Սահմանամերձ Տավուշը գտնվում է բավականին բարդ աշխարհագրական-ռազմաքաղաքական դիրքում. հանրապետությունում ունենալով ամենաերկար սահմանը հակառակորդ հարեւան Ադրբեջանի հետ, 90-ականներին այն իր վրա է կրել պատերազմի ամենածանր հետեւանքները եւ դրանց տրամաբանական շարունակությունը՝ արտագաղթը: Արդյունքում շատ գյուղեր հետպատերազմական տարիներին դատարկվել են: Թեեւ պատերազմը վաղուց ավարտված է, սակայն մինչ օրս մարզի սահմանամերձ շատ գյուղերում պարբերաբար լսվում են հակառակորդի կրակոցներ, լինում են անգամ զոհեր: Իսկ դա դժվարացնում է բերրի շատ հողատարածքների մշակումը: Գյուղացիների մեծ մասի համար խնդիր է նաեւ մայրաքաղաքից հեռու լինելու հանգամանքը, քանի որ արտադրանքն իրացնելիս կանգնում են երկար ճանապարհ կտրելու եւ այն մայրաքաղաք հասցնելու դժվարության առջեւ: Սակայն, այս ամենով հանդերձ, Տավուշն ունի զգալի առավելություններ բիզնեսի որոշակի ճյուղերի զարգացման համար՝ բնակլիմայական պայմաններ, հարուստ բնաշխարհ ու հետաքրքիր պատմամշակութային կոթողներ ու տեսարժան վայրեր, հանքային ջրերի առատություն: Ուստի մարզկենտրոն Իջեւանը եւ Դիլիջան քաղաքը կարող են վերականգնել երբեմնի զբոսաշրջության կենտրոններ լինելու իրենց համբավը:
Իսկ թե Տավուշի մարզում գործարար ինչ ոլորտներ են զարգանում եւ ինչ խնդիրների առջեւ է կանգնում գործարարն այստեղ բիզնես ստեղծելիս՝ «Առավոտը» կանդրադառնա առաջիկա համարներում: