել, որովհետեւ հարցը քաղաքական չէ, իրավական է»:
 «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ «Քանի դեռ կան քաղբանտարկյալներ, հանդուրժողականության մասին խոսելը դեռ վաղ է, իսկ քաղաքական գործընթացները դեռեւս հնարավորություն չեն տալիս ընդդիմությանը հանդես գալ որպես իշխանության իրական հակակշիռ: Սա չի նշանակում, որ իշխանությունները ուժեղ են, այլ դա ցույց է տալիս, որ իշխանությունները շատ թույլ են, որ ամեն պահի վտանգ են զգում ընդդիմության գործողություններից։ Անհանդուրժողականության մեկ օրինակ է նաեւ այն, որ իշխանությունները այդպես էլ չեն ցանկանում ազատ հեռուստաընկերություն ունենալ, եւ «Ա1+»-ի հարցը այդպես էլ մնում է փակ շրջանում: Անհանդուրժողականության օրինակ է նաեւ այն, որ ընդդիմադիր գործիչները ժամանակ առ ժամանակ են հայտնվում հեռուստաէկրաններին»: Արմեն Մարտիրոսյանը վստահ է, որ անհանդուրժողականությունը դրսեւորվում է նաեւ խորհրդարանական ընդդիմության հանդեպ. «Այս ամենը ապացուցում է, որ քաղաքական առումով հանդուրժողականությունը մեզանում արմատավորված չէ, բայց եւ պետք է ասեմ, որ իշխանությունների այդ անհանդուրժողականությանը հակառակ՝ մեր ժողովուրդը բավականին հանդուրժող է եւ մեծ համբերության տեր, քանի որ հանդուրժում է իշխանությունների այս քաղաքականությունը: Եվ ես չգիտեմ, թե մեր անսահման հանդուրժող ժողովրդի համբերության բաժակը երբ կարող է լցվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել